ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ Հիսուս Քրիստոս` բարերար, ողորմած, մարդասեր, անոխակալ և անհիշաչար, ընդունի՛ր իմ աղոթքներն ու խնդրվածքները, որ պաղատում և հայցում եմ
Քեզանից ինձ ու բոլոր հավատացյալների համար:
Երես մի՛ թեքիր աղերսողիցս, այլ խոնարհվի՛ր դեպի աղաչանքներս և լսի՛ր ինձ, Մարդասե՛ր, ցո՛ւյց տուր իմ հանդեպ Քո ընտանի մարդասիրության ողորմությունը և խնայի՛ր ինձ՝
Քո մեղանչած ծառային:
Կարգի՛ր Քո աջակողմյան դասում և մի՛ դասիր ձախակողմում` ուլերի հետ, որոնք զայրացրին Քեզ, և մի՛ պահանջիր ինձնից հանցանքներիս անհամար պարտքերը: Եվ այնժամ
մի՛ դատապարտիր մեղավորիս, և անաչառ ատյանում թող հայտնի չդառնան ամբարիշտիս ծածուկ հանցանքները հրեշտակներին ու հրեշտակապետերին և Քեզ սիրող բոլոր սրբերին:
Այլ հաղթվելով Քո մարդասիրությամբ՝ այցելությո՛ւն արա Քո մեղանչած ծառայիս և մի՛ հատուցիր ինձ ըստ իմ չար գործերի:
Մի՛ հրամայիր կապված ոտքերով ու ձեռքերով հանել արտաքին խավարը, ուր աչքերի լաց է և ատամների կրճտում, այլ ըստ Քո գթության, բարերարության և անհիշաչարության,
ողորմի՛ր ինձ` բազմամեղիս:
Այն օրը ազատի՛ր հավիտենական ամոթից և փրկի՛ր ինձ անվախճան տանջանքներից ու աններելի պատուհասից: Բա՛ց արա ինձ Քո ողորմության դուռը և մի՛ փակիր դուռը Քո արքայության, Տե՛ր իմ, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ Հիսուս Քրիստոս:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: 39 Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: 40 Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հայրենակիցներ, ամեն օր, երբ պատրաստում եմ ուղիղ եթերի նյութը, մտածում եմ ի՞նչ մաղթանքով սկսեմ խոսքս, որ այժմեական լինի, լսելի լինի և ամենակարևորը՝ հոգեշահ լինի: Բայց ամեն օր գալիս եմ նույն համոզման, որ մաղթանքս մեկն է՝ Աստծո խոսքը լսելու ականջ ունեցեք, Աստծու կամքը կատարելու խոնարհություն ունեցեք և լսած խոսքը գործի վերածելու պատրաստակամ ձեռքեր ունեցեք: Որովհետև ամեն ինչի հիմքը Աստծու խոսքով է ամուր: Ո՛չ միայն դուք, որ ինձ լսում եք, այլ նաև ամբողջ աշխարհի ընթացքը կարող է փոխվել կործանումից, եթե այսօր կատարեն Աստծո խոսքը: Ես չգիտեմ, թե քանի՞ հոգի է լսում մեր ուղիղ եթերը, անշուշտ կուզեի, որ բոլոր գրանցված ընկերները լսեն, բայց իմ պարտքը Աստծու խոսքը ձեզ հասցնելն է, իսկ ձեր պարտքը՝ այն լսել և կատարելն է: Նաև այլոց փոխանցելն է, որպեսզի Քրիստոս քայլի բոլորիս միջոցով՝ բոլորիս մեջ:
Եթե ձեզնից մեկը նույնիսկ այսօր սկսեց հետևել Աստծո խոսքին, նա մտնում է այն ցուցակի մեջ, որոնց մասին մեր Տէրն ասաց, ո՛վ ականջ ունի լսելու, թո՛ղ լսի: Թզենին անիծվեց անպտուղ լինելու համար, քանի որ այն տնկվել էր հողում և հող էր զբաղեցնում, ուրեմն պետք է պտուղ տար: Չոր ծառը կտրվեց և հնոցը նետվեց, որովհետև այլևս պտղատու չէր; Ինչպես բնության մեջ, նույնպես և մարդկության մեջ Աստված նպատակ է դրել, առաքելություն է դրել և կոչում է դրել: Իսկ Աստծու պահանջ նույնն է՝ երեկ, այսօր, և հավիտյան,որն ասում է.,- Ո՛վ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, Ե՛ս էլ նրան կխոստովանեմ Իմ Հոր առաջ, որ երկնքում է: Իսկ ո՛վ Ինձ ուրանա մարդկանց առաջ, Ե՛ս էլ նրան կուրանամ Իմ Հոր առաջ, որ երկնքում: Ավելի պարզ ձևակերպում, կարծում եմ հնարավոր չէ՛ր:
Ամեն մարդ մի առաքելությամբ է աշխարհ գալիս: Ամեն մարդ մի պարտականություն ունի՝ հավատարիմ լինել իր առաքելության մեջ: Մեկը չի կարող մյուսի գործը որակյալ կատարել, յուրաքանչյուրը հազիվ կարողանա իր պարտականությունը կատարել հավատարմորեն: Աստվածաշնչում մենք բազում օրինակներ ունենք կանչվածների մասին, որոնք հավատարիմ եղան իրենց առաքելության մեջ:
Դուք կարծում եք Հիսուս Քրիստոս չէ՞ր կարող կանխել Հովհաննես Մկրտչի գլխատումը, անշո՛ւշտ կարող էր; Բայց Հովհաննես Մկրտիչը առաքելություն ուներ երկրի վրա, նա Տիրոջ ճանապարհը պետք է հարթեր ժողովրդի առջև: Եկավ, իր առաքելությունը կատարեց, քարոզեց արդարությամբ, հանդիմանեց մեղավորին՝ քաջությամբ, և գլխատվե՛ց ամբարտավանությունը մատնացույց անելու համար, և Ավետարանում հիշվում է որպես՝ Տիրոջ ճանապարհը հարթող արդար նահատակ: Տէր Աստված, եթե շնորհ գտանք Քո առջև, տուր մեզ Հովհաննես Մկրտչի արդարությունն ու քաջությունը՝դեմ կանգնելու մեղքին, և չլռելու անարդարության դեմ:
Սիրելիներ, Հուդան նույնպես առաքելությամբ էր եկած: Նա էլ իր առաքելությունը կատարեց, և ինքը չկարողացավ իր արարքը ներել և ինքնասպան եղավ հուսահատությունից: Մինչդեռ եթե զղջար իր արաքը, կներվեր նաև ինքը՝ ինչպես որ ներվեց Պետրոս առաքյալը: Աստվածաշնչյան ամեն կերպար օրինակ է մեզ համար մեր հարաբերությունները Աստծու հետ շիտակ կառուցելու համար: Այո, ամեն մարդ աշխարհ է գալիս մի առաքելությամբ, և նրա գործերից է հայտնի դառնում, թե նա ո՞ւմ էր ծառայում, Աստծո՞ւն, թե սատանային: Տէ՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, բոլորս ենք մեղավոր Քո առջև, սակայն զորացրո՛ւ մեզ, որպեսզի մեղանչումից հետո հուսահատության մեջ չհայտնվենք, և կրկնակի չմեղանչենք Քո Առջև: Մենք այսօր մեր հավատքով լեռներ տեղափոխելու կարիք չունենք, բավական է մեր կյանքի օրինակով մեկին կարողանանք դեպի Քրիստոս դարձնել, արդեն բավակա՛ն է: Եթե մենք միայն ներել սովորենք Քրիստոսից, արդեն մեր մեղքի լեռը շարժած կլինենք: Ամեն օր կրկնում ենք Տերունական աղոթքի այն ազդեցիկ տողերը, առանց անդրադառնալու, որ մենք չենք ներում մեր դեմ մեղանչածներին: Նաև համարձակություն չունե՛նք, որ ասենք, Տէ՛ր, ինչպես որ ես եմ ներում, այնպես էլ Դու ինձ ներիր իմ մեղքերը:
