ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի. 8: 31- 39
ՅԻՍՈՒՍ ԻՐ ՉԱՐՉԱՐԱՆՔՆԵՐՈՒՆ ԵՒ ՄԱՀՈՒԱՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
31 Ապա սկսաւ սորվեցնել անոնց, թէ «Պէտք է որ Որդին մարդոյ շատ չարչարանքներ կրէ ու երէցներէն եւ քահանայապետներէն ու դպիրներէն մերժուի ու սպաննուի եւ երեք օրէն յետոյ յարութիւն առնէ»։ 32 Ու այս խօսքը յայտնի խօսեցաւ։ Պետրոս մէկդի առաւ զանիկա ու սկսաւ յանդիմանել։ 33 Ինք դարձաւ ու իր աշակերտներուն նայելով՝ յանդիմանեց Պետրոսը ու ըսաւ. «Ետի՛ս գնա, Սատանայ, վասն զի դուն Աստուծոյ բաները չես մտածեր, հապա մարդոց բաները»։
34 Ժողովուրդը իր աշակերտներուն հետ մէկտեղ իրեն կանչելով՝ ըսաւ անոնց. «Ով որ կ՚ուզէ իմ ետեւէս գալ, թող իր անձը ուրանայ եւ իր խաչը վերցնէ ու իմ ետեւէս գայ։ 35 Վասն զի ով որ կ՚ուզէ իր անձը ապրեցնել, պիտի կորսնցնէ զանիկա եւ ով որ ինծի ու աւետարանին համար իր անձը կը կորսնցնէ, պիտի ապրեցնէ զանիկա։ 36 Քանզի ի՞նչ օգուտ է մարդուն՝ որ բոլոր աշխարհը վաստկի եւ իր անձը կորսնցնէ. 37 Կամ իր անձին համար ի՞նչ ազատչէք պիտի տայ մարդ։ 38 Վասն զի ով որ զիս ու իմ խօսքերս դաւանիլը ամօթ սեպէ այս շնացող ու մեղաւոր ազգին մէջ, Որդին մարդոյ ալ զանիկա դաւանիլը ամօթ պիտի սեպէ՝ երբ գայ իր Հօրը փառքովը սուրբ հրեշտակներուն հետ»։ Եւ ըսաւ անոնց. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, որ հոս ներկայ եղողներէն մէկ քանիները կան՝ որոնք մահուան համը պիտի չառնեն, մինչեւ տեսնեն Աստուծոյ թագաւորութիւնը զօրութիւնով եկած»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լո՛ւյս ձեզ, սիրելիներ. Երեկվա սերտողությունը հետաքրքիր տեղում ավարտեցինք, երբ Տէր Հիսուս հարցուփորձ էր անում իմանալու համար, թե մարդիկ կամ աշակերտները ի՞նչ են մտածում Իր մասին, քանի որ պատրաստվում էր աշակերտների համար արդեն բացահայտ խոսել գալիք չարչարանքների մասին: Այսօրվա սերտողության մեջ արդեն բացահայտ խոսում է Աստծու ծրագրի մասին, որին Ինքը հոժարակամ սպասում է: Առաջին անգամ է, որ աշակերտների հետ բացահայտ խոսում է այն մասին, որ մարդու Որդին բազում չարչարանքների պետք է ենթարկվի, անարգվի երեցներից, ու քահանայապետներից, և օրենսգետներից, պետք է մեռնի և երրորդ օրը հարություն առնի: Աշակերտների համար այս տեղեկությունը զարմանալի էր, անհասկանալի էր, և Պետրոսը Մի կողմ տանելով հանդիմանեց Նրան: Իսկ Տէր Հիսուս դարձավ տեսավ աշակերտներին և սաստեց Պետրոսին, ասելով,- ետև՛ս գնա սատանա,, որովհետև դու Աստծու բաները չես խորհում, այլ՝ մարդկանց:
,,Ետևս գնա սատանա,, արտահայտությունից մենք մեծ դաս ունենք սովորելու, քանի որ մենք հաճախ թույլ ենք տալիս, որ սատանան մեր առջևից գնա, մինչդեռ մեր Տէրը հիշեցնում է, որ սատանան միշտ մեր հետևում պետք է լինի, որպեսզի չուղղորդի մեզ, քանի որ մենք պետք է Աստծու հետևից գնանք; Սատանան մեզնից չի հեռանալու երբեք, բայց երբեք էլ թող մեզ չառաջնորդի:
Մարկոս Ավետարանիչը շատ մանրամասներ չի ներկայացնում, դեպքի մասին, սակայն հայտնի է, որ Պետրոսը հավանաբար խնդրում էր Վարդապետին, որ չգնա Երուսաղեմ, որպեսզի այդ բաները իրեն չպատահի: Մարդկային մտածելակերպով սա բնական խոսակցություն է, և մեզնից ցանկացածն էլ այդպես կվարվեր այդ պահին, եթե իր սիրելիին փորձություն սպասվեր:
Նախորդ համարների մեջ իմացանք, որ Երկնավոր Հայրը Պետրոսին հայտնել էր, որ Հիսուսն է Օծյալ Փրկիչը, սակայն դեռ ինչքա՛ն բաներ կային, որ Պետրոսին հայտնի չէր որպես պարզ մարդ: Հենց այդ պատճառով էր, որ մեր Տէրը Պետրոսին ասաց, թե, ո՛չ ոքի ոչինչ չասեք Իմ մասին, որովհետև Պետրոսը կարող էր իր պարզ մարդկային մտածելակերպով ներկայացնել Քրիստոսի աստվածային էությունը: Իսկ Տէր Հիսուս ուզում էր աստիճանաբար բացել մարդկանց համար Իր աշխարհ գալու նպատակը՝ ըստ հերթականության, նախ՝ չարչարանք, հետո խաչ, մահ ու հարություն:
Տէր Հիսուսի խոսքերը՝ ուղղված Պետրոսին, միանգամայն հասկանալի է, որ սատանա ասելով նկատի ուներ փորձիչ բառը, որով Պետրոսը փորձում էր կանխել եղածը: Ուշադրություն դարձրեք, սիրելիներ, երբ Պետրոսը դավանեց Հիսուսին՝ որպես օծյալ Փրկիչ, Վարդապետն ասաց, որ այդ խոսքերը դու քեզնից չասացիր, այլ Իմ Հայրը քեզ լուսավորեց: Իսկ երբ Պետրոսն ասում է, թող դա քեզ չպատահի, Պետրոսին ասում է, որ դու Աստծու բաները չես խորհում, այլ մարդու: Այսինքն՝ Քրիստոսին Աստծու Որդի դավանելը Աստծուց է: Աստծո՛ւց է նաև Քրիստոսի չարչարանքները դավանելը մարդու փրկության համար:
Այստեղ է, որ մեզ համար անհասկանալի է Աստծու գործելաոճը; Երբ մեզ մի փորձություն է պատահում, անպայման ասում ենք, ինչո՞ւ Աստված թույլ տվեց, որ այս բանը պատահի: Սակայն երբե՛ք չենք հիշում Ավետարանի այս հատվածը, որ Աստված ավելի ծանր փորձություն թույլ տվեց Իր Որդու համար, քանի որ նպատակն է բարի աշխարհի մարդկության համար: Եթե մենք ցանկացած փորձության ժամանակ հիշենք Ավետարանի այս հատվածը, մենք էլ մեր փորձության նպատակը կփնտրենք, ո՛չ թե վնասը, որը մեզ ավելի շատ է հետաքրքրում:
Աստված Իր անմեղ Որդու համար նախապատրաստել է ամենածանր չարչարանքները, որպեսզի դրանով Նա քավի մեղավոր մարդկանց մեղքերը և ապահովի նրանց փրկությունը: Այսինքն մարդկային ցեղի գործած մեղքերի համար Աստծու Անմեղ Որդին պետք է խաչը բարձրանա բազում չարչարանքներից հետո; Մարդը մեղանչում է, նրա փոխարեն պատժվում է Արդարը, Անարատը, Անմեղը, որովհետև այդպիսին միայն Աստված է, որ կարող է վերացնել մեղքը: Մեղավորը մեղավորի համար չի կարող պատիժ կրել:
Տէր Հիսուս սպասում էր, որ ժողովուրդը կասի՝ Դո՛ւ ես սպասված Օծյալ Փրկիչը, որին դարերով սպասում էինք: սակայն չեղավ այդպիսի պատասխան; Միայն Պետրոսը համարձակվեց ասել այդ մասին:
Սակայն Պետրոսը և նույնիսկ մյուս աշակերտները եթե մեկական աստվածաբաններ լինեին, դարձյալ չպիտի հասկանային, թե ի՞նչ է կատարվելու, կամ ինչո՞ւ է կատարվելու: Քանի որ սպասված Մեսիան, որը թագավորելու է Իսրայելի վրա, ինչպե՞ս կարող է չարչարվել, ու մեռնել: Անհավանական է թվում բոլորի համար, նաև անհասկանալի է մեզ համար: Հավատքը այստեղ է պետք, որ մենք ո՛չ թե խղճանք խաչված Քրիստոսին, այլ՝ չհասկանալով կամավոր խաչելության վեհությունը, սիրե՛նք Աստծուն, քանի որ մեզ համար եղավ այդ բոլորը, որպեսզի մենք կորստյան չմատնվենք: եթե Քրիստոս չմեռներ ու հարություն չառներ, բոլորս էինք մեռնելու առանց հարության: Հետևաբար մենք մեր չհասկացած աստվածային խորհուրդների մեջ միամիտ լինենք և ընդունենք, որ ավելի դժվար է հասկանալ մի իրականություն, որի մեջ ապրում ենք մենք: Այդ իրականությունն այն է, որ գիտենք որ Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար, իսկ մենք դարձյալ ապրում ենք մեղքի մեջ; Մի՞թե սա հասկանում ենք: Ո՛չ, սա էլ չենք հասկանում: Եթե հասկանայինք, երես կդարձնեինք մեղքից՝ Քրիստոսի խաչելության մասին իմանալուց անմիջապես հետո: Իսկ մենք և՛ գիտենք որ մեր փրկությունը կախված է մեղքից հեռանալուց, և ապրում ենք մեղքի մեջ, ամեն օր հետաձգելով մեր ապաշխարության գործընթացը: հետևաբար շատ բաներ մեր կյանքից չենք հասկանում, էլ ուր մնաց աստվածային խորհուրդները մեզ համար ամբողջությամբ հասկանալի լինեն:
Այս սարսափազդու լուրերը աշակերտներին հայտնելուց հետո, նրանց առջև պայմաններ է դնում և խոսում է ավելի դժվար հասկացվող բաների մասին; Ինքը դեռ աշակերտների առջև կանգնած է, աշակերտներին առաջարկում է ուրանալ իրենց անձը, վերցնել խաչը և գնալ Իր հետևից: Ինչպե՞ս կարող էին աշակերտները այդ պահին հասկանալ այդ խոսքերը՝ հատկապես խաչի մասին, կամ անձը ուրանալու մասին; Աշակերտները հավանաբար այդ պահին իրենց մտքում մտածում էին, ավելի լա՛վ էր մենք մեր ձկնորսությամբ զբաղվեինք ու այս խառը պատմությունների մեջ չընկնեինք: Սա էլ է բնական մտածմունք, երբ ենթական չի տիրապետում իրավիճակին, գերադասում է հեռանալ այդտեղից:
Այս երևույթը կարելի համեմատել այն մարդկանց դիրքորոշման հետ, որոնք ասում են Պատարագը չե՛նք հասկանում, Աստվածաշունչը չե՛նք հասկանում և կամավոր հրաժարվում են թե՛ մեկից, թե՛ մյուսից;
Սակայն Մեր քաղցր Տէրն ասում է,- Ո՛վ մինչև վե՛րջ համբերի, նա՛ կփրկվի: Եթե թարգմանենք Քրիստոսի այդ խոսքերը, ապա մոտավոր այսպիսի առաջարկություն կլինի,- վերցրեք այն փամփուշտը, որով կրակելու են ձեզ և եկեք իմ հետևից: Վերցրեք այն սուրը, որով ձեզ պիտի սպանեն, և եկեք իմ հետից, որովհետև ով կամենա իր անձը ազատել, նա կկորցնի, իսկ ով Ավետարանի համար իր անձը կորցնի, պիտի ազատի այն; Դուք հավանաբար հիշում եք Մատթևոսի Ավետարանի սերտողությունից, երբ Ալեքսանդր Մակեդոնացին իմաստունին հարց է ուղղում,- Ի՞նչ պետք է անել, հավիտյան ապրելու համար, իմաստունը պատասխանում է,- հավիտյան ապրելու համար պե՛տք է մեռնել: Ինչպես որ իմաստուններն ասում են նաև, որ չարագործները այս կյանքում թեպետ ապրում են, սակայն մեռած են; Իսկ բարեպաշտները թեպետ մեռած են արդեն, սակայն ապրում են; Տէր Հիսուս այստեղ շեշտը դնում է մի կարևոր գաղափարի վրա: Կյանքը տալ ո՛չ թե ինչ որ կրոնի, կուռքի, իդեալի համար, այլ՝ Ավետարանի և Հիսուս Քրիստոսի ծառայության; Որովհետև եթե նույնիսկ ամբողջ աշխարհը շահես առանց Քրիստոս, միևնույն է հոգիդ կկորցնես: Որովհետև երբ մարդը հոգին հանձնելու լինի, աշխարհի ունեցվածքը իր հետ չի լինելու: Կկորի ինչպես ունեցվածքը, այնպես էլ մարդու հոգին; Հետևաբար ո՛ւմ համար իր հոգին թանկ է, նա գտնում է Հիսուս Քրիստոսին, վերցնում է իր խաչը և ուրախությամբ գնում է Նրա հետևից ամեն տեղ դավանելով ու վկայելով Քրիստոսի խոսքը: Այսպիսի մարդուն Երկնավոր Հայրը ցույց է տվել Իրեն և բացահայտել է փրկության գաղտնիքը: Փառք Աստծու այսպիսի մարդկանց համար, որ գոյություն ունեն և թող շատանան;
Եվս մեկ կարևոր զգուշացում է անում աշակերտներին Իր մասին վկայելու վերաբերյալ այդ շնացող ու մեղավոր ազգի մեջ: - Ո՛վ ամոթ համարի Ինձ ու Իմ խոսքերը այս շնացող ու մեղավոր ազգի մեջ,- ասում է Տէր Հիսուս,- Մարդու Որդին է նրան պիտի ամաչեցնի, երբ գա հրեշտակների հետ Իր Հոր փառքով: Այս խնդրին հավանաբար շատ շատերն են առնչվել, երբ սկսել են ավելի շատ հետաքրքրվել Աստվածաշնչով և Աստծուն վերաբերող թեմաներով; Միշտ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են համոզել, որ պետք չէ շատ խորանալ, մի կյանք ես ապրում, կեր խմի քեֆ արա; Ո՛չ մի մեռած դեռ հետ չի եկել, այնպես որ քո համար մարդավարի ապրիր քո կյանքը,: Բոլորս էլ գիտենք , որ Աստված կա, և դա բավական է: Մեր Տիրոջ խոսքը այսպիսի մարդկանց մասին է: Սա մեծ գայթակղություն է միամիտ մարդու համար: Եթե մարդը ամաչի և հետ կանգնի իր աստվածահաճո ճանապարհից՝ այդ խոսքերի պատճառով, և կամավոր մեղանչի, ապա Աստված էլ նրան կամաչեցնի իր Գալստյան օրը Տիեզերքի մեծ հրապարակում:
Իր խոսքի ավարտին Տէր Հիսուս Քրիստոս ևս մեկ խորհրդավոր միտք արտահայտեց, որը աշակերտներին դարձյալ անհասկանալի թվաց, ինչպես և նախորդները: Ութերորդ գլուխն ավարտվում է այդ հուսադրող խոսքերով, թե,- Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչև որ տեսնեն Աստծու արքայությունը՝ զորությամբ եկած:
Թե ի՞նչ հասկացան աշակերտները այս խորհրդավոր մտքից, մենք կիմանանք վաղը, իսկ այժմ ավարտենք մեր սերտողությունը ա՛յն հույսով, որ մենք էլ նրանց մեջ ենք, որոնք մահ չեն ճաշակելու, մինչև չտեսնեն Աստծու Արքայությունը իրենց ներսում:
Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը, և Սուրբ Հոգու ուրախությունն ու խնդությունը ձեզնից յուրաքանչյուրի հետ լինեն ձեր քրիստոնեական կյանքի ճանապարհին, և Նրան փառք Հոր և Սուրբ Հոգու հետ միասին;
Հարց. Ո՞րն է խաչը վերցնել և Հիսուսին հետևելու առաջին պայմանը.