ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 12.28-13.3
Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ: Մի՞թէ բոլորն էլ առաքեալներ են. մի՞թէ բոլորն էլ մարգարէներ են. մի՞թէ բոլորն էլ ուսուցանողներ են. մի՞թէ բոլորն էլ զօրութիւններ գործողներ են. մի՞թէ բոլորն էլ բժշկելու շնորհ ունեն. մի՞թէ բոլորն էլ լեզուներ են խօսում. մի՞թէ բոլորն էլ թարգմանում են: Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին: Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կտամ ձեզ:
Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կնմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են: Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի առավոտ բոլոր քրիստոսասեր հավատացյալներին, և ՙՙհանապազօրյա հաց՚՚ հաղորդաշարի ունկնդիրներին.
Քարոզխոսության մեծ վարպետ, Քրիստոսի աստվածային առաքինությունների մեկնաբան՝ Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված երկու նամակները բոլորին են հայտնի պարզ պատճառով: Քանի որ այո թղթերի մեջ է գրված սիրո օրհներգը: Իսկ սիրո թեման հարազատ է բոլորին, լսելը հաճելի է, կարդալը՝ նույնպես: Սիրո խոստովանությունը ամենահեշտն է, և ոչ մի ջանք չի պահանջում: Սակայն երբ գալիս է այն կիրառելու պահը, անհասանելի է դառնում գրեթե բոլորին: Ինչու: Որովհետև սիրո մասին չեն կարդում, չեն լսում, ուրիշի օրինակին չեն հետևում: Սերը անձնավորություն է, որի անունը Հիսուս Քրիստոս է, և նշանակում է ծառայություն, զոհաբերություն, անձնազոհություն՝ հանուն նպատակի: Մնացած սերերը ժամանակավոր հրապուրանք են, որ մի օր կա, հաջորդ օրը անհայտանում է:
Պողոս առաքյալն էր, որ սիրո սանդղակը այդքան բարձր սահմանեց, և ամեն ինչի գլուխ համարեց: Երեքն են, - ասում է,- հավատ, հույս, սեր,- և սրանցից ամենամեծը սերն է: Կորնթացիների 12 րդ գլխի մեջ առաքյալը խոսում է շնորհների, պաշտոնների, և կարողությունների զանազանության մասին և գլխավոր շեշտը դնում է այն բանի վրա, որ այդ բոլորը պետք է ծառայեն Աստծուն, քանի որ դրանց պարգևողղ Հոգին նունյնն է: Կան զանազան կարողությունների տեր մարդիկ, որոնց մեջ Աստված է գործում, և այս բոլոր շնորհները տրվում են մարդուն՝ ըստ իր կարողության, սրտի մաքրության, կամքի պատրաստակամության և ըստ իր աշխատասիրության: Մեկը իմաստուն է գիտության ոլորտում , մեկը՝ հողագործության, մեկը բժշկության, մյուսը՝ կրթության: Մեկը իմաստուն է հոգիները զանազանելու մեջ, մյուսը՝ Քրիստոսի խոսքը պապակ սրտերին հասցնելու մեջ:
Բայց այս ամենը միևնույն Հոգին է բաժանում, ինչպես որ կամենում է: Երբեմն տեսնում ենք, որ մի հողագործ, որի սիրտը ուրախ է իր գործի համար, կամ մի բժիշկ, որը ուղղակի ապրում է իր աշխատանքով: Ամեն ոլորտում կան նվիրյալ ծառայողներ, որովհետև Աստված է ընտրել նրանց և կանչել ծառայության յուրաքանչյուրին իր տեղում՝ տեսնելով նրանց նվիրումը Տիրոջ հանդեպ: Անշուշտ բոլորը նվիրյալ չեն և Աստված ունի նաև անպիտան ծառաներ: Բայց Ամենարվեստն Աստված այնպես է դասավորել ծառայությունները, որ բոլոր մարդիկ միմյանցից կախում ունենան ու գնահատեն միմյանց: Օրինակ բժիշկը հողագործի արտադրանքի կարիքն ունի, մակնավարժը՝ բժշկի կարիք ունի, բոլորը միասին հոգևոր սպասավորի կարիք ունեն և այլն:
Աստված եկեղեցու մեջ էլ այսպես կարգեց, նախ առաքյալներ, հետո մարգարեներ, ուսուցանողներ, զորավոր գործեր կատարողներ, օգնողներ, կառավարողներ և էլի շատ ուրիշ շնորհներ: Սրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն ունի եկեղեցում առանձին վերցրած: Սակայն Առաքյալն առաջարկում է ընտրել լավագույնը դրանցից: Իսկ լավագույը այն է, որ ցանկացած ծառայություն կատարվի ի սեր Աստծո, Աստծո փառքի համար և հանուն Աստծո: Սեփական փառքի համար արված ամենալավ ծառայությունն անգամ արդարացված չէ, ընդունելի չէ ոչ Աստծու, ոչ էլ մարդկանց կողմից: Իսկ առանց սիրո կատարված ծառայությունը լոկ պարտականություն է հանուն աշխատավարձի: Շատ գեղեցիկ բանաձևով եզրափակում է իր խոսքը մեր սիրելի առաքյալը, ասելով՝ Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ: Մնացեք սիրով ձեր ծառայության վայրում և խաղաղությամբ՝ միմյանց հետ:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին.
Քաղցր և անոխակալ, թող իմ մեղքերը, որ գործել եմ` կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, և հանի՛ր ինձնից քարեղեն սիրտը, և տուր մարմնեղեն սիրտ, և Սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից: Հեռացրո՛ւ ինձ ամեն տեսակ չար գործերից, որ դու ատում ես, և ինձ մոտեցրո՛ւ բարի գործերի, որ դու սիրում ես` գնալու քո աստվածային պատվիրաններին: Որովհետև թեպետ քո առջև օրըստօրե բազմացրի իմ մեղքերը, բայց դու իմ բազում մեղքերին համարժեք մի՛ տուր ինձ և իմ անօրինության համաձայն մի՛ հատուցիր ինձ, քանի որ ես կավ եմ, իսկ դու` իմ ստեղծիչը, եւ քո ձեռքի գործն եմ:
Մեղա, անօրինացա և մատնվեցի անօրեն թշնամու ձեռքը, և շեղեցի ոտքերս քո ուղիղ շավիղներից, և սիրտս չերկնչեց քեզնից: Եվ այժմ, Տեր իմ և Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոս, իսպառ մի՛ թող քո ձեռքից ինձ, որ քո սուրբ արյան գինն եմ: Որովհետև թեպետ ես իմ չար գործերով բարկացրի քո սուրբ անունը, և ողորմած ու անբեկանելի Աստծուդ բարկացրի աշխարհի վրա իմ չար գործերով ու անառակ վարքով, և ընկա նրանց ոտքի տակ, որ քո անունը չկանչեցին, բայց քեզ մոտ ընկա արգանդից ավազանի, և օտար աստվածներ չկան:
Դու ես իմ հայրը, Հիսուս Քրիստոս, և բարիքներ տվող, և իմ մեղքերը քավող. Հեռացրո՛ւ ինձնից մեղքի աղտն ու հիվանդությունները, քեզ եմ դիմում օր ու գիշեր` մեղա երկնքի և քո առջև: Աստված, քավի՛ր ինձ` մեղավորիս, բա՛ց արա դուռը, ինչպես բացիր դրախտի դուռն ավազակին, և ինձ տո՛ւր առանց նեղությունների, հստակ հայցումով ու մաքուր մտածությամբ և առաքինաջան գործով, սուրբ սրտով և հաստատուն հավատով սպասավորել քո սրբարար սեղանին: Եվ մի՛ նայիր անարժանությանս, որ քո առջև եմ ամոթալից մեղապարտ անձամբ, քանի որ դու գիտես իմ հանցանքը, որ քննում ես բոլորի սրտերն ու երիկամները, և իմ մեղքերի հաճախությունը չեմ կարող քեզնից թաքցնել, որովհետև ծածկագետ ես: Այո՛, աղաչում եմ քեզ, մարդասեր, քաղցր և անոխակալ, ներողամիտ և բազումողորմ, եթե բոլոր սրբերին քո առջև բարեխոս չունենայինք, չէինք կարող աղաչել քեզ: Բայց առավել բարեխոս ունեմ քեզ մոտ քո կամավոր տնօրինական խորհուրդը, որ ինձ` մեղավորիս համար կատարեցիր կամովին … Հոնհաննես Գառնեցի.