ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 8.10-21
10 Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը: 11 Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից: 12 Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»: 13 Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը: 14 Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ: 15 Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»: 16 Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում. «Հաց չունենք»: 17 Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել: 18 Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք ու չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. 19 երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»: Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու: 20 «Եւ երբ եօթ նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»: Եւ նրանք պատասխանեցին՝ եօթ: 21 Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելիներ, բարի օր եմ մաղթում ամենքիդ և շնորհավորում եմ ձեզ, մեր բոլորի Մայր՝ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի առթիվ: Սկսենք մեր օրը Սուրբ Կույսի բարեխոսությամբ և երանի տանք նրան, ինչպես որ ինքը մարգարեացավ, ասելով,- Այսուհետ բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև Ամենազոր Աստված մեծամեծ գործեր կատարեց ինձ համար, և Նրա Անունը Սուրբ է: Մարիամ Աստվածածինը միակն, որ ընտրվեց Աստծուց դեռ մոր որովայնում, սրբացվեց և խոնարհությամբ հնազանդվեց Աստծու պատգամին՝, որ բերել էր հրեշտակը: Առակաց գիրքն ասում է,
«Շատ դուստրեր հարստութիւն ձեռք բերեցին, շատերն էլ սխրագործութիւններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց եւ անցար բոլորից: Քո մէջ կանացի կեղծ բարեհաճութիւն չկայ, եւ ոչ էլ՝ սին գեղեցկութիւն»:Արդարև, իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի:
Ավետարանները Մարամ Աստվածածնի մասին մեզ շատ մանրամասներ չեն տալիս, բայց Աստվածածինը այնքան սիրված է ընդհանրական եկեղեցուց ներս, որ բազմաթիվ շարականներ, ներբողներ են գրվել նրա անվան մեծարման համար: Հավատո Հանգանակում Աստծո Որդու մարդացման հանդեպ մեր հավատը խոստովանելիս ասում ենք. «Ծնվեց կատարելապես սուրբ Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգով»: Եկեղեցին սրբուհի Կույս Մարիամին Աստվածամայր է անվանում, որովհետև նա հղիացավ Սուրբ Հոգուց, և նրանից ծնվեց Ինքն Աստված՝ Հոր միածին և փառակից Որդին՝ միավորված մարդկային բնությանը:
Եկեղեցու պաշտամունքի մեջ Աստվածամայրը ոչ միայն բոլոր սրբերից, այլև հրեշտակներից էլ բարձր է դասվում: Նրան են նվիրված բազմաթիվ ներբողներ ու շարականներ, նրա բարեխոսությունը հայցելով է սկսվում պատարագի արարողությունը, և բազում աղոթքներ անմիջականորեն ուղղված են նրան՝ որպես Աստվածորդուն ամենամերձ և իր գթառատությամբ մեզ ամենից շուտ անսացող սուրբ անձնավորության: Աստվածամայրը զերծ էր թե՛ մահացու, թե՛ ներելի մեղքերից, իսկ ադամական մեղքից սրբվեց ավետման պահին:
Մարիամը ծագումով Դավիթ մարգարեի թագավորական ցեղից էր: Մանուկ հասակից իր բարեպաշտ ծնողների՝ Հովակիմի և Աննայի կողմից նա ընծայվեց Աստծուն և հանձնվեց Երուսաղեմի Տաճար՝ հոգևոր կրթություն ստանալու և տաճարում ծառայելու համար: Այստեղ Մարիամը զբաղվում էր ձեռագործով, Սուրբ Գրքի ընթերցանությամբ և աղոթքով: Նա աչքի էր ընկնում իր բարեպաշտությամբ, մեծագույն խոնարհությամբ ու հեզությամբ: Մարիամն իրեն ամբողջովին հանձնել էր Տիրոջ կամքին: 14 տարեկանում, երբ ծնողներն արդեն չկային, նրան նշանեցին Հովսեփի՝ մի ծեր և բարեպաշտ մարդու հետ, որը փաստորեն դարձավ Մարիամի խնամակալը: Հովսեփը նույնպես սերում էր Դավթի ցեղից: Նրանք բնակվում էին Նազարեթ փոքրիկ քաղաքում: Այստեղ էլ Կույս Մարիամին այցելեց Գաբրիել հրեշտակը՝ նրան բերելով մեծագույն ավետիսը, որով էլ սկսվում է մարդկության փրկագործությունը:
