ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 8.1-9
1 Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. 2 «Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն: 3 Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կլինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»: 4 Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»: 5 Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթ: 6 Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթ նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին: 7 Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել: 8 Կերան եւ կշտացան եւ եօթ զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին: 9 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս և բարի օր եմ մաղթում ձեզ, մեր եթերաժամին միշտ ներկա սիրելի մասնակիցներ:
Ավետարաններում հացի բազմացման երկու դեպք ենք հանդիպում, որին անդրադարձել են բորլոր ավետարանիչները:
Հացի առաջին բազմացման ժամանակ մենք տեսանք, որ ունեին հինգ հաց և երկու ձուկ, և կերակրվեց մոտ հինգ հազար մարդ:
Հացի երկրորդ բազմացման ժամանակ ունեին յոթ հաց և քիչ թվով ձկներ, և կերակվեցին մոտ չորս հազար հոգի:
Առաքյալների նկարագրություններից պարզ է դառնում, որ նրանք շրջում էին հեթանոսական վայրերում, անապատային տարածքներ էր, բայց երբ Հիսուս դուրս էր գալիս աշակերտների հետ, ժողովուրդը Նրան իսկույն ճանաչում էին, և քաղաքներից ու գյուղերից ոտքով խմբեր կազմած հետևում էին նրան: Գնալով ամբոխը բազմանում էր, Հիսուսին լսողների թիվն ավելանում էր:
Տեղը ամայի էր, գնացողները տեղանքին լավ ծանոթ են, գիտեին, որ մոտակայքում սնվելու տեղ չկա: Սակայն նրանք քաղց ունեին արդարության խոսք լսելու, ճշմարտության պատգամներ լսելու, անկեղծ հոգատարության կարիք ունեին, ավելի շատ հոգեբանական խնամքի կարիք ունեին, որովհետև մենք հաջորդ գլուխներում կարդում ենք, որ հասարակությունը դուրս էր մնացել հոգևոր և կրոնական իշխանության ուշադրությունից:
Երբ Հիսուս նկատեց այդ մարդկանց բազմությունը, որոնք աստիճանաբար հավաքվում էին իր շուրջը, գթաց նրանց և նմանեցրեց նրանց ոչխարների, որոնք հովիվ չունեին: Սկսեց նրան ուսուցանել շատ բաներ: Այս մարդիկ, որ հավաքվել էին, դրանցից շատերը ուրիշ տեղում էլի լսել էին Հիսուսի հրաշալի քարոզությունը, կպել էր իրենց սրտին Նրա խոսքը, բայց քանի որ այդ ժամանակ Ավետարանները գրված չէին, և նրանք մեզ նման հնարավորություն չունեին, որ լսելուց հետո տուն գնային ու բացեին վերհիշելու համար նորից կարդային: Իսկ մենք գիտենք, որ ինչքան էլ խոսքը հաճելի է ականջին, դուրեկան է սրտին, բայց ամբողջը անկարելի է մտապահել: Հատկապես, որ հոգևոր պաշար չունեին մարդիկ: Իսկ երբ Աստծո խոսքը մեկ անգամ ընկնում է մարդու սրտի պարապտ հողի մեջ, այլևս անկարելի է, որ մարդը չհետևի իր քարոզչին, և առավել ևս պտուղ չտա::
Տեր Հիսուս անհրաժեշտաբար խոսում էր, իսկ բազմությունը ինքնամոռաց լսում էր: Երանելի վիճակ է և քարոզողի համար, քանի որ հունձն առատ է, երանելի վիճակ է նաև լսողների համար, քանի որ նման էին պապակ հողի, որի վրա անձրև է գալիս:
Սիրելիներ, ամեն անգամ, երբ հանապազօրյա հաց եմ պատրաստում ձեզ համար, մտքումս ունեմ այս բազմությունը, որը կարոտ էր Աստծո խոսքին, ամայի վայրում էր, հաց չուներ ուտելու, բայց իրենց հոգը չէր: Այսօր ամեն հարմարություն կա, բայց լսող ականջ չկա, պապակ սիրտ չկա Աստծո խոսքի համար: Ավետարանը ասում է շատ ժամեր անցան: Այսինքն կարելի է հասկանալ, որ օրն ավարտին էր մոտենում, և քանի որ ամայի վայր էր աշակերտները մտահոգվեցին ժողովրդի համար, որովհետև նրանք հեռուներից էին եկել և պետք էր վերադառնային իրենց բնակավայրեր: Բայց այստեղ էլ մեր Տէրը մեծ ծրագիր ուներ իրականացնելու հսկա բազմության համար: Հարկավ գիտեր, որ նրանք քաղցած են, գիտեր նաև, որ այդքան ուտելու բան չունեին, բայց աշակերտներին հանձնարարում է մի անկարելի բան և ասում է, - դուք նրանց ուտելու բան տվեք: Սա ևս մի օրինակ էր, որ աշակերտները հասկանային, որ հետագայում իրենք էլ են կանգնելու այդպիսի խնդրի առջև, և որպեսզի խուճապ չառաջանա, ասաց, բերեք ձեր ունեցած հացերն ու ձկները: Նայեց երկինք: Օրհնեց: Մանրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաժանեն ժողովրդին: Բաժանեցին բոլորին, բոլորը կշտացան և դեռ յոթը զամբյուղ էլ կտորտանք ավելացավ:
Հետևությունը թողնում ենք ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին, որ այսքան զարգացած լինելով հանդերձ, աշխարհում դեռ կան վայրեր, որտեղ մարդիկ դեռ հացի խնդիր ունեն նաև մեր օրերում:
Հիսւոս Քրիստոս նայում է ժողովրդին և ասում է. «Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն: Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կլինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»: Մարդիկ երեք օր անհաց, անջուր կշտացել են Կենդանի խոսքով:
Մենք մեծ դժվարությամբ ենք երեք ժամ Պատարագին կանգնում քաղցած:
Հիսուս Քրիստոսի սիրտը ցավում էր ժողովրդի համար, որովհետև տեսել էր նրանց հանդեպ իշխանության վերաբերմունքը:
Իր Կենդանի խոսքը տվեց ժողովրդին, Իր զորությամբ բազում բժշկություններ արեց, չարչարվեց, վիրավորանք կրեց, ապտակ ստացավ և վերջում Իր կյանքը տվեց այդ և հետագա բոլոր սերունդների համար, քանի որ նա Աստծո Որդին էր, Նրա աշխարհ գալու նպատակը մեկն էր՝ մարդու փրկությունը:
Այսօր չենք գտնի գեթ մեկ ղեկավար, որն ասի,- սիրտս ցավում է այս ժողովրդի համար…
Ժողովրդի մեջ էլ քիչ են նրանք, որոնք անձնուրաց կարող են հետևել Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, առավել քիչ են նրանք, որոնք իրենց կյանքի բարձրագուն կետը Հիսուս Քրիստոսին են համարում: Աշխարհը ինչքան առաջացավ գիտության և տեխնիկայի բնագավառում, այնքան մարդու որակը անկում ապրեց, մարդը վնասվեց և կորցրեց իր աստվածային պատկերն ու նմանությունը՝ այսօրվա հարմարավետության կուռքին հետևելու պատճառով:
Հացի բազմացման երկու դեպքերում էլ խոսվում է որոշակի թվերի մասին, 4, 5. 7 և 12: Թվերի մեկնությունները տարբեր են, բայց Աստվածաշնչի համատեքստից ելնելով մեկնիչներն ասում են, որ 4 թիվը խորհրդանշում է չորս ավետարանիչներին, որոնց միջոցով աշխարհի չորս ծագերը նույնպես պետք է կշտանան Քրիստոսի հոգևոր հացով:
5 թիվը մարդու հինգ զգայարաններ են, որոնցով պետք է ներս թափանցի Աստծո խոսքը և ծառայեցնի Աստծու փառքի համար:
7 թիվը Աստվածաշնչում հանդիպող թվերից է, որը խորհրդանշում է ամբողջականություն, կատարելություն:
12 թիվը խորհրդանշում է 12 աշակերտներին, Իսրայելի 12 ցեղերին. 12 մարգարեներին:
Ավետարանն ասում է, երբ ժողովրդի բազմությանը կերակրեց և արձակեց, նավակ նստեց և եկավ Մագդաղիայի կողմերը, որտեղ Նրան հանդիպեցին փարիսեցիները և դարձյալ փորձելով երկնքից նշան էին ուզում Նրանից: Հիսուս Իր հոգում զայրացավ և ասաց, - ինչու է այս սերունդը նշան ուզում: Նրանց նշան չի տրվելու, և հեռացավ նրանցից:
Ինչ է մեր դասը այսօր: Հացը բազմացած է, հրաշք չփնտրենք: Ավետարանները տպագրված են, պատճառաբանություններ չփնտրենք: Քարոզիչները խոսում են, տրտնջալու տեղ չունենք: Եկեղեցիները բաց են, Պատարագներ մատուցվում են, նշան չփնտրենք: Մեծագույն նշանը մեր Տիրոջ Հրաշափառ Հարությունն է:
Մնում է մեր ժողովրդի սիրտը բուժվի կարծրությունից և զգա քաղցն ու ծարավը Աստծո կենարար խոսքի: Ոչ թե երեք օր, ինչպես Հիսուսին լսողները մնացին, այլ օրական երեք ժամ տրամադրեք Աստծո փրկչական խոսքը լսելուն: Մնացեք սիրով՝ և ականջալու Աստծո խոսքին ամեն օր:
Աղօթենք միասին
Սաղմոս 99
Այս սաղմոսը լսում եք ամեն կիրակի Պատարագի սկզբին.
Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ։ Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստուածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի։ Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ, եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ. գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա։ Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է, նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ։