Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, և մեր եթերաժամի մշտական ներկաներ:
Աստծո կամքով այսօր պետք է անդրադառնանք Մարկոս ավետարանչի նկարագրած մեկ այլ զարմանահրաշ դեպքի մանրամասներին, դարձյալ բժշկության վերաբերյալ: Բեթսաիդայում բերում են Նրա առջև մի կույր և խնդրում են, որ դիպչի նրան: Ուշադրություն դարձնենք, այն փաստի վրա, որ այն հիվանդները, որոնք ինքնուրույն չեն կարողացել հասնել Հիսուս Քրիստոսին, միշտ էլ նրանց շուջը եղել են սրտացավ մարդիկ, որոնք կաղին ու կույրին հասցրել են Փրկչի մոտ: Այսինքն բացի կույրից, կույրին բերողների հավատքն էլ զորավոր էր, որ խնդրում էին միայն դիպչել կույրին:
Նրանք վստահ էին որ մեկ հպումը կարող էր նրա աչքերը բացել: Այնուհետև ավետարանիչը պատմում է, որ Հիիսուս նրա ձեռքից բռնեց և գյուղից դուրս հանեց: Մենք նախորդ համարի մեկնության մեջ անդրադարձանք մեր Տիրոջ բժշկության տարբեր ձևերին՝ մեկին հեռավորության վրա բուժեց, մեկին՝ մոտիկից, մեկին խոսքով, մյուսին ամբոխից հեռացնելով, իսկ այս մեկին ահա գյուղից դուրս հանելով: Նաև բուժման կերպն է շատ հետաքրքիր: Ասում է կույրի աչքերը թքով թրջեց և ձեռքը նրա վրա դրեց, և հարցրեց,- թե որևէ բան տեսնո՞ւմ է:
Երբ կույրը ասաց, որ տեսնում է մարդկանց, ինչպես շրջող ծառներ, Տէր Հիսուս կրկին ձեռքը դրեց նրա աչքերի վրա:
Կույրը աչքերը բացեց և տեսնում էր պարզ: Հիսուս նրան պատվիրեց, որ գյուղ չմտնի, այլ գնա իր տունը և ոչ ոքի չասի:
Հիմա արդեն հասկանալի է, որ կույրը Բեթսաիդայից չէր, որտեղ գտնվում էր Հիսուս այդ պահին, նրան բերել էին այդտեղ, քանի որ նրան ասաց մի մտիր գյուղ, այլ գնա քո տուն: Այս համարի մեջ մի ուշագրավ միտք կա, որը չի կրկնվել մյուս հիվանդությունների բժկության ժամանակ:
Տէր Հիսուս երկու էտապով բուժեց կույրին: Առաջին անգամ ձեռքը դնելուց հետո, նա խավար էր տեսնում, իսկ երկրորդ անգամ՝ արդեն լիարժեք պարզ: Ինչո՞ւ: Երբ ձեռքի մեկ հպումը երբեմն բավական է եղել ամբողջությամբ բուժելու համար: Կամ մեկ խոսքը հեռվից բուժել է մեկ ուրիշ անգամ: Քրիստոսի բժշկության զորության վրա մազաչափ անգամ կասկած չի կարող լինել:
Եթե բժշկական տեսանկյունից նայենք, ապա բժիշկները ասում են, որ երկար ժամանակ կույր աչքին եթե միանգամից երևա լույսը, կարող է վնասել նրա աչքի թաղանթը: Բայց այստեղ աստվածային հրաշքի մասին է խոսքը, որը վեր է ամեն բշկական գիտությունից ու տրամաբանությունից: Տէր Հիսուսն ասյտեղ մի տեսակ մեղմել է Իր զորությունը, որպեսզի աստիճանաբար սկսի տեսնել կույրը:
Հիմա մի պահ մեզ պատկերացնենք կույրի փոխարեն, որը մեծ հույսով եկել էր բուժվելու համար, առաջին էտապից հետո սկսեց պատկերները խավար տեսնել, հիմա ի՞նչ սրտատրոփ հոգեվիճակով էր կանգնած Տիրոջ առջև՝ վերջնականապես տեսնելու համար:
Ի՞նչ էր պատրաստ անելու այդ մարդը, երբ իր աչքերը բացվեին: Ի՞նչ էր ուզում տեսնել: Արդյո՞ք նախ՝ իր աչքի Բժշկին: Թե՝ նախ իր հարազատներին ու իր միջավայրը, որը երբեք չէր տեսել: Տէր Հիսուս այդ երկու էտապների միջև թղած ժամանակահատվածը տվեց մարդուն անդրադարձ ունենալու համար, որպեսզի մարդը և առհասարակ մարդկությունը անդրադառնա, որ առաջին էտապում մարդիկ լսելով Հիսուսի մասին, պատկերացումը խավար է Նրա գործերի նկատմամաբ:
Որպեսզի վերջնական և պարզ տեսնենք Նրան, հարկավոր է մեծ փափագ, ձգտում, պատրաստակամությունը, հանձնվել Տէր Հիսուսին, նախ Հիսուսին, ապա մնացածը:
Այդ ժամանակ երկրորդ էտապի արդյուքնը կլինի դրական և չափազանց պարզ:
Աստծո փրկագործությունը համայն մարդկության համար նույնպես եղավ երկու էտապով, նախ մարդկությունը ազատագվեց գերությունից, ապա դարձավ Քրիստոսին: Աստծո անսահման ողորմությունը միանգամից հասնելով մարդուն, կարող է վնասել նրան: Մենք շատ ենք հանդիպել մարդկանց, որոնք կործանվել են իրենց գլխապտույտ հաջողություններից հետո, երբ միանգամից են հասել դրան: Նույնիսկ Աստծու ողորմությունը մեզ աստիճանաբար է պետք հասնի, որպեսզի միշտ ձգտողի դերում լինենք, միշտ տեղ ունենանաք խնդրելու և ստանալու:
Մենք նախ՝ պետք է խոստովանենք մեր կուրությունը, ապա ձգտենք Փրկչին:
Տէր Հիսուս ինչո՞ւ չէր վերցնում փարիսեցիների աչքերի քողը, որ միանգամից տեսնեին իրեն, այլ հնարավորություն տվեց, որպեսզի իրենք իրենց մասնակցությունը ունենան իրենց սեփական փրկության մեջ՝ ջանք թափելով:
Կույրի մասին մենք ուրիշ մանրամասներ չգիտենք, թե ինչպես երախտապարտ եղավ, արդյո՞ք տեսնելուց հետո ցանկություն հայտնեց հետևել Հիսուսին, թե՞ գնաց իր տունը՝ ինը բորոտների նման, որոնք միանգամից բժշկվեցին, մաքրվեցին ու նույնիսկ չվերադարձան գոհություն հայտնելու: Մեր Տէր Հիսուս գիտե մարդու անշնորհակալ բնության մասին: Մի՞թե չգիտեր, որ տասից ինը չեն վերադառնալու շնորհակալություն հայտնելու: Գիտեր: Քանզի Աստված է: Եթե վերհիշենք ուրիշ շատ հրաշքներով կատարած բուժումներ, ապա կտեսնենք, որ մեծ մասը անշնորհակալ են եղել բուժվելուց հետո:
Հիշենք Մատթևոսի Ավետարանից գերեզմաններից ելած սաստիկ կատաղած երկու դիվահար՝ գերգեսացիների երկրից, ճանաչեցին Հիսուս Քրիստոսին և Աստծո Որդի անվանեցին:
Այդ դիվահարների սարսափի պատճառող այդ վայրերով մարդ չէր անցնում:
Բայց Հիսուս որոշեց անցնել այդ վայրով աշակերտների հետ, նրանց հենց այսպիսի դեպքերի ականատես դարձնելու համար:
Դիվահարները խնդրում էին Հիսուսին, որ Նա իրենց ուղարկի մոտակա խոզերի երամակի մեջ: Տէր Հիսուսն ասաց, - գնացեք:
Չար հոգին մտավ խոզերի մեջ և նրանց դեպի ծովը տարավ ու կործանեց: Երբ խոզարածները լուրը տարան քաղաք, ողջ ժողովուրդը Հիսուսին ընդառաջ եկան և խնդրում էին Նրա, որ լքի իրենց սահմանները: Այն դեպքում, երբ այդ դիվահարների պատճառով սարսափի մեջ էին այդ վայրերում: Փաստորեն մարդիկ խոզեի ներկայությունը գերադասեցին Հիսուսի ներկայությունից:
Իսկ խոզերը չկամեցան, որ չար հոգին իրենց մեջ մնա և ծովը լցվելով սատկեցին: Մարդը բանական արարած է, իսկ կենդանին՝ ոչ: Բայց երբեմն մարդկային արարքներ կան, որոնց պատճառով մարդու բանականությունը կասկածի տակ է դրվում:
Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա, չարի վրա, բայց ոչ մարդու կամքի վրա: Մարդուն լիարժեք ազատություն է տվել ընտրելու հարցում:
Հայրոսի 12 Տարեկան աղջիկը զրկվել էր կյանքից, նրա մոտ գնալու ճանապարհին 12 տարվա արյունահոսող կինը բժշկվեց իր հիվանդությունից:
Մեկը մյուսին հաջորդող այս հրաշքները կատարվում էր հանրության աչքի առջև, նաև փարիսեցիների այդ թերահավատ խմբի:
Հայրոսի աղջկա հարությունը առաջին հրաշքն էր հիվանդությունների բժշկության մեջ.
Հայրոսը մինչ Հիսուսին հասնելը ճանապարհին լսեց որ աղջիկը մահացավ: Բայց նա տուն վազելու փոխարեն շարունակեց մինչ հասավ Հիսուսին, նա հավատում էր, որ Հիսուսի համար անկարելի բան չկա: Տէր Հիսուս Հայրոսի հավատից է փնտրում, որ հրաշք կատարի: Իսկ մեզ մի նեղություն պատահելիս մոռանում ենք Հիսուսին և ամբողջությամբ ողբում ենք պատահածի համար, երբեմն էլ նույնիսկ չենք հիշում, որ Տէր ունենք Երկնքում: Այսօրվա պաըգամը թող մեզ արթուն պահի: Քրիստոնյաներիս կյանքում բազում են այսպիսի դեպքեր: Խոսքը ֆիզիկական կուրության մասին չէ, այլ՝ հոգևոր: Երբ լուսավորվել են մեր հոգու աչքերը Աստծո զորությամբ, մեն այլ կերպ ենք նայել երևույթներին, փոխվել է մեր մտածելակերպն ու աշխարհայացքը մեր փրկության վերաբերյալ: Հիմա մենք երկրոդ էտապի ժամանակահատվածում ենք գտնվում և ձգտում ենք դեպի փրկություն, դեպի մեր Տէրը:
Մնացեք սիրով, արթուն՝ հոգու և մարմնի աչքերով, գոհունակ սրտով Տիրոջը անվերջ փնտրելու բաղձանքով: