ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունի՛ր
աղաչանքներս, կատարի՛ր խնդրվածքներս և նրանով զորացրո՛ւ ինձ իմ կոչման մեջ,
որի համար կանչվեցի, և Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տո՛ւր ինձ նրանով
զորություն և ժուժկալություն, զգաստություն առողջություն և պահպանություն իմ
անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս,
գործերում և տքնություններում, աղոթքի ու պահքի մեջ, նաև՝ Քո կամքը կատարելիս:
Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ: Զարդարի՛ր ինձ
սրանով` իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով: Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը`
սուրբ Խաչդ երևալիս, լուսավորի՛ր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ
Փեսայիդ ընդառաջ՝խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և
հրեշտակների գնդերին:
Եփրեմ Ասորի
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 13.10-17
Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր: 11 Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում: 12 Եւ Յիսուս, նրան տեսնելով, կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»: 13 Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս: 14 Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչու Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ պատշաճ է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ՝ շաբաթ օրը»: 15 Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու: 16 Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, մի՞թէ պատշաճ չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»: 17 Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի ներկաներ և առավել ևս բացականեր, որ չեք լսում մեր ամենօրյա պատգամը: Եկեղեցականի քարոզը լսում են նրանք, որոնք եկեղեցում են, կամ ուղիղ եթերներին ներկա են: Ավետարանի պատգամը դուրս է մնում այն մեծամասնության ականջից, որոնք Պատարագի չեն մասնակցում, հոգևոր տեսանյութեր չեն լսում; Մեր խնդիրը այստեղ է, այսինքն 99 ի ականջը ինչ որ ձևով լսում է հոգևոր պատգամ Ավետարանից, խոսքը այն կորած մեկի մասին է, որ մեր Տերը փնտրելու եկավ: Ինչպե՞ս այս մարդկանց հասցնել Ավետարանական ճշմարտությունները, երբ եկեղեցի չեն գնում, որևէ հոգևոր քարոզ չեն լսում; Եթե դուք կարող եք առաջարկել տարբերակներ, սիրով կլսեմ ձեր առաջարկները: Երբ անձը հետաքրքրված չէ իր փրկությամբ, ինչպե՞ս վարվել նրա հետ;
Տէր Հիսուս Իր աշակերտների հետ քաղաքներով շրջում էր ուսուցանելու համար, իսկ շաբաթ օրերը ժողովարան էր գնում՝ բազմությանը քարոզելու: Այս պարագայում կարծես թե շատ մարդ դուրս չէր մնում ուշադրությունից: Մեր ժամանակները ուրիշ է, քաղաքներում և գյուղերում կան բազմաթիվ եկեղեցիներ, ուղղակի մարդկանց մոտ հետաքրքրություն չկա հոգևորի նկատմամբ: Պատճառը իմ կարծիքով նրանում է, որ մարդը խորապես չի գիտակցում իր մեղավոր լինելը, եթե գիտակցում է, ուրեմն խորապես չի գիտակցում զղջման և ապաշխարության անհրաժեշտությունը, այդ պատճառով էլ եկեղեցի գնում է տարին մի քանի անգամ՝ տաղավար տոներին, կամ՝ երբ որ հրավիրված է լինում բարեկամի մկրտությանն ու պսակի խորհրդին: Այս երևույթը մեր եկեղեցու մեծագույն խնդիրն է, որի լուծումը առայժմ հայտնի չէ, բայց վնասը տեսանելի է ամենուրեք;
Այնքան ժամանակ, քանի դեռ մարդը չի զգում իր հիվանդ լինելը, չի դիմում բժշկի: Նույնը այն մարդիկ են, որոնք եկեղեցի գնում են, երբ իրենց մի բան է պետք՝ նյութական օգնություն, հոգևոր օրհնություն, օրհնված մասունքներ, և այլն: Սրանք բարեպաշտական սովորություններ են, բայց փրկության հետ կապ չունեն: Փրկության ճանապարհը անցնում է ապաշխարության ու զղջման միջով, որքան էլ որ անցանկալի լինի, այսպես է: Խաչելությունից ծանր ու դժվար պատիժ չկա, բայց Տէր Հիսուս, որ արդար էր, կամավոր գնաց դրան հանուն համայն մարդկության փրկության: Սակայն յուրաքանչյուր մարդ իր գործած մեղքի համար պետք է ապաշխարի ու զղջա: Ապաշխարությունն ու զղջումն էլ ոչ թե խաչելությամբ է, այլ սրտանց զղջմամբ, բերանով խոստովանելով և թողություն ստանալով: Վստահ եմ, որ ներկաներդ գիտեք այս բոլորի մասին, բայց դուք, որ գիտեք այս բոլորի մասին, ձեր պարտականությունն էլ այլ է: Դուք պետք է կարողանաք ձեր տան անդամներին ու բարեկամներին հիմնավոր բացատրել ապաշխարության անհրաժեշտության մասին և մոտալուտ փրկության մասին, քանի որ մարդու կյանքի տարիները այնքան արագ են անցնում, որ մարդը չի հասցնում աչք բացել արդեն չափահաս է, և մեկ էլ տեսնում ենք, որ արդեն ծերության նշաններն են հայտնվում: Մեծ առումով ծերության այդ նշաններն էլ գալիս են ասելու, - ո՛վ մարդ, ապրեցի՛ր կյանքդ քո կամքով, հիմա պատրաստվիր հանդիպելու քեզ կյանք Պարգևողի հետ, որը քեզնից առողջ հոգի է պահանջում; Իսկ ապաշխարությունը մեկանգամյա արարողություն չե, որ կատարես վերջանա, դա ամբողջ կյանքի համար է: Քանի որ մարդը որքան ժամանակ որ ապրում է, ենթակա է մեղք գործելու:
Իսկ ինչքան մեղք գործեց, բոլորի համար պետք է ապաշխարի: Մեր օրերում սրբեր չկան, որ մկրտությունից հետո այլևս չմեղանչեն ոչ մի բանում՝ ո՛չ խոսքով, ո՛չ գործով, ո՛չ մտքով: Այդ պատճառով որքան շուտ, այնքան հեշտ է սկսել ապաշխարության գործընթացը, իսկ այդ գործընթացը իր մեջ պարունակում է զղջում, խոստովանություն և հատուցում: Անշուշտ հատուցումը դատ ու դատարանով չէ, այլ խոստովանահոր նշանակած հատուցմամբ, որը կախված է մեղքի ծանրությունից: Երանի բոլոր հատուցումները ավարտվեր Աստվածաշնչի ընթերցմամբ և սերտողությամբ:
Այսօրվա Ավետարանի պատգամը նույնպես մեղավոր մարդու ազատագրումն է չարի ձեռքից, որին տասնութ տարի բռնած էր պահում չար դևը և կուչ եկած էր ու ամենևին վեր նայել չէր կարողանում կինը: Ուշադրություն դարձնենք կուչ եկած կնոջ վիճակի վրա, այսինքն կինը կարող էր միայն իր ոտքերի տակ տեսնել և ուրիշ ոչինչ: Փաստացի այս դեպքում չարը 18 տարի այս կնոջը պահել էր այս վիճակում, զրկելով նրան գլուխը վեր բարձրացնելու և Աստծու փառաբանելու թերևս ամենակարևոր շնորհից: Ավետարաններում հանդիպում ենք այլ դեպքերի, որոնց ևս չար դևը բռնած է պահում՝ մեկին կուրությամբ, մեկին՝ համրությամբ, մեկին՝ խուլությամբ, մեկին՝ անդամալուծությամբ, և այլն; Ի՞նչ է այստեղ մեր սովորելու դասը:
Մեղքի ճանապարհով գնացող մարդուն չարը կաշկանդում է տարբեր եղանակներով, զրկելով նրան Աստծուն փառաբանելու հնարավորություններից, մեկին՝ խոսելու, մեկին՝ լսելու, մեկին տեսնելու, մեկին՝ քայլելու և այլն: Տէր Հիսուս նկատեց կուչ եկած կնոջը և հրավիրեց իր մոտ, ձեռքը դրեց նրա վրա և կինը ուղղվեց: Կնոջ առաջին գործը եղավ Աստծուն փառաբանել՝ վեր նայելով, ինչից զրկված էր երկար տարիներ: Ի՛նչ երջանկություն: Նույն ժողովարանում 18 տարի ո՛չ ոք չէր նկատել նրան, գուցե նաև համայնքը չէ՛ր աղոթել նրա համար, մեզ հայտնի չէ: Բայց կինը ազատվեց չարի ճանկերից մի ակնթարթում: Ավետարանի շատ մեկնիչներ այս հատվածը սերտելիս, ասում են որ 18 թիվը խորհրդանշական թիվ է, որն իր մեջ պարունակում է երեք վեցեր, այսինքն սատանայի թիվը: Չարը՝ որ բռնել էր նրան; Բայց սա էական չէ մեզ համար, մեզ համար էականն այն է, որ Տէր Հիսուս նկատեց բռնված կնոջը և բուժեց, իսկ կինը փառավորում էր Աստծուն:
Մենք երեկ սովորեցինք նաև, որ Ավետարանը կարդալիս, մի պահ կանգ առնենք և մեզ տեսնենք այդ իրադարձության մեջ, և ստեղծենք մի փոքրիկ աղոթք մեզ համար, որպեսզի ավելի տպավորիչ լինի կարդացածը: Հիմա պատկերացնենք, որ մենք այդ ժողովարանում ենք և կանգնած ենք Տէր Հիսուսի առջև: Ստեղծենք ենք մեր փոքրիկ աղոթքը և շարունակենք կարդալ: Տէ՛ր Հիսուս Քրիստոս, ե՛ս էլ այս կնոջ պես կուչ եկած վիճակում եմ, և միայն իմ գործերին եմ նայում, իմ կենցաղային խնդիրներն եմ լուծում և աղոթքի համար ժամանակ չեմ ունենում: Ազատիր նաև ինձ, ինչպես ձեռք դրեցիր այդ կնոջ վրա և նա բժշկվեց;
Վստահեցնում եմ ձեզ, սիրելիներ,- որ այսպիսի աղոթքները նախ՝ տպավորիչ են դարձնում կարդացածը, հետո սովորում ենք ի՞նչ խնդրել Աստծուց, և գլխավորը, որ մեզ հեռու չնկատենք չարից բռնված մարդկանցից: Մենք էլ մեր ժամանակաշրջանի չարից ենք բռնված, որոնցից մեկն էլ նորագույն տեխնիկայի ժամանցային ծրագրերն են և նմանատիպ զբաղմունքները, որոնք դարձնում են մեզ կուչ եկած կնոջ նման, գամում են բազմոցի վրա ժամերով և մոռացնել են տալիս աղոթքի, Սուրբ Գրքի և հոգևոր կյանքի մասին;
Եվս մի կարևոր հանգամանք կա այս դրվագում, որը նկարագրում է միա՛յն սիրելի Ղուկաս Ավետարանիչը, ելնելով իր մասնագիտությունից, որ բժիշկ էր: Երևի ամենաշատը Ղուկասն էր ուրախացել, քանի որ իր բժշկական փորձառության մեջ նման դեպք չէր արձանագրվել, որ այդպիսի հիվանդությունը ակնթարթորեն կարող է բուժվել: Շատերը ուրախացան կնոջ բժշկության համար, մենք էլ ուրախացանք, բայց ժողովարանում կար մեկը, որը չուրախացավ, այլ հակառակը՝ բարկացավ: Դա ժողովրդապետն էր, որ հանդիմանեց նախ՝ Հիսուս Քրիստոսին, շաբաթ օրով բուժելու համար, ապա՝ մեղադրեց հիվանդ կնոջը՝ մնացած օրերին բժշկություն չխնդրելու համար: Ժողովրդապետ տիտղոսը արդեն հուշում է մեզ, որ նա կարգված էր ժողովրդի վրա հսկելու, նրա կարիքները հոգալու, և մեր լեզվով ասած՝ տիրություն անելու համար: Բայց արի ու տես, որ առաջին բարկացողը ինքը եղավ այս հրաշքից: Ինչո՞ւ: Շատ զարմանալի է: Այս ժողովրդապետը փարիսեցիների շարքից էր, և նա նույնպես ձևական ժողովներ ու հավաքներ կազմակերպելու մասնագետ էր: Նրանց համար ժողովուրդը կարևոր չէ, առավել ևս նրանց բժշկությունը: Նրանց համար ժողովարաններում հանգամանք ունենալն էր կարևոր, ինչի համար ամեն հանդիպման ժամանակ Հիսուս Քրիստոս հանդիմանում էր, ասելով,- կեղծավորներ… դուք ձեր կենդանիների նկատմամբ ավելի ուշադիր եք, քան այս խեղճ մարդկանց, որոնք օգնություն են սպասում ձեզնից, և դուք շաբաթը մարդուց վեր եք դասում:
Այս կեղծավոր բառը իր մեջ մեղքերի մի մեծ փաթեթ ունի, որը բացվում է որտեղ հա՛րկն է, և փակվում է, որտեղ պետք չէ՛ ցուցադրել: Այս փաթեթը փոխանցվել է դարերով և մեզ էլ է բաժին հասել: Սա՛ է փարիսեցու թթխմորը, որից շատ պետք է զգուշանային աշակերտները՝ իրենց Վարդապետի ցուցումով; Պետք է զգուշանանք նաև մենք՝ Սուրբ Գրքի շնորհիվ:
Ժողովուրդը մինչև այսօր էլ փնտրում է մեկին, որ իրեն առաջնորդի, իրեն բացատրի, իրեն բուժի և իրենով զբաղվի, որպեսզի ինքն էլ հավատարիմ ծառայի իր աշխատանքում, ոչ թե պատեհ ու անպատեհ հայտնվի հրապարակներում՝ այս կամ այն ուժին սատարելու համար, կամ որևէ հարց լուծելու համար: Քրիստոս խաչվեց ժողովրդի համար, և կարգեց մարդկանց, որպեսզի այդ ժողովրդին կրթեն, դաստիարակեն, բուժեն հոգով և մարմնով, մինչև իրենց Տէրը գա: Բայց չար մշակները իրենց ծառաների նկատմամբ անարդար գտնվեցին, մտածելով, որ Տէրն ուշանում է..
Սիրելիներ, տեսնո՞ւմ եք, թե ինչպե՛ս է խոսում մեզ հետ Աստվածաշունչը, ինչպե՛ս է լուսավորում լույս փնտրողին, ինչպե՛ս է բավարարում ծարաված հոգուն և փարատում է կասկածողի կասկածները:
Մնացեք սիրով՝ Աստծո լույսը փնտրող եղե՛ք և լուսավորե՛ք ձեր ճանապարհները դեպի փրկություն: Հարցը՝ Չորս Ավետարաններից ամենաերկարը Մաթևոսի Ավետարանն է, իսկ ամենակարճը ո՞ւմն է.