ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Թուղթ եբրայեցիներին 12.1-7
Ուրեմն, մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում: Ապա ուրեմն, մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք. դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ՝ իբրեւ որդիների. «Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից, քանի որ Տէրը ում սիրում է, խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է»: Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կմօտենայ իբրեւ որդիների:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս, հանապազօրյա հացին սպասող սիրելի հայրենակիցներ. Այսօրվա ընթերցվածքի գլխավոր ասելիքը մեղքի դեմ խելամտորեն պայքարելու և մինչև վերջ համբերելու մասին է:
Քաջատեղյակ Պողոսը ծանոթ լինելով հին ուխտի բոլոր մարգարեներին, թագավորներին, որոնք հավատով պարտության մատնեցին թագավորություններ, արդարությամբ գործեցին, նույնիսկ առյուծների բերանները փակվեցին մարգարեների արդարության պատճառով, այդ բազմությանը վկա է բերում մեզ բացատրելու համար, որ մենք նախ պետք է ազատվենք մեր ծանր մեղքերից, հրաժարվենք մեր հպարտությունից, արծաթասիրությունից և իշխանատենչությունից, որպեսզի կարողանանք ձեռք բերել աստվածպաշտություն: Իսկ աստվածպաշտությունը մարդու մեջ առաջացնում է զգոնություն: Զգոնություն ունեցող մարդը ուշադիր է իր ամեն քայլին և պատասխանատու է իր ամեն խոսքին: Հետևաբար համբերությամբ է ընթանում իր ճանապարհը, որի ավարտին հույս ունի հանդիպելու Հավատի Զորագլխին՝ Հիսուս Քրիստոսին: Անկարելի է ապրել մեղքի մեջ և ծառայել Աստծուն: Գրված է . երկու տիրոջ չես կարող ծառայել…
Նաև անկարելի է անձև ու մեռած հավատքով ծառայել Աստծուն: Աստվածպաշտության հասնելու համար պետք է հայացքը դարձնել դեպի Հիսուս Քրիստոս միայն կենդանի և կատարյալ հավատքով, որը արտահայտվում է սիրո հետ միասին: Անձև ու մեռած հավատք ունեն նրանք, որոնք միայն անունով են քրիստոնյա: Իսկ Պողոս առաքյալը մեզ պատմում է մի բան, որ անձամբ իր փորձառությունից է: Մինչև իրեն չերևաց Կենդանի Հիսուս Քրիստոս, նա չթողեց մարդկանց հալածելու իր կործանարար բռնությունը և քրիստոնյաներին տանջելու և սպանելու ծառայությունը: Այնպես, ինչպես Հայաստան աշխարհի առաջին քրիստոնյա թագավոր Տրդատ մեծը դիվահարվեց, այնուհետև զղջաց իր կատարած կույսերի սպանության համար: Իսկ զղջալուց հետո իր ուսերով քարեր բերեց եկեղեցիներ կառուցեց և քրիստոնեությունը հաստատել տվեց Հայաստանում: Այսպիսի քաղցրություն ունի ճշմարիտ զղջումը, որը հաճելի է Աստծու աչքին, և ինչի վերաբերյալ հարյուրավոր օրինակներ ենք տեսնում Ավետարանում: Առաքյալը պարտավորեցնում է մեզ, որպեսզի մեր նեղության մեջ հիշենք Հիսուս Քրիստոսի կրած նեղությունները, հալածանքները և հատկապես հիշենք Նրա համբերությունը տառապանքների նկատմամբ, քանի որ Քրիստոսի առջև դրված ուրախությունը վեր էր ամեն տեսակ չարչարանքից ու խաչելությունից: Այդ ուրախությունը մեր փրկությունն էր:
Յուրաքանչյուրս մեր փորձից կարող ենք փաստել, որ հեշտ չէ որևէ մեղքից պարզապես ազատվել առանց ջանք թափելու: Սովորության ուժով երբեմն մոռանում ենք, անընդհատ կրկնելով նույն մեղքը, հոգնում ենք պայքարելուց, երբեմն սիրում ենք մի մեղք և չենք ուզում ազատվել դրանից, երբեմն նույնիսկ չենք հասկանում որ դա մեղք է, քանի որ աստվածպաշտությունը հաստատված չէ մեր մեջ: Այս է պատճառը, որ առաքյալը ասում է, որ արյուն թափելու չափ պետք է պայքարեք մեղքի դեմ, որպեսզի հաղթանակած դուրս գաք դեպի մրցասպարեզ, որտեղ ձեզ սպասում է հաղթության պսակը: Տէրը սիրում է Իր խատները ընդունող, հնազանդվող զավակներին և վերջի օրը նրանք պիտի արժանանա Տիրոջ Լույս երեսի տեսությանը: Քրիստոսի սերն ու խաղաղությունը թող օժանդակի ամենքիս՝ այսօ՛ր հաղթանակած դուրս գանք մեղքի ճիրաններից:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին. Աղոթք մեր Տէր Հիսուս Քրիստոսին
Գառն Աստծու, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս, որ զոհվեցիր խաչի վրա և վերացրիր աշխարհի մեղքերը, մեղսագործ ծառաս քո և ամեն հանցանքով ծանրաբեռնվածս ընկնում եմ քո առջև ու աղաչում քեզ, Տեր իմ և Աստված իմ, ողորմիր ինձ` մեղավորիս, ինչպես ողորմեցիր ամբողջ աշխարհին, քանի որ դու ես աշխարհի հույսն ու լույսը, ճանապարհ, ճշմարտություն և կյանք: Մեղքով մեռած քո ծառայիս, որ քո անոխակալ մարդասիրության առջև եմ, հանցանքով անօրինացածիս մի՛ անտեսիր, այլ ողորմի՛ր ինձ հանուն բոլոր տնօրինական չարչարանքներիդ, որ կրեցիր բազում համբերությամբ:
Հիշի՛ր, ամենակեցույց Տեր, հայրական ծոցից իջնելդ և սուրբ կույս Մարիամից մարմնանալդ:
Հիշի՛ր, ամենօրհնյալ Տեր, իբրև մարդ քո շրջելը մեղավոր մարդկանց մեջ:
Հիշի՛ր, ամենասուրբ Տեր, քո մկրտվելը Հորդանանում Հովհաննեսի ձեռքով:
Հիշի՛ր, ամենագետ Տեր, դպիրներից ստացած նախատինքն ու փորձանքները` փարիսեցիներից:
Հիշի՛ր, կանխատես Տեր, Հուդայից մատնվելն ու քահանաներից ծաղրվելը:
Հիշի՛ր, ամենազոր Տեր, պարտեզում բռնվելն ու կապկպվելը խուժանից:
Հիշի՛ր, ամենակարող Տեր, Կայիափայի առջև լինելն ու Աննայից հարցաքննվելը:
Հիշի՛ր, անոխակալ Տեր, ծառայից ապտակվելն ու կատաղիների կռուփը:
Հիշի՛ր, ներողամիտ Տեր, եբրայեցոց թուքն ու ծեծելը եղեգնով:
Հիշի՛ր, արքաների արքա, Պիղատոսի ատյանում կապանքներով կանգնելն ու նրանից գանահարվելը:
Հիշի՛ր, անմատչելի լույս, կարմիր քղամիդն ու փշե պսակը:
Հիշի՛ր, անհիշաչար Տեր, այն ժամը, երբ ուսիդ առար կենսաբեր խաչափայտը:
Հիշի՛ր, բարձրյալ, քո բարձրանալը կենդանարմատ փայտին և գամերով ամրանալը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար ծարավից նեղվելը և լեղի ու քացախ ճաշակելը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար «Էլի, Էլի» ձայնը, և զինվորից խոցվելը:
Հիշի՛ր, մի՛ մոռանար վարդագույն սուրբ արյանդ հոսելը և աստվածացած գլխիդ խոնարհվելը:
Հիշի՛ր, կենդանիդ հավիտենից, եռօրյա թաղումն ու աստվածորեն հարություն առնելը և հրաշափառորեն համբարձվելը:
Հիշի՛ր, հիշի՛ր կորսվածիս, հիշատակդ հավիտենից, քանի որ մեղավորիս համար հանձն առար այս ամենը, բոլորագութ Տեր:
Արդ, այս ամենն ունեմ քո առջև միջնորդ ու բարեխոս, բազումողորմ, ողորմի՛ր ինձ և թո՛ղ իմ բոլոր հանցանքները և սրբիր մեղքերից, ազատի՛ր գեհենի անվախճան վշտերից և ինձ տեղ տուր քո արքայության մեջ, չէ՛ որ դու մարդասեր Տեր ես: Եվ քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: Հովհաննես Գառնեցի.