Երբ մեղանչում ենք, համբերում է Տերը.
Թեև մանուկը անկարող է ոչինչ անել կամ էլ չի կարող քայլելով գնալ դեպի մայրը, սակայն, փնտրելով մորը, շարժվում է, ճչում, լաց լինում: Եվ մայրը խղճում է նրան: Նա ուրախ է, որ երեխան ճիգով և ճիչերով փնտրում է իրեն: Եվ քանի որ մանուկը չի կարող գնալ նրա մոտ, ապա մայրն ինքը, տեսնելով մանկան երկար որոնումները և տոգորվելով սիրուց, իրեն երկար փնտրելու պատճառով, մոտենում է նրան և մեծ քնքշությամբ վերցնում է, գուրգուրում և կերակրում է նրան: Նույնն է անում և մարդասեր Աստված հոգու հետ, որը գալիս է և փնտրում է Նրան: Սակայն Նա բանական հոգուն փարվում է անհամեմատ ավելի շատ միայն Իրեն հատուկ սիրով և Իր իսկ բարեգթությամբ: Նա, ըստ Առաքյալի խոսքի, մե՛կ հոգի է դառնում նրա հետ (Ա Կորնթ. 6: 17)
Տերը ողորմում և համբերում է, սպասելով մեր դարձին, իսկ եթե մեղանչում ենք, համբերում է, սպասելով մեր ապաշխարությանը, և եթե ընկնում ենք, ամոթ չի համարում ընդունել մեզ նորից, ինչպես ասել է Մարգարեն. Նա, որ գլորվում է, միթե չի՞ ելնում, կամ նա, որ շեղվում է, հետ չի՞ դառնում (Երեմ.8: 4): Միայն թե սթափվենք, ձեռք բերենք բարեխոհություն, շուտափույթ և անկեղծորեն
դառնանք դեպի Նա` հայցելով Նրա օգնությունը: Իսկ Նա պատրաստակամ է փրկելու մեզ, որովհետև սպասում է հավատից և ջերմեռանդությունից մեր կարողության չափով բարի դարձած մեր կամքի ջերմագին փափագներին դեպի Իրեն, իսկ ամեն մի առաջխաղացում Ինքն է կատարում մեզանում: Այդ պատճառով էլ, թոթափելով ամեն տեսակ նախապաշարում, ծուլություն, անփութություն, ձգտում ենք դառնալ անվեհեր և պատրաստ` Նրա ետևից գնալու: Չհետաձգենք դա օր օրի վրա, հրապուրվելով արատներով, քանզի չգիտենք, թե երբ է լինելու մեր ելքը մարմնից:
Մեր Եկեղեցու Հայրերը մեկը մյուսին հետևելով Սուրբ Գրքի ճշմարտությանը հավատարիմ մնալով` ուսուցանում են մեզ մեր ժամանակավոր կյանքը շիտակ ապրելու կանոնները, իսկ մենք տարված լինելով կենցաղային հոգսերով, կամ վայելքներով` աչք ենք փակում և անտեսում ենք մեզ ուղղված պատգամները, ինչպես Աստվածաշունչ Մատյանը, այնպես էլ Հայրերի թողած հոգևոր Գանձերը: Տիեզերական Սուրբ Վարդապետը երկյուղով է ասում այս խոսքերը և որպես անարժան է ներկայանում Աստծո առջև, ասելով`
Վա՜յ ինձ, երբ ելնի եղկելի մարմնիցս անարժան հոգիս, Ինչպե՞ս պիտի ներկայանամ ճշմարիտ դատավորին. Վա՜յ ինձ, երբ լապտերիս յուղն սպառվի, Զի եթե մարի, էլ չի վառվի նա, Վա՜յ ինձ պակուցման համար այն ահեղ ու տագնապալից, Երբ առագաստի մուտքը փակվի. Վա՜յ ինձ, երբ լսեմ երկնավոր թագավորի վճռով կնքված Սիրտս դող հանող և սարսափելի այս խոսքն ահավոր,- << Քեզ չե՛մ ճանաչում>>: Նարեկացի <<Մատյան ողբերգության>>.