ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 13.31-42
31Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ առնելով սերմանեց իր արտի մէջ: 32 Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում՝ այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»: 33 Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին առնելով դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: 34 Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, 35 որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»: 36 Այն ժամանակ Յիսուս, արձակելով ժողովրդին, տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»: 37 Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38 իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39 եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներն են: 40 Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կլինի այս աշխարհի վախճանին: 41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում: 42 Եւ կգցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջունում եմ այս պահին Հանապազօրյա հացի մշտական ունկնդիրներին, և խաղաղ օր եմ մաղթում ձեզ, քանի որ դուք ընտրեցիք լավագույնը՝ վաղ առավոտից լսել Աստծո խոսքը և դրա վրա կառուցել ձեր հետագա օրն ու գործը: Աստված կամենում է, որ հավատացյալը ճշմարիտ խոսքի վրա կառուցի իր կյանքը, որպեսզի աշխարհի ալեկոծումներից չսասանվի, չերկմտի, չխաբվի, չգայթակղվի: Եթե ոււշադրություն դարձրել եք, ապա անպայման նկատած կլինեք, որ Հիսուս քրիստոս Իր աշակերտներին որևէ հրաշքի, կամ տեսարանի ականատես անելուց առաջ նախ նրանց ներաշխարհն էր հանդարտեցնում, հետո արտաքին փոթորիկները և ալեկոծությունները: Վարդապետի սկզբունքը այս է, նախ դու Աստծուն երկրպագիր, եթե նույնիսկ ծովի վրա ես, կամ եթե ոտքերդ ամուր տեղ չեն և դու տատանվում ես: Երկրպագիր Աստծուն, որպեսզի հետո դավանես Նրան ու հավատքդ զորանա:
Հիսուս Քրիստոս այս համարում աշակերտներին նախապատրաստում է Երկնքի արքայության մասին խոսելու, և երկնքի արքայության գաղափարը նրանց սրտին հասցնելու համար: Ամեն ինչ նրանց համար բացատրւոմ է առակներով, որպեսզի և՛ հասկանալի լինի, և՛ ասելիքը տպավորվի մտքներում և ամենակարևորը աշակերտները լսածը վերլուծելու կարողություն սովորեն: Ավետարաններում մենք շատ ենք հանդիպում, որ աշակերտները հարցնում են Վարդապետին այն, ինչը չեն հասկացել: Մեր օրերում այս երևույթը չկա: Եկեղեցու քարոզից հետ քահանային հարց չեն տալիս: Սա լինում է երկու պատճառով, կամ թեման հասկանալի չէ, կամ կուրորեն ընդունում են հոգևորականի ասած միտքը, ինչը սխալ է: Վերլուծել լսած խոսքը, կամ հարցեր տալ լսածի մասին, դեռ չի նշանակում հակառակվել կամ չհավատալ: Ինչևէ: Տեսնենք թե ինչ է Երկնքի արքայությունը; Նախորդ համարում մեր Տերը երկնքի արքայությունը նմանեցրեց մի մարդու, որը իր արտի մեջ բարի սերմեր ցանեց: Այնուհետև նրանց առջև մի ուրիշ առակ բացեց, որտեղ Երկնքի արքայությունը նմանեցնում է մանանեխի հատիկի: Իսկ այս առակի մեջ Երկնքի արքայությունը նմաննեցնում է թթխմորի, որ մի կին դրանով խմորել է երեք չափ ալյուր: Աստվածաշնչի որոշ մեկնաբաններ այս երեք չափը համեմատում են մարդու կյանքի երեք ժամանակների հետ՝(անցյալ, ներկա և ապագա): Եթե այս տրամաբանությամբ վերլուծենք, ապա մարդը իր որ տարիքում էլ որ դարձի գա, Աստծու խոսքը կխմորի նրա կյանքի մյուս երկու ժամանակները: Հիսուս Քրիստոս առակները պատմելիս գործածում է կենցաղային օգտագործման անուններ, որպեսզի մարդկանց համար ավելի պարզ լինի ասելիքը: Ամենքս էլ մեր տներում տեսել ենք, թե ինչպես է թթխմորը խմորում մի ողջ զանգված, և այդ նույն զանգվածից ներցվում է թթխմոր՝ հաջոր խմորը պատրաստելու համար: Մենք չափազանց զգոն պետք է լինենք մեր մեջ սերմանված բարի սերմի նկատմամբ, հաճախ պետք է ստուգենք, որ նրա հետ որոմ չբուսնի, չվնասի ճշմարիտ խոսքը: Մի գեղեցիկ արտահայտություն կա, որն ասում, երբ Աստծու խոսքը մարդու սրտում պտուղ չի տալիս, ցորենը արտի մեջ որոմ է դառնում: Հավատացյալ մարդու ողջ կյանքը քննության կարիք ունի, ընդ որում դա պետք է արվի ամեն օր, որպեսզի որոմը ամեն օր մաքրվի և տեղ պատրաստվի Երկնքի արքայության համար: Երկնքի արքայությունը նույնպես վայր չէ, ինչպես դրախտն ու դժոխքը: Մեր Տերը ասաց, որ Երկնքի արքայությունը այլ տեղ մի փնտրեք, այն ներսում՝ ձեր մեջ է: Քրիստոնյայի սրտի ու մտքի մաքրությունը պարտադիր պայման է հոգևոր կյանքը ավարտի հասցնելու համար:
Խոսքս ավարտեմ սուրբ հայրերից մեկի մի լավագույն մտքով, որն ասում է,- Բարի Հովիվը մեղավոր մարդուն նայում է այնպես, ինչպես վնասված սրբապատկերի, որը վնասվել է չար մարդու ձեռքով, կամ կյանքի դժվարություններից, և որի մեջ դեռ երևում է Աստծու պատկերն ու նմանությունը: Քրիստոնյայի պարտականությունը այդ պատկերը ամբողջական պահելն է բարի հովվի շնորհիվ: Մնացեք սիրով և խաղաղությամբ: Ուրիշ ճանապարհ չկա ուրախ լինելու: