Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Մեր ազատությունը իրակա՞ն է, թե թվացյալ
Ազատություն է այժմ ամենուրեք... քան մի քսան- երեսուն տարի առաջ:
Ծնողի խոսքը զավակի համար ժամանակավրեպ է այլևս.
Զավակը ազատ է իր հագ ու կապի և պահվածքի մեջ.
Մեծահասակի խորհուրդը համարվում է անհարկի փնթփնթոց.
Մի խոսքով ամենուրեք մեր աչքերը հանդիպում են այս աշխարհի ազատության պտուղ` անճաշակությանը:
Ասում են թե`
Խոսքի ազատություն է,
Մտքի ազատություն է,
Խղճի ազատություն է,
Կրոնի ազատություն է,
Մամուլի ազատություն է,
Լրագրողական ազատություն է,
Գովազդի ազատություն է ամենուրեք:
Այսքան ազատություն ունենք, դարձյալ դժգոհ ենք, դարձյալ անհանդուրժող ենք, դարձյալ տրտնջում ենք: Եթե մենք այսքան ազատ ենք, ինչո՞ւ չենք կարողանում ճշմարտությունը ասել մեր խոսքի կառուցման ժամանակ, մեր կենցաղում, և առհասարակ: Ինչո՞ւ չենք կարողանում մեզ ցավեցնող երևույթների մասին ասել բացարձակ ճշմարտությունը, որովհետև վախենում ենք մեր վերադասից, վախենում ենք մեր աթոռից ու մեր թեթև պաշտոնիկներից: Վախենում ենք, որովհետև մենք էլ մի բան ունենք թաքուն, որ չենք կամենում որ բացահայտվի, և ստիպված հարմարվում ենք կեղծիքի հետ: Եթե ազատ ենք, ուրեմն պետք է որ վախ չունենանք, իսկ եթե դեռ վախենում ենք, ուրեմն ազատ չենք և այդ թվացյալ ազատությունը մեզ օգնում է, որ պատերի տակ խոսենք, կամ մեր մտքում գոնե, ոչ համապատասխան տեղում: Երբեմն այդ մեր ունեցած ազատությունը նմանվում է սանձարձակության, քան ազատության: Փաստորեն մեր ունեցածը իրական ազատությունը չէ:
Սակայն կա մեկ այլ` քրիստոնեական Ազատություն, որը մեզ տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոս ասելով. «Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»։ Հովհ.8:32 Եվ Նա ուղարկեց աշխարհ Ճշմարտության Հոգին, որպեսզի բնակվի ամեն ճշմարիտ քրիստոնյայի սրտի մեջ և ազատի նրան խավարի մոլության կապանքներից: Քանի որ «Ով Տիրոջով ծառայ է կանչուած, Տիրոջ կողմից ազատուած է. նոյնպէս եւ՝ ով ազատ է կոչուած, Քրիստոսի ծառան է»։ Ա.Կր.7:21
Իսկ այսօր ինչպե՞ս ենք ըմբռնում, ինչպե՞ս ենք գործադրում մեր թանկ գնով ձեռք բերված ազատությունը: Մի՞թե հիշում ենք Պողոս Առաքյալին , որ ասում է.
«Եղբայրնե՛ր, դուք կոչուած էք ազատութեան. միայն թէ ձեր ազատութիւնը սոսկ մարմնի ցանկութիւնների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցէք միմեանց».Գաղ.5:13
Մեր կյանքի ամեն մի դրվագ վերցնենք ու թակենք Ավետարանի տարբեր դռներ, մինչև մեկում գտնենք ապրելու ճիշտ բանաձևը : Հովհաննես Առաքյալը դարեր շարունակ աղաղակում է այս մասին. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է։ Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է։ Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք»։ Իսկ Պետրոս Առաքյալը ամփոփում է, ասելով. «Քանի որ մարդ ինչից որ յաղթւում է, նրան էլ ծառայ է»: Գտնենք մեր իրական ազատությունը և վայելենք..
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 8.1-15
1 Եղբայրնե՛ր, ձեզ ցոյց եմ տալիս Աստծոյ այն շնորհը, որ տրուած է Մակեդոնիայի եկեղեցիներին. 2 որովհետեւ, հակառակ իրենց կրած նեղութեանն ու մեծ փորձութեանը, նրանց ուրախութիւնն անսահման եղաւ, եւ իրենց ծանր աղքատութեան մէջ նրանք մեծ առատաձեռնութիւն ցուցաբերեցին. 3 քանզի իրենց կարողութեան համեմատ եւ նոյնիսկ իրենց կարողութիւնից էլ աւելի յօժար կամքով իրենց տուածի մասին եմ վկայում. 4 բազում աղաչանքներով աղաչում էին, որ մեզ տան այն ընծաները եւ պաշտօնի մասնակցութիւնը, որ սրբերի համար է: 5 Եւ ոչ միայն՝ այնչափ, որչափ ակնկալում էինք, այլ իրենք իրենց եւս նուիրեցին նախ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստծոյ կամքով: 6 Աղաչեցինք Տիտոսին, որ ինչպէս սկսել էր աւելի առաջ, նոյն ձեւով եւ աւարտին հասցնի ձեր մէջ այդ շնորհը եւս: 7 Եւ ինչպէս ամէն ինչում հարուստ էք հաւատով, խօսքով, գիտութեամբ, ամենայն փութաջանութեամբ եւ այն սիրով, որ կայ ձեր մէջ մեր հանդէպ, նայեցէք, որ այդ շնորհի մէջ էլ հարուստ լինէք: 8 Հրաման տալով չէ, որ ասում եմ, այլ ուրիշների փութաջանութիւնը տեսնելով՝ ձեր սիրոյ անկեղծութիւնն եմ փորձում, 9 քանզի գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, նա, որ հարուստ էր, որպէսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք: 10 Եւ այս բանի վրայ մի խրատ եմ տալիս, քանի որ դա ձեր օգտի համար է. դուք, որ առաջինը սկսեցիք ոչ միայն անել այդ գործը, այլեւ այն կամենալ դեռեւս անցեալ տարուց: 11 Բայց արդ, աւարտին հասցրէք այն, որովհետեւ ինչպիսի յօժար կամքով որ սկսեցիք, կատարեցէք այն ձեր ունեցուածքի չափով. 12 քանզի եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրուածն ընդունելի է ըստ տուողի ունեցածի եւ ոչ թէ՝ ըստ չունեցածի. 13 ոչ թէ ուրիշներին հանգստութիւն եմ կամենում, իսկ ձեզ՝ նեղութիւն, այլ թող լինի հաւասարութեամբ. 14 ներկայ դէպքում ձեր առատութիւնը թող լցնի նրանց պակասութիւնը, որ նրանց առատութիւնն էլ լցնի ձեր պակասութիւնը, որպէսզի հաւասարութիւն լինի. 15 ինչպէս գրուած էլ է, թէ՝ «Ով շատ հաւաքեց, ոչինչ աւելի չունեցաւ, իսկ ով՝ քիչ, նրանը չպակասեց»: