Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին Ծնունդն ու Մկրտութիւնը միասին տօնում. / hogevor qarozner hayeren

Հարց. – Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին Ծնունդն ու Մկրտութիւնը միասին տօնում, մինչ միւսները տօնում են առանձին։ Եւ ինչո՞ւ են տօնում յունուարի 6-ին, իսկ միւս ազգերը՝ դեկտեմբերի 25-ին։
Պատասխան. – Մինչեւ Դ դար բոլոր քրիստոնեաները այս տօները նշում էին յունուարի 6-ին, ինչպէս հաստատում են թէ՛ յոյն եւ թէ՛ լատին մատենագիրները։ Ե դարից Արեւմտեան Եկեղեցիները այդ տօնը սկսեցին նշել դեկտեմբերի 25-ին։ Այդ էլ կապուած էր հեթանոսական տօնի՝ արեւի ծննդեան ձմեռային արեւադարձի օրուայ հետ՝ երբ ցերեկուայ տեւողութիւնը սկսում է աւելանալ։
Արեւմուտքը յոյս ունէր այս ձեւով ազատուել հեթանոսական այդ տօնից՝ փոխարինելով այն Աստուածայայտնութեան՝ իսկական Արեգակի տօնով։
Հայ Եկեղեցին լինելով աւանդապահ, չփոխեց առաքելական դարի սահմանած կանոնը եւ պահեց այն մինչ մեր օրերը։
Այսպիսով Արեւմտեան Եկեղեցին թէեւ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, բայց Մկրտութիւնը՝ յունուարի 6-ին` ինչպէս մենք։
Նոյն կերպ է նշում այդ տօնը նաեւ Ռուսաց Եկեղեցին։ Ծնունդը՝ դեկտեմբերի 25-ին, իսկ Մկրտութիւնը՝ յունուարի 6-ին։
Քանի որ Ռուսաց Եկեղեցին մինչ հիմա չի անցել Գրիգորեան տոմարի Նոր Տոմարի, այլ նշում է Յուլեան տօմարով Հին տոմարով, ապա բնականաբար Ծնունդը կընկնի՝ դեկտեմբերի 25+13 օր = յունուար 7-ին, իսկ Մկրտութիւնը համապատասխանաբար՝ յունուարի 6+13 օր = յունուարի 19-ին։ Այս ձեւով են նշում Ծնունդն ու Մկրտութիւնը Ռուսաց մէջ եղող Հայ համայնքները։
Համաձայն Հին Կտակարանի, որեւէ մէկը իրաւունք չունէր քահանայութիւն անել, եթէ չէր լրացել նրա երեսուն տարին։ Ուստի երբ Յիսուս սկսեց քարոզել, սկսուեց Նրա քահանայութեան շրջանը, Նա
երեսուն տարեկան էր։ Իսկ Նա սկսեց քարոզել Մկրտութեան օրից յետոյ։ Այս առումով էլ Նախնի Եկեղեցին Ծնունդն ու Մկրտութիւնը նշում էր միեւնոյն օրը, որին հարազատ մնաց Հայ Եկեղեցին մինչեւ այսօր։ Մեր Եկեղեցին Սբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին: Այդ օրը մատուցվում է Սբ Պատարագ, և մարդիկ իրար ողջունում են`ասելով.
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է Ծնունդն Քրիստոսի»: