ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 2.6-10
6 Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, 7 այլ քարոզում ենք Աստծոյ խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. 8 եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի. 9 այլ, ինչպէս գրուած էլ է. «Ինչ որ աչքը չտեսաւ, եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իր սիրելիների համար»: 10 Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծոյ խորունկ ծրագրերը.
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի քույրեր և եղբայրներ:
Մեր ամեն օրվա պատգամը բխում է նախորդ օրվա պատգամի տրամաբանությունից, իսկ նախորդը՝ հիմնված է դրանից առաջ գրված ճշմարտության վրա: Աստվածաշնչի ամեն գիրք իր հատուկ ուղղորդող ասելիքն ունի իր ընթերցողին և կարելի է առանձին վերնագրերով կարդալ յուրաքանչյուր գիրք, սակայն ողջ Աստվածաշունչը ընթերցողի ձեռքից բռնած տանում է դեպի Հիսուս Քրիստոս, դեպի Նրա ծնունդը, կյանքը, քարոզությունը, հալածանքները, խաչելությունը, Հարությունը և Համբարձումը և Երկրորդ Գալուստը: Աստվածաշունչը մի չքնաղ ճամփորդություն է, որի ավարտին գտնում ես քո Փրկչին և քո փրկությունը:
Հիսուս Քրիստոսի կյանքի միայն երեք տարիների գործունեությանն ենք մենք ծանոթ Ավետարաններից: Այդ Ավետարաններն են մեզ պատմում, թե ինչեր է խոսել, պատմել, բացատրել, պատգամել մեր Տերը հետագա սերունդներին փոխանցելու համար: Առաքյալն ասում է,- մենք ձեզ քարոզում ենք իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխանների իմաստությունն է, այլ մեր քարոզածը Աստծու խորհրդավոր իմաստությունն է, որը չճանաչեցին այս աշխարհի իշխաններից ոչ մեկը: Քանի որ եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը չէին խաչի: Հիմա մի պահ մտքով վերադառնք խորհրդային տարիներ, և հիշենք, որ մեզ քարոզվում էր Աստծո իմաստությունը՝ առանց Աստծո և առանց Աստվածաշնչի: Նրանք կամեցան Աստծո փառքը իրենց վերագրել, և իրենց հեղինակային իրավունքով մեզ ներկայացնել Աստվածային բարոյական օրենքներն ու ճշմարտությունները: Աստծու փառքը և հեղինակային իրավունքները միայն Իրեն են վերապահված, ոչ մարդուն: Այդ պատճառով փլուզվեց այդ հսկա համակարգը՝ նպատակին չծառայելու համար: Մեր օրերում էլ իշխանները առանձնապես չեն փայլում իրենց աստվածավախությամբ և աստվածսիրությամբ: Սուրբ Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու». Հզոր է այն պետությունը, որի սահմանադրության մեջ Աստված կա, և բարոյական օրենքներ են հաստատում ժողովրդի կյաքի որակը բարելավելու համար: Աստվածաշունչը գրվել է բոլոր ազգերի, բոլոր մարդկանց համար: Համբարձումից առաջ Քրիստոս պատվիրեց աշակերտներին, ասելով՝ «Գնացէ՛ք ամբողջ աշխարհով մէկ եւ քարոզեցէ՛ք Աւետարանը բոլոր մարդկանց։ Ով հաւատայ եւ մկրտուի, պիտի փրկուի, եւ ով չհաւատայ, պիտի դատապարտուի»։ Սուրբ Գիրքը գրված է Սուրբ Հոգու ներշնչմամբ, Հիսուս Քրիստոսի պատգամը տրված աշակերտներին՝ քարոզելու համար Ավետարանը, Առաքյալների հորդորներն ու թղթերը կան՝ կարդալու համար: Ամեն պայման կարծես ստեղծված է մարդ- Աստված կապը հաստատելու և ամուր պահելու համար:
Միայն չկա ցանկությունը այդ Գրքի պարունակությունը կյանքից ներս բերել և հաշտ ապրել Աստծու հետ: Գրքից անտեղյակ մարդըչի կարող հավատարիմ մնալ Աստծու խոսքին, առավել ևս չի կարող կանչել Նրա անունը՝ իր նեղության մեջ: Մեկ այլ տեղում Պողոս առաքյալն ասում է. «Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելու. կամ ինչպէ՞ս քարոզեն, եթէ չառաքուեցին, ինչպէս գրուած էլ է. «Ի՜նչ գեղեցիկ են ոտքերը խաղաղութեան աւետարանիչների եւ բարի բաների աւետիս տուողների»: Ապա ուրեմն, հաւատը լսուածից է, եւ լսուածը՝ Քրիստոսի խօսքից: Դրա համար էլ Պողոս Առաքյալն ասում, թե իմաստությունը քարոզում ենք հոգեպս կատարյալներին: Իսկ հոգեպես կատարյալ կարող է դառնալ ամեն ոք, ով ջանք է թափում Տիրոջ դաշտի մեջ, ով ցանում է բարի սերմը, ով մշակում է հողը առանց տրտնջալու, իսկ առատ պտուղը ապահովում է բարիքների Պարգևատուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոս: Մնացեք սիրով, խաղաղությամբ, աստվածգիտությամբ, և համբերությամբ:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին:
Տէր Աստուա՛ծ մեր, Դու պահեա՛ զմեզ խաղաղութեամբ ի գիշերիս յայսմիկ եւ յամենայն ժամանակի: Ընդ սուրբ երկիւղ Քո բեւեռեալ պահեա՛ զմիտս եւ զխորհուրդս մեր, որպէս զի յամենայն ժամ Քեւ պահպանեալ լիցուք յորոգայթից թշնամւոյն եւ Քեզ հանցուք զօրհնութիւն եւ զփառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Հրեշտակի խաղաղութեան յա՛նձն արա զանձինս մեր, Տէ՛ր զօրութեանց, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում, զի Դու ես արարիչ լուսոյ եւ հաստիչ գիշերի: Եւ այժմ աղաչեմք զՔեզ, Տէր Աստուա՛ծ մեր, զհանգիստ գիշերիս շնորհեա՛ խաղաղութեամբ անցուցանել եւ հասանիլ ի պաշտօն առաւօտու յերկրպագութիւն եւ ի փառաբանութիւն Ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: