ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 7.31-37
31 Եւ դարձեալ, դուրս ելնելով Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններից, եկաւ Գալիլիայի ծովեզրը՝ Դեկապոլսի սահմաններից ներս: 32 Նրա առաջ բերեցին մի խուլուհամր մարդ եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ: 33 Եւ Յիսուս, նրան ամբոխից մի կողմ տանելով, իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց. ապա բռնեց նրա լեզուից. 34 դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր: 35 Եւ իսկոյն նրա լսողութիւնը բացուեց, եւ լեզուի կապանքներն ընկան, եւ խօսում էր ուղիղ: 36 Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում: 37 Եւ աւելի ու աւելի էին զարմանում եւ ասում. «Սա ամէն ինչ լաւ արեց, որովհետեւ խուլերին լսել է տալիս եւ համրերին՝ խօսել»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս սիրելի հավատացյալներ. աստվածաստեղծ յուրաքանչյուր օրվա համար երախտապարտ ենք Աստծուն, ամեն օրվա պատգամի համար, որ տալիս է մեզ Ավատարանը, շնորհակալ ենք Աստծուն, քանի որ նրանով է, որ շտկում ենք մեր կյաքի ոլոր ու մոլոր ճանապարհները: Տեսնենք, թե այսօրվա Ավետարանը ի՞նչ ունի ասելու մեզ՝ խուլ ու համրի օրինակով: Խուկ ու համրի բժշկության մանրամասներին անդրադարձել է միայն Մարկոս ավետարանիչը:
Երբեմն մեզ թվում է, թե՝ Ավետարանի որոշ առակներից, կամ բժշկություններից մենք ոչինչ չունենք վերցնելու կամ սովորելու, քանի որ մենք չունենք նմանատիպ հիվանդություններ: Օրինակ ինչո՞վ է առնչվում մեզ հետ այս խուլն ու համրը, որին բժշկեց Հիսուս Քրիստոս՝ նրան հեռացնելով բազմությունից: Նախորդ գլուխներում կարդացել ենք նաև, որ կույրին էլ դուրս հանեց գյուղից և բացեց նրա աչքերը: Բայց նաև շատ են բժշկության դեպքերը, երբ բժշկում է հենց բազմության աչքի առջև:
Օրնակ՝ Փյունիկեցի կնոջ դիվահար աղջկան կամ հարյուրապետի ծառային խոսքով բժշկեց հեռավորության վրա:
Յուրաքանչյուր դեպքի համար տարբեր միջոցներ է կիրառում Քրիստոս, որպեսզի աշակերտները իրենք հետագա քարոզության և ծառայության մեջ տիրապետեն բժշկության բոլոր ձևերը:
Ի՞նչ կարող ենք սովորել մենք՝ այսօրվա քրիստոնյա կոչվող հավատացյալներս, որ աչք էլ ունենք, ականջ էլ ունենք, մեր լեզուն էլ ազատ է ամեն ինչ խոսելու համար: Բայց մեր աչքերը կամավոր չեն կարդում այն խոսքերը, որ Տէր Հիսուսն ասաց մեր ականջների մասին, թե՝ «Ով լսելու ականջ ունի թող լսի»: Ուրեմն ի՞նչ տարբերություն կա մեր և խուլ ու համրի միջև:
Չարը փակել է նրա լսողությունն ու խոսքը, որպեսզի չլսի Աստծու մասին, քանի որ նրան ուրիշները բերեցին Հիսուսի մոտ:
Մենք էլ լսողություն ունենք, բայց չարը հեռացրել է մեզ Աստծուն լսելու ցանկությունից: Տէր Հիսուս խուլ համր մարդուն ամբոխից մի կողմ տարավ, դեպի երկինք նայեց, հոգոց հանեց և բուժեց:
Երեք ուշագրավ մտքեր կան այս համարի մեջ, որոնք կուզեմ արժանացնել ձեր ուշադրությանը, սիրելի հավատացյալ բարեկամներ:
