ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 9.13-26
13 Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ: 14 Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ ընդառաջ վազելով՝ ողջոյն էր տալիս նրան: 15 Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»: 16 Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. 17 եւ ուր պատահում է, նրան գետնին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում-մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»: 18 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»: 19 Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետնին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում: 20 Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից: 21 Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»: 22 Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: 23 Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: 24 Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդն իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, համր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ. դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնե՛ս դրա մէջ»: 25 Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ՝ այն աստիճան, որ շատերն ասացին, թէ մեռաւ: 26 Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի ողջույն ամենքիդ սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս. Սկսենք մեր եթերաժամը Պողոս առաքյալի այս գեղեցիկ մտքով, որ ասում է՝ Աստված որ սերմ է պարգևում սերմնացաններին, պիտի պարգևի և բազմացնի նաև ձեր սերմացուն և պիտի աճեցնի ձեր արդարության պտուղները: Որովհետև,- ասում է,- այս ծառայության միջոցով է, որ Աստծո հանդեպ շնորհակալությունը պիտի ավելանա: Այլ խոսքով ասած, ես ձեզ քարոզում եմ Աստծու ավետարանը, դուք աճում եք հոգեպես և փառավորում եք Աստծուն:
Սիրելիներ մինչ սերտողությունը սկսելը, ուզում եմ ձեզ մի հանձնարարություն տալ, որ սկսեք կամաց կամաց կարդալ Հին Կտակարանը, նրանք, որոնք չեն կարդացել, կամ չեն կարդում: Գիտե՞ք ինչու: Որովհետև Ավետարաններում շատ կան հիշատակված անուններ Հին Կտակարանից: Որպեսզի դուք իմանաք, թե ինչի՞, կամ ո՞ւմ մասին է խոսքը: Եթե չիմանաք Հին Կտակարան, Աստվածաշունչը ձեզ համար կնմանվի չինական այբուբենի, որի տառերը չգիտեք:
Մարկոսի իններորդ գլխի արձանագրության մեջ կարդում ենք, որ Տէր Հիսուս եկավ աշակերտների մոտ և տեսավ օրենսգետներին և մեծ բազմություն, որ վիճում էին իր աշակերտների հետ: Նախ վերհիշենք նախորդ գլուխը, որպեսզի իմանանք, թե որտեղից էր գալիս Հիսուս: Թաբոր Լեռան վրա պայծառակերպությունը կատարվել էր, աշակերտներից երեքը, որ ներկա էին գտնվել, երանության մեջ էին: Այսինքն Տէր Հիսուս Պետրոսին, Հովհաննեսին և Հակոբոսին ցույց էր տվել այն Երկնային Նշանը, ինչը որ մերժել էր փարիսեցիներին: Հիսուսի պայծառակերպությունը երկնային նշան էր աշակերտների համար, որովհետև լսեցին Հոր ձայնը, որ վկայեց Որդու մասին, տեսան Որդուն լույսերի մեջ, տեսան օրենսդիր Մովսեսին և Եղիա Մարգարեին: Այս երեք աշակերտները արդեն գիտերին մի գաղտնիք, որ պետք է պահեին իրենց վարդապետի պատվերով մի որոշ ժամանակ:
Եվ հարցնում է, թե ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ: Մինչ նրանք կպատասխանեին, ներկաներից մեկն ասում է, որ իր Որդուն՝ որին չար ոգին բռնել է, գետին է զարկում ուր որ պատահի, փրփրում է և չորանում մնում է տեղում: Այդ հիվանդ որդուն բերել է և Հիսուսի աշակերտները չեն կարողացել օգնեել նրան: Մենք կարդացինք որ նրանց միջև վեճ էր առաջացել հավանաբար հենց այդ պատճառով: Հավանաբար փարիսեցիները աշակերտներին ծաղրել էին, և ասել էին, որ դուք չեք կարող բուժել այս ցավագարին: Իսկ աշակերտները պատասխան չեն ունեցել, քանի չեն կարողացել օգնել հիվանդին:
Հիսուս այդտեղ ասում է,- ով անհավատ սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պետք է լինեմ, մինչև ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ:
Իմանալով Տեր Հիսուսի մեծ ողորմությունը և անձնուրած խոնարհ ծառայությունը ժողովրդին, մի տեսակ կոշտ է հնչում այս արտահայտությունները, բայց հիշենք Մովսեսին որ հեզ էր և խոնարհ, կամ Հովհաննես Մկրտչին, որ նույնպես խոնարհ էր, նրանք էլ էին նուն բառերով դիմում ժողովրդին, բայց այս բառերը ոչ թե վիրավորանք է ժողովրդի հասցեին, այլ սրտացավություն ժողովրդի թերահավատության և աճ չունենալու պատճառով; Նրանց հավատքի մեջ հաստատելու համար է: Չէ՞ որ ասում է մինչև երբ եմ ձեզ հետ լինելու…Չի ուզում ժողովրդին տեսնել նույն վիճակում, կամենում է որ զորանան հավատքի մեջ:
Բերում են դիվահարվածին Հիսուսի մոտ: Երբ չար ոգին տեսավ Հիսուսին իսկույն ցնցեց տղային և գետին զարկեց: Իսկ տղայի հայրը հանգամանալից պատմում էր, թե ինչպես է տանջում նրան մանկությունից իր վեր և միայն խնդրում էր, որ եթե կարող է, մի կերպ օգնել, թող գթա իրենց և օգնի տղային: Ծանր իրավիճակ է ստեղծվել, որդին աչքի առջև տառապում է, իր հավատը թերի է, քանի որ ասում է, եթե կարող ես: Վիճակը ավելի է ծանրանում երբ Հիսուս տալիս է ավելի խիստ պատասխան, ասելով՝ ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է: Տէր Հիսուս ուզեց հասկացնել տղայի հորը և առհասարակ բոլորիս, որ դուք իմ կարողության վրա մի կասկածեք, այլ՝ ձեր հավատի չափի, թե ինչքան ունեք:
Հիսուս գիտեր, որ կարող է բուժել, բայց հայրը հայրը չգիտեր, և տագնապից միայն որդու վիճակն էր ողբում: Ներկաները հավանաբար իրենց հավատքը ևս քննության ենթարկեցին այդ խոսքերը լսելով:
Այստեղ էլ, ինչպես որ նախորդ համարում կարդացած կույրին, Տէր Հիսուս հնարավորություն է տալիս տղայի հորը անդրադարձ ունենալ իր հավատին և մի բան ասել: Իսկ հայրը աղաղակում է, ասելով,- «Հաւատո՛ւմ եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: Ի՜նչ հրաշալի պատասխան, ի՜նչ անկեղծ խոստովանություն է, ինչքա՜ն տագնապ կա այս խոսքերի մեջ որդու փրկությունը րոպե առաջ տեսնելու համար: Այսինքն իմ թերի հավատով այսքան տարի չեմ կարողացել իմ որդուն օգնել:
Ա՛յս պատասխանն էր ակնկալում Տէր Հիսուս, որ մարդը խոստովանի իր տկար հավատքը:
Ժողովրդի բազմությունը արդեն իրար գլխեն հավաքվում, ոմանք հետաքրքրությունից, ոմանք խղճահարությունից, ոմանք անհավատությունից, իսկ փարիսեցիները՝ ծուղակ պատրաստելու համար և այլն:
Հիսւոս սաստում է պիղծ դևին և զարմանալի անունով դիմում է նրան, ասելով,- «Դո՛ւ, համր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ. դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնե՛ս դրա մէջ»: Դուրս եկավ չար ոգին տղայից և տղան ընկավ գետին, այնպես, որ բոլորը կարծեցին թե մեռավ: Բայց Հիսուս բռնեց նրա ձեռքից և վեր հանեց:
Սիրելիներ, մի պահ մենակ թողնենք զարմանքից ապշած փարիսեցիներին և բազմությանը, հիացմունքից բերկրած հորը և որդուն և անդրադառնանք խուլ ու համր բառին, որով դիմեց չար ոգում: Փաստորեն չար ոգին կարող է լինել նաև խուլ և համր: Բոլորս գիտենք, որ խուլ ու համրը չի լսում, և չի խոսում, նույնիսկ անօգուտ է նրան որևէ բան հասկացնել, եթե չիմանանք ժեստերի լեզուն:
Հրեական օրենքի համարձայն խուլ համրերը ազատված էին նույնիսկ պատվիրաններից, Սուրբ Գրքերի ուսուցումից և նույնիսկ ամուսնությունից:
Սա պարզ մարդու մասին է, որը խոլ համար է և որին անկարելի է բան հասկացնել, իսկ խուլ համր ոգին ականջ չունի որ լսի ու ենթարկվի: Բայց մեր Տէրը իշխանություն ունի նույնիսկ խուլ համր դևի վրա: Հիմա արդեն պարզ դարձավ, թե ինչու աշակերտները չէին կարողացել օգնել տղային, երբ հայրը իրենց մոտ էր բերել բուժելու համար: Իսկ նորահավատ աշակերտների համար այս դեպքը անկարելի մի բան էր դեռևս: Իրապես հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է, հավատաց տղայի հայրը և տեսավ:
Ահա այսքանն էր այսօրվա մեր դասը, սիրելիներ, իսկ մեր սովորելու և վերցնելու դասն այն է, որ ամեն օր զորանանք մեր հավատքի մեջ, խնդրենք մեր Երկնային Հորը, որ օգնի մեզ մեր անհահավատության մեջ: Երբեք չամաչենք խոստովանել, որ մեր հավատքը թերի է և միշտ զորացնելու կարիք ունի, քանի որ օրեցօր ավելանում են փորձություններն աշխարհում և մենք անկախ մեր կամքից հայտնվել ենք դրանց մեջտեղում: Մնացեք սիրով և ամեն օր զորացրեք ձեր հավատքը՝ ինչպես տղայի Հայրն արեց՝ խոստովանելով:
Աղօթենք միասին
Սաղմոս.111
Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից, եւ խիստ կամեցող է նրա պատուիրանների։ Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ, եւ ուղղամիտների ազգը կ՚օրհնուի։ Փառք եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ, նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։ Արդարների համար լոյս ծագեց խաւարում.ողորմած, գթասիրտ եւ արդար է Տէրը։ Բարի մարդը ողորմած է եւ փոխ է տալիս, խօսքն իր կատարում արդարութեամբ, որպէսզի յաւէտ նա չսասանուի, յաւիտեան մնայ յիշատակն արդարի։ Չար լուրից նա չի վախենայ, նրա սիրտը պատրաստ է յոյս դնելու Աստծու վրայ։ Հաստատուն է սիրտը նրա եւ չի սոսկայ, մինչեւ իր թշնամիների վերջը չտեսնի։ Բաժանեց նա ու տուեց աղքատներին. նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ նրա եղջիւրը բարձր կը լինի փառքով։ Մեղաւորը, տեսնելով, կը բարկանայ, կը կրճտեցնի ատամներն իր ու հալումաշ կը լինի, եւ մեղաւորների ցանկութիւնը կը կորչի։ Ամեն.