Այդ պահից Աստվածամայրն իր մեջ ընդունեց Աստծո Միածին Որդուն՝ դառնալով մարդկային ապականված, շնորհազուրկ բնության նորոգության սկիզբը:
Աստվածամայրը ողջ կյանքում լի էր բոլոր առաքինություններով: Նա ամբողջ հոգով, ամբողջ մտքով և ամբողջ սրտով սիրում էր Տեր Աստծուն: Իր բացառիկ մեծությունը գիտակցելով հանդերձ՝ նա երբեք չկորցրեց խոնարհությունը և մինչև իր վերափոխումը մնաց Աստծո հնազանդ աղախինը: Սիրելով Աստծուն և իր ծոցում մարդացած Աստվածորդուն՝ նա վառվում էր ողջ մարդկության հանդեպ մեծ սիրով, անդադար աղոթում էր և տառապում աշխարհի համար: Այդ սիրո շնորհիվ նա բարեհոգաբար տարավ իր սրտով անցնող սուրը, Որդու չարչարանքները սգալով առանց ցասման ու նզովքի, սրտում չկորցնելով պայծառ հավատը Նրա հարության և փրկագործության հանդեպ: Տիրոջ խաչելությունից հետո, Նրա իսկ հանձնարարությամբ, ս. Մարիամը բնակվում էր ս. Հովհաննես առաքյալի մոտ և մշտապես ներկա էր լինում առաքյալների հավաքույթներին: Տիրամայրը նրանց հետ էր թե՛ Քրիստոսի համբարձման, թե՛ հոգեգալստի ժամանակ: Սրբուհու մերձավորությունը առաքյալների հետ այնքան սերտ էր ու հոգևոր, որ վերափոխման օրը նրանք աստվածային հրաշքով հայտնվեցին նրա մոտ՝ իբրև հարազատ մոր: Աստվածամայրը, հիրավի, ամենամեծ բարեխոսն է համայն աշխարհի համար իր Որդու առջև: Նրա անունն անբաժան է Քրիստոսից Եկեղեցու պաշտամունքում և ճշմարիտ քրիստոնյաների սրտերում: Նրա անվան հետ բազում հրաշքներ և հայտնություններ են կապված, որոնց շնորհիվ մարդիկ ետ են կանգնել կորստյան ճանապարհից: Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված է 7 տոն : Այսօր նրա ծննդյան տոնն է:
Հիսուս Քրիստոսի ազգաբանությանը անդրադարձել են Ավետարանիչներ Մատթևոսն ու Ղուկասը: Սիրելիներ, Ազգաբանությունը ինքներդ կարող եք կարդալ, հիմա մենք անդրադառնանք Մարկոսի Ավետարանին, որը նոյնպես այսօրվա ընթերցվածքի մեջ է: Երեկվա մեր միտքը ավարտվեց այնտեղ, որ հացի երկրորդ բազմացումից հետ Հիսուս Նավակ նստեց և հեռացավ այդտեղից: Մենք արդեն գիտենք, որ փարիսեցիները հետապնդում են Նրան ամեն տեղ, և ահա նորից հանդիպեցին, դարձյալ նույն պահանջով; Նրանք Հիսուսից նշան են հայցում, բայց այս անգամ վիճելով Հիսուսի հետ պահանջում էին որ իրենց երկնային մի նշան ցույց տա: Փարիսեցիները հրաշք չէին ուզում տեսնել, որովհետև բավականաչափ տեսել էին արդեն, նրանք պահանջում էին, որ Հիսուս իրենց փաստեր Իր Աստծո Որդի լինելը և Աստծուց ուղարկված լինեը: Սա էր նրանց կամեցած երկնային նշանը:
Ավետարանիչը նկարագրում է, որ Տէր Հիսուս իր հոգում զայրացավ, և ասաց,- ինչո՞ւ է այս չար և շնացող սերունդը նշան ուզում: Այս սերնդին նշան չի տրվի: Թողեց նրանց այդտեղ և գնաց ծովի մյուս կողմը: Սերունդ ասելով Տէր Հիսուս նկատի չուներ բոլոր փարիսեցիներին ամբողջությամբ, որովհետև կային փարիսեցիներ, որոնք ընդունում էին Քրիստոսին, որոնցից մեկն էլ Նիկոդեմոսն էր, որ գիշերով եկավ Տիրոջ մոտ: Հիսուս իր արաքով նրանց հասկացրեց, որ, եթե դուք եք կասկածում, ուրեմն փնտրեք և ինքներդ համոզվեք: Քանի որ նրանք գրքերը կարդացած էին, և գիտեին, որ Մովսեսի ժամանակ էլ բազում հրաշքներ են եղել: Քրիստոս ինչպես միշտ կամեցավ, նրանց գիտակցության մեջ հեղաշրջում անել: Գուցե հենց այս պատճառով էլ եկել այստեղ, որպեսզի փարիսեցիներին ասի, որ նշան ցույց չի տալու իրենց:
Հիսուս սկսեց աշակերտների հետ խոսել և ասաց, որ զգուշանան փարիսեցիների և հերովդեսականների խմորից: Այս երկու խմբի մարդիկ տեսել էին Հովհաննես Մկրտչի արդարությունը, տեսել էին Հիսուս Քրիստոսի հրաշքները, բայց որպեսզի արդարացնեին իրենց թերահավատությունը, և կասկածամտությունը, այս անգամ երկնային նշան էին ուզում: Աշակերտների հետ զրույցից պարզ է դառնում, որ նրանք չեն հասկանում, թե ինչ նկատի ունի Հիսուս փարիսեցիների և հերովդեսականների խմոր ասելով; Քանի որ իրենք մտածում էին, թե հաց չեն վերցրել իրենց հետ դրա համար է ասում: Աշակերտներին թերահավատ անվանեց, այն բանից հետո, որ նրանք տեսել էին հացի բազմացումը, և դարձյալ հացի մաիսն էին մտածում: Կարծես ուզում էր ասել,- դուք ինչո՞ւ չեք հասկանում այս ամենը: Եթե աշակերտները իրենց անգիտության պատճառով չէին հասկանում Աստծու խորհուրդները, ապա փարիսեցիները գրքերը կարդալուց հետո չէին հասկանում և հավատում: Այդ պատճառով Հիսուս աշակերտներին մանրամասն բացատրում էր, իսկ փարիսեցիների մերժեց նշան ցույց տալ: Խմոր ասելով Հիսուս նկատի ուներ փարիսեցիների ինքնախաբեությունը և երեսպաշտությունը, և աշակերտներին ասում է դուք զգուշացեք դրանից:
Տէր Հիսուս առաքյալներին ասում է.- Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք ու չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. Այս խոսքերը ամբողջությամբ վերաբերում են նաև մեզ, որովհետև նայելով քրիստոնյա համայնքի վարած կյանքին հստակ կարելի է ասել, որ լսածները չեն հիշում, տեսածները չեն հասկանում, և շատ բաներ էլ չեն տեսնում: Սակայն քրիստոնեությունը լոկ պատմություն չէ, որ կարդանք՝ կարդալու համար: Այն կյանք է, որ պետք է ապրել: Ինչպես որ հասկանում ենք, այնպես էլ ապրում ենք: ժամանակն է, որ վերանայենք մեր գիտելիքն ու համեմատենք մեր կյանքի հետ: Հիսուս Քրիստոս կամենում է, որ մարդիկ իրեն հետևեն՝ թանկ գին վճարելու ակնկալիքով, ոչ թե ուղղակի իր հետևից քայլեն առանց մատը մատի տալով, ուզում է, որ նախապատվությունը տան իրենց համար Խաչվողին, քան հաճույքին:
Ավարտվեց նաև այսօրվա եթերը, մեզ տալով երկու գեղեցիկ դաս: Նմանվել Մարիամ Աստվածածնին՝ իր խոնարհության մեջ և ուշադիր լինել, թե ի՞նչ ենք լսում, ինչպե՞ս ենք լսում և ինչպե՞ս ենք կատարում: Մնացեք սիրով և ամենայն ուշադրությամբ ձեր լսածներին:
Աղօթենք միասին
Սաղմոս.102
Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա։ Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ,եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա, ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր։ Նա, որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ ու գթութեամբ, որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս։ Ողորմութիւն ու արդարութիւն է շնորհում Տէրը բոլոր զրկեալներին։ Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու ողորմաշատ։ Տէրն իսպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում։ Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զօրեղ է Տիրոջ ողորմութիւնն իրենից երկիւղ կրողների վրայ։ Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին։ Նա գիտէ կազմուածքը մեր եւ յիշում է, որ հող ենք մենք։ Մարդու օրերը խոտի պէս են. նա ծաղկում է ինչպէս վայրի ծաղիկ։ Բայց Տիրոջ ողորմութիւնը յաւիտեանս յաւիտենից իրենից երկիւղ կրողների վրայ է, եւ նրա արդարութիւնը՝ որդոց որդի նրանց հանդէպ, որոնք պահում են ուխտը նրա, յիշում նրա պատուիրաններն ու կատարում դրանք։Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների։ Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զօրքեր, սպասաւորնե՛ր եւ նրա կամքը կատարողնե՛ր։ Օրհնեցէ՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տէրութիւնը նրա։ Հոգի՛դ իմ, օրհնի՛ր Տիրոջը։ Ամեն