Առաջինն այն է, որ Հիսուս հիվանդին ամբոխից հեռացրեց, որպեսզի նրա ուշադրությանը և հայացքը սևեռի իր վրա: Մենք չգիտենք, թե նրանք հեռանալով ի՞նչ խոսեցին և որքան մնացին, բայց երբ վերադարձան, խուլ համրը և՛ լսում էր, և՛ խոսում էր: Մենք էլ քանի դեռ մեր մեղավոր միջավայրում ենք, մեր նյութական կենցաղավարության հոգսերով ենք տարված, մեր ուշադրությունը չի կարող կենտրոնացած լինել Աստծու պատգամի և ուսուցման վրա: Պետք է առանձնանալ, ժամանակ, տրամադրել, ուշադրությամբ կարդալ կամ լսել Աստծու խոսքը, որը երբեք նման չէ երաժշտության, որը կարելի է և՛ լսել, և՛ գործ անել: Աստծո խոսքը համակ ուշադրություն է պահանջում՝ լսելիս, թե կարդալիս:
Երկրորդ կարևոր միտքը, որ կարդացինք այս համարի մեջ, այն է, որ Տէր Հիսուս երկինք նայեց: Գրված չէ, թե՝ հիվանդին նայեց, այլ, թե՝ երկինք նայեց: Ավետարաններում մենք շատ են հանդիպել, որ Տեր Հիսուս աղոթքով խոսում է Հոր հետ բարձրաձայն բազմության առջև՝ և Նրա կամքի համաձայն վարվում : Մի օրնակ հիշենք Ղազարի հարության ժամանակ, երբ դարձյալ երկինք նայեց և ասաց, Հայր, շնորհակալ եմ, որ լսում ես ինձ, գիտեմ, որ միշտ լսում ես ինձ, բայց այժմ ասում եմ շուրջս գտնվող մարդկանց համար, որպեսզի նրանք հավատան, որ Դու ինձ ուղարկեցիր:
Ուրեմն երբ Տէր Հիսուս ամբոխի մեջ է կատարում բուժումը կամ հրաշքը, դա ժողովրդի թերահավատության համար է, որ բարձր խոսում է: Այս խուլ համրի պարագայում ուղղակի նայում է երկինք, կարծես թե ասելով,- Հայր, նայիր, թե այս ժողովուրդը ինչպիսի վիճակի մեջ է հայտնվել, հոգևոր առաջնորդների անուշադրության պատճառով:
Ի՞նչ ենք անում մենք՝ մեր նեղության, հիվանդության, փորձության ժամանակ: Գործադրում ենք մեր բոլոր կարողությունները, աշխարհի ճարպկությունները, շատերը դիմում են գրբացների, գուշակների, կախարդությունների: Լավագույն դեպքում դիմում ենք բժշկի՝ ինչը նորմալ է, բայց ոչ երբեք՝ երկինք ենք նայում հենց սկզբից: Աղոթքը մեզ մոտ մնում է ամենավերջում՝ այն էլ համենայնդեպս: Մինչդեռ նախ աղոթքով պետք է սկսվի նույնիսկ բժշկին դիմելը: Մենք չունենք այն վստահությունը Աստծու հանդեպ, որ մեր հիվանդության ժամանակ ասենք,- Հայր, դու ամեն ինչ գիտես, եթե կամենաս նույնիսկ ապաշնորհ բժշկի միջոցով էլ ինձ կբժշկես: Բայց թող Քո կամքը լինի, ինչպես՝ իմ առողջության, այնպես էլ իմ հիվանդությամ հարցում:
Մենք անպայմանորեն, ամեն գնով ուզում ենք առողջանալ, առանց մտածելու, որ գուցե մեր այս հիվանդությունը մեր փրկության աքլորականչն է, որ մեզ հիշեցնելու է Աստծու մասին, աղոթքի մասին, զղջման և մեղքերից ազատվելու մասին:
Երրորդ կարևոր կետը, որի մասին կուզեմ անդրադառնալ, բոլորիս ծանոթ՝ հոգոց հանելն է: Ե՞րբ ենք մենք հոգոց հանում:
Երբ՝ մի հոգս ունենք, մի մտածմունք տանջում է մեզ, մի անարդարություն ծանր նստած է մեր հիշողության մեջ, որի մասին հիշելիս միանգամից հոգոց ենք հանում: Ուրախ մարդը հոգոց չի հանում, այլ ժպտում է: Մեղքից ազատված մարդը հոգոց չի հանում, այլ ներքուստ խաղաղ է, որ ազատվել է դրանից: Հիսուս Քրիստոս հոգոց հանեց, որովհետև իր առջև կանգնած խուլ համարը նույնիսկ չէր էլ մտածում, որ իր հիվանդությունը իր մեղքերի պատճառով է: Եվ այդքան բժշկությունները, որ կատարել էր մարդկանց համար, բոլորը մարդկանց կատարած մեղքերի պատճառով առաջացած հիվանդություններ են:
Մենք ամեն ինչի համար հոգոց հանում ենք, բացի մեր սեփական մեղքերի համար: Մեր տխրության պատճառը մեր մեղքերն են, մեր ունեցած ունայնության պատճառը մեր մեղքերն են: Որքան էլ որ մենք արհեստական և ժամանակավոր ուրախություն ստեղծենք մեզ համար, մեր հիմնական ուրախությունը Աստծուց է, Նրա խոսքից է, Նրա պատգամը կատարելուց է:
Մենք էլ շատ հաճախ մեր կյանքում հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որ դառնում ենք խուլ համրի պես և մեր անելիքը չգիտենք: Հաճախ նույնիսկ սաղմոսերգուի պես ասում ենք,- «ես դարձայ ինչպէս խուլ, որ չի լսում, ինչպէս համր, որ բերանն իր չի բացում։ Ես դարձայ ինչպէս մարդ, որ չի լսում, եւ որի բերանում խօսք չկայ»: Սաղմոս 37:14
Բայց Աստծո խոսքի գիտակը, պատրաստ է ամեն փորձության և բազում օրինակներ ունի իր աչքի առջև Ավետարանից, Տիրոջ պատվիրաններից ու հորդորներից, քանի որ գիտե չարի փորձության մասին:
Մենք իրավունք չունենք մնալ բորոտի կարգավիճակում: Այլ պետք է լինենք մաքրված բորոտ և գոհություն հայտնենք Տիրոջը՝ մաքրվելու համար: Պետք է լինենք խուլ համրի պես բուժված և ուղիղ խոսենք, ինչպես որ գրված է նրա մասին, թե՝ լեզուն բացվեց և ուղիղ էր խոսում: Խոսել սկսեց և այլևս չէր դադարում փառաբանել իրեն Բժշկողին, ինչքան էլ որ Հիսուս նրան արգելում էր Իր մասին պատմել: Այսպես է լինում գոհունակ սիրտը, որը չի կարող լռել և չպատմել բոլորին իր հետ կատարված հրաշքի մասին: Աստված ամեն ինչ լավ էր արել ոչ միայն կաղի ու կույրի, բորոտի ու անդամալույծի, դիվահարի ու արյունահոսի համար, այլ բոլորիս համար է արել: Ուղղակի ոմանք այն մեկ բորոտի պես վերադառնում և շնորհակալություն են հայտնում, ոմանք էլ ասւոմ են,- Սա Հովսեփի ու Մարիամի որդին չէ՞, Որտեղից սրան այսքան զորություն...
Սիրելիներ, Տէր Հիսուս մեզ հետ ուզում է խոսել առանձնության մեջ՝ մեր միջավայրից դուրս, աշխարհի գարշելի աղմուկից հեռու, որպեսզի լսենք Իր խոսքը և հասկանանք: Այլապես ո՞ւմ է պետք մեր սուր լսողությունը, որ Աստծու ձայնը չի լսում: Ո՞ւմ է պետք մեր ճարտար լեզուն, որ ամեն ինչ խոսում է բացի Աստծուց ու Ավետարանից:
Մնացեք սիրով՝ միշտ երկինք նայեք աղոթքով, մեղքերի համար հոգոց հանեք՝ զղջալով, և հեռանացեք աշխարհի աղմուկից՝ Տիրոջը լսելու պայմանով:
Աղօթենք միասին
Սաղմոս. 93
Տէ՛ր, մինչեւ ե՞րբ մեղաւորները պիտի պարծենան, յոխորտալով անիրաւութիւն բարբառեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում։ Քո ժողովրդին, Տէ՛ր, ճնշեցին,եւ քո ժառանգութիւնը չարչարեցին։
Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին. «Տէրը դա չի տեսնում, եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում»։ Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք։ Միթէ ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի։ Ազգերին խրատողն ու մարդուն գիտութիւն ուսուցանողը միթէ չի՞ յանդիմանի։ Տէրը գիտէ մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են։ Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տէ՛ր, եւ օրէնքներդ նրան սովորեցնում։ Տէրը չի մերժի իր ժողովրդին, եւ իր ժառանգութիւնը չի անտեսի, մինչեւ որ դատաստանն արդար դառնայ, եւ բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն։ Եթէ Տէրն ինձ չաջակցէր, մի փոքր եւս՝ եւ հոգիս կը բնակուէր դժոխքում։
Երբ ասում էի, թէ՝ ահա ոտքերս սասանուեցին, քո ողորմութիւնը, Տէ՛ր, օգնում էր ինձ։
Սրտիս ցաւերի բազմանալու ժամին քո մխիթարութիւնը հրճուեցնում էր իմ հոգին։
Տէրն եղաւ իմ ապաւէնը, իմ յոյսի օգնական Աստուածը։