ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Թագաւոր յաւիտեան:
Ի տաճարի սրբութեան Քում լո՛ւր, Տէ՛ր, ձայնի իմում, եւ աղաչանք իմ ժամանեսցեն ի յականջս Քո, Տէ՛ր:
Լուաւ ինձ ի տաճարէ սրբոյ Իւրմէ ձայնի աղօթից իմոց. եւ աղաղակ իմ առաջի Նորա մտցէ յականջս Նորա, եւ աղաչանք իմ ժամանեսցեն ի յականջս Քո, Տէ՛ր:
Օրհնեալ ես, Տէ՛ր, եւ փառաւորեալ է Քո անբաւ մարդասիրութիւնդ. զաղաչանս մեր Քեզ մատուցանեմք, որ թագաւորդ ես յաւիտենից. զննջեցեալսն մեր արժանի՛ արա, Տէ՛ր, ընդունել ի կեանսդ յաւիտենից:
Արտասո՛ւս ինձ շնորհեա ի յապաշխարութիւն, Տէ՛ր, զի լուացից զմեղս անձին իմոյ. որպէս պոռնիկն աղաչեմ. եւ կեցո՛:
Վաստակեցայ ես ի հեծութեան իմում, լուացի զամենայն գիշեր զմահիճս իմ եւ արտասուօք իմովք զանկողինս իմ թացի, զի լուացից զմեղս անձին իմոյ. որպէս պոռնիկն աղաչեմ. եւ կեցո՛:
Որ աղբիւրդ ես անապական, Քրիստո՛ս Աստուած, զվիրաւորեալ անձն իմ ի մեղաց բժշկեա՛, Տէ՛ր, բղխմամբ արտասուաց. եւ կեցո՛:
Զմոլորեալ ծառայս խնդրեա՛, Տէ՛ր, եւ մի՛ դատապարտեր զիս ի յաւուրն այցելութեան Քո, մարդասէ՛ր:
Կեցցէ անձն իմ, օրհնեսցէ զՔեզ, եւ իրաւունք Քո օգնեսցեն ինձ: Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ. խնդրեա՛ զծառայս Քո, զի զպատուիրանս Քո ես ոչ մոռացայ, եւ մի՛ դատապարտեր զիս:
Որ մոլորեցայ ի հօտէ Քումմէ, Հովի՛ւ բարի, խնդրեա՛ զիս՝ զմոլորեալս, եւ արժանաւորեա՛ խառնիլ ի հօտ Քո, Քրիստո՛ս. եւ կեցո՛:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 14.1-11
Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը՝ հաց ուտելու, նրանք դիտում էին նրան: 2 Եւ ահա այնտեղ նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար: 3 Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞ ոչ»: 4 Նրանք լուռ մնացին: Յիսուս, նրան բռնելով, բուժեց եւ արձակեց: 5 Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»: 6 Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան: 7 Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում: 8 Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր. գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի: 9 Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի. “Սրան տե՛ղ տուր”: Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել: 10 Այլ երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ “Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր”, այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես. 11 որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ քրիստոսասեր բարեկամներ, և Աստծու խոսքին սպասող՝ սիրելի ունկնդիրներ: Երբ մենք Աստծու խոսքին ենք սպասում, Աստված մի՛շտ ասելիք ունի մեզ ամենատարբեր մարդկանց բերանով: Այսօրվա օրհնությունը մեզ, Պողոս առաքյալից է, որն ասում է.- Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք Տիրոջ կողմից ձեզ վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. Խաղաղութի՛ւն ունեցէք միմեանց միջեւ: խրատեցէ՛ք ստահակներին, քաջալերեցէ՛ք երկչոտներին, օգնակա՛ն եղէք տկարներին, համբերատա՛ր եղէք բոլորի հանդէպ: Ուրա՛խ եղէք միշտ, Փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք:
Սիրելիներ, երբեմն քրիստոնյաները անձնական հարաբերությունների մեջ չեն կողմնորոշվում ինչպես վարվել, երբ իրենց խրատում են, և եթե կարիք կա մեկին խրատելու, ինչպե՞ս վարվել, որ չնեղանա; Եթե ձեր վրա նշանակված վերակացուն Տիրոջից է, ուրեմն նրա խրատը միայն ձեր հոգու փրկության համար է, պետք է ընդունեք սիրով: Քանի որ դուք գիտե՛ք, թե խրատը ինչպե՞ս արվեց, հրապարակա՞վ՝ խայտառակ անելու համար, թե՞ ծածուկ՝ շտկելու համար: Նույնը ձեր խրատելու պարագան է: Եթե սիրո՛ւմ եք մեկին, որի կողմից սխալ եք նկատում, սիրով զգուշացրեք իրեն՝ երբ մենակ եք: Բայց որ խրատները օգտակար են լսելու և կատարելու համար, երկրորդ կարծիք չկա: Ամբողջ Աստվածաշունչը խրատ է: Կարևորը ամեն բանի մեջ բարին փնտրենք և ուրախ լինենք:
Վստահ եմ, որ գիտեք, թե ո՞ր ուրախության մասին է խոսում առաքյալը, երբ ասում է,- ուրախ եղեք: Երբ դեմքդ խաղաղ է, բայց սիրտդ ցավում է աշխարհի մեղքի համար: Ճգնավորները այսպես են անցկացրել իրենց կյանքը, ցերեկը սիրով խրատել են մարդկանց, իսկ գիշերը՝ լացել են նրանց մեղքերի համար: Աստվածաշնչի ամեն բառը հասկանալու համար մի ամբողջ կյանք պետք է ապրել: Որովհետև կան առաքինություններ, որոնք միայն բարձրաձայնելով չէ, պետք է ապրել: Օրինակ աղոթքը, սիրելը, ներելը, զղջալը և այլն: Սրանք քրիստոնեության հիմքն են կազմում, որոնք քրիստոնյաների մոտ բարձր հիմքերի վրա չէ առայժմ: Չնայած, որ բոլորս էլ աղոթում են, բոլորս էլ սիրում ենք, բոլորս էլ զղջում ենք և այլն: Մեր աղոթքի պատասխանը չենք ստանում, մեղքից չենք ազատվում, սերը շուտով վերածվում է ատելության:
Սրանք բոլորը բանաձևեր ունեն Ավետարանում՝ որոնց կատարման համար պայման է՝ ունենալ մաքուր սիրտ: Եթե ուշադրություն դարձնեք վերը նշված խրատներին, ապա ո՛չ մեկը առանց մաքուր սրտի կյանքի չի կոչվի, և արդյունք չի ունենա, ինչը որ մենք բոլորս էլ տեսնում ենք հենց մեր անձնական օրինակից: Այս երկպառակտության մասին էր խոսում Հիսուս Քրիստոս՝ ամբողջ ժամանակ փարիսեցիների հետ՝ ներքին մարդու և արտաքին մարդու միջև եղած խիստ տարբերությունը նկատելով: Որպեսզի մենք կարողանանք երկչոտին քաջալերել, ինքներս պետք է զորավոր հավատք ունենանք, որպեսզի խրատենք ստահակին, ինքներս պետք է ազատ լինենք ստախոսության մեղքից և այլն: Որպեսզի համբերատար լինենք բոլորի նկատմամբ, մենք պետք է հմուտ լինենք փորձությունների մեջ:
Ղուկաս ավետարանիչը նախորդ համարում մեզ հիշեցնում է, որ մի քանի փարիսեցիներ մոտեցան Հիսուսին և հայտնեցին, որ Հերովդեսը ուզում է Նրան սպանել: Այդ ժամանակ, մեր Տէր Հիսուս Քրիստոս բուժումներ էր անում: Առաջարկեցին, որ հեռանա Երուսաղեմից: Մենք հիշում ենք Մատթևոսի Ավետարանի երկրորդ գլխից, որ այս Հերովդեսի հայրը փնտրում էր Մանուկ Հիսուսին, որ սպանի: Քանի որ լսել էր, որ ծնվել է հրեաների թագավորը: Հիմա էլ որդին է կամենում սպանել Հիսուս Քրիստոսին: Տէր Հիսուսի ապրած ժամանակվա հասարակությանը իշխող թագավորը ևս պատրաստ էր իշխանությունը պահելու համար սպանել իր ճանապարհի հայտնված ամեն մի արդար մարդու, որը վտանգ էր ներկայացնում իրենց կարծիքով: Իշխանատենչությունը առաջինն է կուրացնում մարդում, հետո մնացած մեղքերի մեջ աստիճանաբար հաստատվում են:
Տէր Հիսուս հաշվի չառնելով փարիսեցու հրահանգը շարունակում է իր բժշկությունները կատարել, ասելով,- Գնացե՛ք, ասե՛ք այդ աղվեսին, որ դևեր եմ հանում, գործս ավարտեմ, կգնամ: Բուժումն ավարտելուց հետո Հիսուս Քրիստոս ողբ է ասում Երուսաղեմի վրա, որը չկամեցավ հավաքել իր որդիներին, ինչպես հավն է հավաքում ձագերին իր թևի տակ: Քա՛նի, քա՛նի անգամ, -ասում է Տէրը, ուզեցի հավաքել, բայց դու չկամեցար: Այնուհետև ասում է, քանի որ չկամեցաք, ձեր տունը ձեզ ավերակ պիտի թողնվի:
Ավետարանի այս տողերը կարդալիս ի՞նչ ենք մտածում մենք՝ քրիստոնյաներս: Մի՞թե մտածում ենք, որ այդ խոսքերը ուղղված էր միայն Երուսաղեմին: Այո՛, այդ պահին խոսքը ուղղված էր Երուսաղեմին, բայց քրիստոնյայի համար կարևոր չէ, թե խոսքը ո՞ւմ է ուղղված, այլ կարևոր է, թե ո՞վ ասում և ի՞նչ իշխանությամբ է ասում: Աստվա՛ծ է ասում այս խոսքերը, և սա է Աստծու դիրքորոշումը այն ազգերի նկատմամբ, որոնք քանի քանի անգամ զգուշացնելուց հետո դարձյալ չեն ուզում հավաքել իրենց որդիներին Ամենակալ Աստծու թևի տակ: Եթե մենք հետ գնանք 105 տարի առաջ, և նայենք մեր ազգի անցած ճանապարհը, կտեսնենք, թե մեր ազգին քանի քանի անգամ է զգուշացվել, քանի քանի անգամ է մեծ փորձությունների ենթարկվել: Աշխարհում կատարվում են արհավիրքներ՝ ցեղասպանություն, հայասպանություն, մարդասպանություն, մանկասպանություն, ինքնասպանություն. Այս բոլորից զերծ չի եղել մեր ազգը: 1915 թվականից այս կողմ որքան մարդ է սպանվել մեղքի պատճառով, որքան մանուկ չի ծնվել մեղքի պատճառով, որքան մարդ է անհայտ կորել ինչ որ մեկի իշխանությանը խանգարելու պատճառով, ինչպես Հերովդեսն էր ուզում սպանել: Գուցե մեզ էլ է վերաբերում այս տողերը,- Հայաստա՛ն, Հայաստա՛ն, քեզ էլ շատ կամեցա հավաքել… Բայց դու էլ չես կամենում հավաքվել : Աստված Սէր է սիրելիներ: Բայց այդ սէրը ունի նաև հակառակ երեսը:
Չէ՞ որ Հիսուս Քրիստոս աշակերտներին ասաց, ձե՛զ եմ ասում, ամենքի՛ն եմ ասում: Հետևաբար Աստծու խոսքը բոլոր ազգերին է վերաբերվում, բոլոր խավերին է վերաբերում: Չ՛ի կարող իշխանավորը ազատվել պատվիրանների կատարումից: Սրանք շատ մեծ և խորը հարցեր են, որոնց մասին պետք է խորհի ամեն մի հայ, ամեն մի քրիստոնյա, որ կարդում է Սուրբ Գիրքը: Կրոնական առաջնորդները և փարիսեցիները, որոնք իրենց ուսյալ էին համարում, իշխանավորներից մեկի տուն հաց ուտելու հրավիրեցին Հիսուսին՝ շաբաթ օրով; Մինչ նրանք կփորձեին ծուղակ պատրաստել Հիսուսի համար, Տէր Հիսուս տեսավ, որ այդ տանը ջրգողով մի հիվանդ կա: Այս անգամ ծուղակը փարիսեցիների համար պատրաստվեց: Հիսուս նրանց հարցրեց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞ ոչ»:
Գիտենք, որ փարիսեցիները հանդիմանեցին Հիսուսին, շաբաթ օրով կուչ եկած կնոջը բժշկելու համար: Իսկ հիմա հիվանդը իրենց տանն է: Անշուշտ ուզում են որ բուժվի, բայց նաև հիշում են, որ արգելել են ուրիշ անգամներ շաբաթ օրով բժշկել: Պապանձվեցին և լռեցին ամոթից: Բայց Տէր Հիսուս բուժեց հիվանդին, և ո՛չ ոք Նրան պատասխան չկարողացավ տալ: Մեր Տէրը բուժեց այդ տան երևելի հիվանդին, և մի առակ էլ պատմեց աներևույթ՝ հոգով հիվանդներին, որոնք հավաքված էին փարիսեցու տանը: Առակը կարդացի ձեզ համար քիչ առաջ, հիշում եք: Բայց լավ կլինի, որ եթերի ավարտից հետո մեկ անգամ էլ կարդաք առակը, քանի որ այս առակը ո՛չ միայն փարիսեցիներին է վերաբերում, այլ հատկապես մեզ ու մերօրյա փարիսեցիներին: Ինչո՞ւ պատմեց հենց այս առակը և հենց այդ բժշկության դեպքից հետո: Տէր Հիսուս առակով նրանց խրատե՛ց, որ ձեր իշխանությունը դուք օգտագործում եք միայն պատիվ ու փառք ձեռք բերելու համար, Մարդկանց մեջ ներկայանալի երևալու համար, ձեր իշխանությունը ծայրահեղության վերածելով արգելում եք շաբաթ օրով մարդ բուժել: Մարդը առավել է շաբաթից: Բայց քանի որ ձեր իշխանությունը ծառայում է ձեր քմահաճույքներին, ոչ թե ժողովրդի կարիքներին, ամոթով կմնաք, երբ տան տերը ձեզ հիշեցնի, որ ազատեք այդ աթոռը, քանի որ ձեզնից ավելի պատվավորը կա այստեղ: Հպարտության մեղքը երբեք դուրս չեկավ մոդայից, բայց հպարտության գահից ներքև ընկնողի վնասը շատ ծանր է լինում: Ով իրեն բարձրացնում է, հենց այդ բարձունքից էլ ընկում է: Իսկ ով խոնարհ է, նրան արագ կբարձրացնեն խոնարհության պատճառով:
Տէ՛ր Աստված, Դո՛ւ հաստատիր մեր տեղն ու կարգը այս երկրի վրա, քանի որ մարդկային բնությունը հեղհեղուկ է և չի՛ դիմանում իշխանության փառքին: Ո՛ւր էլ որ լինենք, թող մեր ծառայությունը լինի միայն Քո փառքի համար և մարդկանց օգտակարության համար: Սիրելիներ, մնացեք խաղաղությամբ, այսօրվա մեր դասը թող լինի առակի պատգամը՝ խոնարհեցնենք մեր անձերը, և երբեք չձգտենք նախապատիվ աթոռների:
Այսօրվա հարցը՝ Ո՞վ էր առաջին անգամ երկինք փոխադրվող մարդը. (Հո՞բը, Ենո՞վքը, Ղազարո՞սը, Ղամե՞քը):