Երբեմն մարդիկ խորհրդատվության համար դիմում են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, կամ իրավաբաններին: Կարդացեք Աստվածաշունչը և ծանոթացեք ձեր իրավունքների և պարտականությունների հետ, որոնց մասին առավել ճշգրիտ է գրված, քան ցանկացած օրենքում:
Այսօրվա Ավետարանի պատգամը հստակ պատվիրան է, որը շատերի կողմից ճիշտ չի ընկալվում: Իսկ նրանք, որոնք հասկացել են խորապես, սիրով են պահում այդ պատվիրանը, առանց մերժելու իրենց հարազատներին, այլ հակառակը՝ առավել են սիրում նրանց: «Ո՛վ իր հորն ու մորը, դստերը կամ որդուն ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ»: Հստակ է պահանջը: Երբ մեր հարազատին սիրում ենք առանց Աստծուն սիրելու, ամենափոքր սխալի դեպքում վիրավորում ենք միմյանց, նեղանում ենք իրարից, տարիներով խռով ենք մնում, հետո հաշտվում ենք, մի ուրիշ առիթով նորից է կրկնվում նույն երևույթը, որովհետև մեր սերը պայմանավորված է կենցաղային հարաբերություններով: Իսկ երբ Աստծուն ենք տալիս նախապատիվ տեղը, Աստծու պատվիրանները մեզ օգնում են սիրել մեր հարազատին՝ այնպես ինչպես որ կա, նրա մեջ առավել փնտրելով Աստծու պատկերը, քան մեղքը: Մեղանչում ենք բոլորս, տարբեր մակարդակների վրա: Այս պատվիրանը՝ «ինձ արժանի չե՛ք», բխում է մեր շահերից, և միայն մեր շահերից:
Այլապես Աստծու ինչի՞ն է պետք, որ մարդը իրեն սիրի առավել: Աստծու գերակա սերը մեզ օգնում է կրել մեր խաչը, որը մեր դժվարությունն է, օգնում է ուրանալ մեր անձերը, որի հպարտության պատճառով ամեն քայլափոխի ընկնում ենք մեղքի մեջ: Իսկ Աստծու խոսքը մեր խոսքից առաջ և Աստծուն՝ մեզնից բարձր դասելը կարգավորում է մեր կյանքի բոլոր խոչնդոտները: Խոսել Աստծու մասին, և կատարել սեփական կամքը, նշանակում է կապ հաստատել բոլոր փորձությունների հետ: Խոսել Աստծու մասին, կատարել Նրա կամքը՝ նշանակում է հաշտ ապրել ընտանիքում, միջավայրում, ծառայության վայրում: Ոչ թե նրա համար, որ խոչնդոտներն ու փորձությունները վերանում են, ո՛չ, քավ լիցի, հակառակը ավելանում են: Ուղղակի Աստծու հետ ներդաշնակ ապրող մարդը արագ է գտնում ելքը Ավետարանի լույսի տակ; Գիտե, որ իր ընտանիքում կամ միջավայրում բոլորը չեն, որ նույնությամբ են հավատում: Ըստ այն խոսքի, որ ասում է մեր Տէրը, թե՝,- Մի կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա, քանի որ եկա, որ որդուն բաժանեմ հորից և դստերը՝ մորից, հարսին՝ սկեսուրից:
Ինչո՞ւ է այսօր ընտանիքներում նմանատիպ բաժանումներ լինում, բոլորս էլ ականատես ենք լինում, թե ինչպես են բաժանվում հայրը որդուց, մայրը դուստրից, հարսը՝ սկեսուրից: Որովհտև չեն տիրապետում Աստծու զորավոր խոսքի ուժին և համբերատարությանը: Այստեղ է, որ Տէր Հիսուս ասում է,- եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք... Երբեմն զարմանում ենք այս խոսքը լսելիս, կարծելով, որ մեր հավատքը առավել է մանանեխի հատիկից; Սակայն առաջին պատահած փորձությունը մեզ ապացուցում է, որ մեր հավատքը մանանեխի հատի չափ:
Աստծու խոսքը թույլ է ազդում մարդկանց վրա երկու պատճառով: Նախ՝ քրիստոնյայի անձնական օրինակը տկար է միջավայրում, երկրորդը՝ քրիստոնեությունը ամբողջ աշխարհում չի քարոզվում հավուր պատշաճի: Չհաշված առանձին անհատների, որոնք հավատարիմ են իրենց առաքելությանը, որոնց բոլորս էլ ճանաչում ենք որպես Քրիստոսի քաջ զինվորների: Օրերս լսում էի մի պրոֆեսոր աստվածաբանի՝ ուղղափառ եկեղեցուց, որը մշտապես մասնակցում է համաշխարհային էկումենիկ ժողովների և քրիստոնեական կոնֆերանսների: Բացահայտ պատմում է, որ այդ կոնֆերանսներում և ժողովներում քննարկվում է ամեն ինչ, բացի քրիստոնեությունից; Ժողովի օրակարգում լինում են հարցեր նվիրված քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, մշակութային, գիտության, կրթության, երգ երաժշտության և այլն: Այսինքն ամեն ինչի մասին, բացի քրիստոնեությունից: Ավարտին աստվածաբանը զարմացած հարց է տալիս,- մի՞թե Քրիստոս սրանց համար եկավ աշխարհ; Մի՞թե նույնն է, ինչ որ հռոմեական կայսրության մեջ՝ վայելք և հաճույք ստեղծեք և մարդը երջանիկ կլինի: Մարդկային որոշումները այստեղ են հասցրել քրիստոնեությունը: Սա կատարվում է համաշխարհային մակարդակով, որից շատերս նույնիսկ լուր չունենք նույնիսկ: Բայց աշխարհի նենգադավ իրադարձությունների արդյունքները գալիս են փաստելու, որ քրիստոնեությունը չի քարոզվում, և բացի նրանից որ չի՛ քարոզվում, սկսվում է հալածանքը քարոզողների դեմ, և հատկապես այն երկրների, որոնք դեռ քրիստոնյա են:
Աստծու խոսքը անխախտ է բոլոր դարերի համար, բոլոր ազգերի համար և բոլոր իրավիճակների համար; Եզեկիելի մարգարեության մի կարևոր հատվածով ավարտեմ միտքս: Մարգարեի բերանով Աստված ասում է. «Մարդո՛ւ որդի, եթէ մի երկիր մեղանչելով մեղանչի իմ դէմ, ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ, խորտակելու եմ նրա հացի պաշարը, նրա վրայ սով եմ արձակելու եւ նրա միջից վերացնելու եմ մարդ ու անասուն։ Եւ եթէ այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Յոբն ու Դանիէլը, նրանք իրենց արդարութեան համար փրկուելու են», - ասում է Ամենակալ Տէրը»։ Կարևոր համար է կարող եք կարդալ: Եզեկ.14:14 Հետևաբար, սիրելիներ յուրաքանչյուրս ջանանք մեր անձի փրկության համար, մեր արդարություն ձեռք բերելու համար, ինչպես որ այն երեք սրբերը փրկվեցին իրենց արդարության համար:
Մնացեք սիրով՝ Աստվածաշնչին կառչա՛ծ, մեղքից հեռո՛ւ, աղոթքի՛ն մոտ:
Այսօրվա հարցը՝ Հին Կտակարանի մարգարեներից մեկը «Լալկան» կոչվեց: Ո՞վ է այդ մարգարեն: