ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 3.6-12
6 Փարիսեցիները հերովդէսականների հետ իսկոյն դուրս ելան եւ խորհուրդ էին անում նրա դէմ, թէ ինչպէս նրան կորստեան մատնեն: 7 Իսկ Յիսուս իր աշակերտների հետ միասին գնաց ծովեզերք: Եւ Գալիլիայից բազում ժողովուրդ էր գնում նրա յետեւից. 8 նաեւ Հրէաստանից, Երուսաղէմից, Յորդանանի միւս կողմից, ինչպէս նաեւ Տիւրոսի եւ Սիդոնի շրջակայքից բազում ժողովուրդ, երբ լսում էր, թէ նա ինչքան բան է անում, գալիս էր նրա մօտ: 9 Եւ նա իր աշակերտներին ասաց, որ իր համար մի նաւակ պատրաստ լինի ամբոխի պատճառով, որպէսզի իրեն չնեղեն: 10 Քանի որ շատերին բժշկեց, ուստի ամէն տեսակ հիւանդութիւններ ունեցող մարդիկ գալիս էին, խռնւում նրա շուրջը, որպէսզի դիպչեն նրան: 11 Եւ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին ու ասում. 12 «Դու Աստծոյ Որդի ես»: Իսկ նա խստիւ պատուիրում էր նրանց, որ իր ինքնութիւնը չյայտնեն:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ Սիրելի հայրենակիցներ՝ աշխարհի բոլոր ծայրերում: Շնորհ և խաղաղությւն ձեզ Հայր Աստծուց և մեր Տէր Հիսուս Քրիստոսից: Ճշմարիտ գիտությանը հետևենք աստվածպաշտությամբ և հավիտենական կյանքի հույսով ընթանանք դեպի մեր խաղաղ նավահանգիստ:
Երեկ մենք մանրամասն անդրադարձանք շաբաթը պահելու և չպահելու կանոններին: Այսօրվա Ավետարանը դրա շարունակությունն է, երբ արդեն փարիսեցիները միացան հերովդեսականներին և նախնական դավադրություն էին խորհում, թե ինչպես Հիսուսին կորստյան մատնեն: Բայց Հիսուս խաղաղ էր, և աշակերտների հետ ծովեզերք գնաց:
Աստված մարդացավ առանց մեղքի, և Իրեն հայտնի էր մարդ արարածի սրտի բոլոր նենգ մտածումները, կեղծավորությունը, մարդահաճությունը, ագահությունը՝ իշխանության և փառքի համար: Նա առաքելությամբ էր եկել, բայց զգուշացնում էր, որ ամեն մարդ հեռու լինի գայթակղությունը իր ձեռքով բերելուց:
Երբեմն բարդ անորոշությունը մարդկանց դնում է նեղ վիճակի մեջ, որպեսզի մարդիկ պարզ որոշում կայացնեն: Մարդը չի կարող երկու ճանապարհով գնալ, մեկը պետք է լինի այդ ճանապարհը: Այդ սերնդի քահանայապետները փարիսեցիները և օրենսգետները որոշեցին գնալ նենգ ճանապարհով և Խաչը հանել մարդկության փրկությունը բերողին: Ոչ մի ապերախտություն անպատիժ չի մնում, սակայն դժբախտ է այն ազգը, կամ հասարակությունը, եթե օր առաջ չապաշխարի իր գործած մեղքերի համար և ներում չստանա: Տէր Հիսուս Քրիստոս Իր աշակերտներին, և աշակերտների միջոցով նաև մեզ սովորեցնում է, որ ամեն գործ պետք է գնահատվի բարոյապես ներքին շարժառիթների տեսակետով, ապա թե ոչ, փարիսեցիներն ու կեղծավորները, և ճարպիկ խաբեբաները պիտի համարվեին այս աշխարհի մարդկության զարդը՝ իրենց արտաքին կեղծ պահվածքով:
Հիսուս Քրիստոսի քարոզության մեջ գլխավոր շեշտը միշտ դրված է ներքին մաքրության վրա: Մենք այդ նույն սերնդից տեսնում ենք նաև աշակերտներին, որոնք թեպետ հավատքի մեջ սկզբում տկար էին, բայց հետևում էին Քրիստոսին: Նույնիսկ այնքան խիզախություն ունեցան, որ իրենց մասին այդքան ճշմարտությունները գրեցին Ավետարաններում: Եթե կա կեղծավոր քահանայապետ, կա նաև Սիմոն Պետրոս, եթե կա սառնասիրտ Պիղատոս կա նաև Հովհաննես և Պողոս: Հետևաբար, սիրելիներ, Ավետարանները կարդալիս ուշադրություն դարձնենք ամեն մտքի վրա, որովհետև ոչինչ աննպատակ չի գրվել Սուրբ Գրքում: Փարիսեցիներն էլ կարող էին լսել Հիսուսին և անդրադարձ ունենային իրենց սխալների նկատմամաբ, բայց չարեցին, իսկ աշակերտները թեպետ սխալներ ունեին, բայց հավատացին իրենց Կանչողին ու հետևեցին:
Մեր Տէր Հիսուս Քրիստոս ոչ անպտուղ ազգ է ուզում, ոչ անպտուղ առաջնորդ է ուզում, ոչ էլ անպտուղ հավատացյալ: Նա ուզում է, որ Իր Պատվական խաչելության նպատակը հասու լինի ամեն բանական մարդու՝ հրեա թե հեթանոս, հայ թե ռուս և ամեն ազգ: Փրկությունը ազգություն չի ճանաչում, հարուստ ու աղքատ չի ճանաչում, առաջնորդ ու ռամիկ չի ճանաչում: Այս գիտակցությանը հասնելու համար պետք է կարդալ Մեծ Վարդապետի սուրբ գրությունները, որովհետև այս Վարդապետն է, որ գալու է որպես Արդար Դատավոր և կարդալու է բոլորիս դատավճիռը՝ վերջին օրը:
Եթե Ադամի համար գրվեց դատավճիռ, որում ասվում է. «Հող էիր եւ հող էլ կը դառնաս»։ Քրիստոսից հետո մարդկության համար գրվեց մեկ այլ դատավճիռ, որում ասվում է՝ «Ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան»։
«Ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»,- ասում է Հիսուս Քրիստոս Իրեն լսողներին: Տխուր է այս կյանքը, սիրելիներ, չնայած, որ չկա սով, պատերազմ, և հալածանք: Երբ որ սկսվի այս բոլորը, կարելի է ուրախանալ և ցնծալ, որովհետև ազատվելու ենք այս կյանքի տխրությունից և տանջանքներից: Այսպես չեն մտածում նրանք, որոնք ուրախ վայելում են կյանքը: Վերջին օրերի մոտենալուն պես նրանք տխրելու են, որովհետև չեն ուզելու բաժանվել իրենց հաճույք պատճառող մեղքերից:
Սիրելի քրիստոնյաներ, և ոչ քրիստոնյաներ, որ սիրում եք լսել Աստծո պատգամները, տեսեք, թե ում է սիրում Աստված:
Աստված Իր տան մեջ կարգեց տանուտերեր, որպեսզի Իր խոսքը փոխանցեն Իր ծառաներին, և ասաց,- քարոզեցեք, սովորեցրեք, բուժեք, քանի որ չգիտեք, թե երբ կգա տան Տերը: Աստված սիրում է այն տանուտերին, որը ժամանակին կերակրում է իր ծառաներին, առանց հաշվի առնելու, թե երբ կգա Տերը: Իսկ այն ծառան, որ գիտի իր Տիրոջ կամքը և չի վարվում այդպես, պատիժը մեծ կլինի: Ամենքից կպահանջվի իրեն տրվածի չափով: Եթե կլինի մեկը, որ կասի, ես չգիտեի, նա քիչ ծեծ կուտի: Իսկ մենք՝ քրիստոնյաներս, որ գիտենք Տիրոջ կամքը, պարտավոր ենք օգտակար ծառայություն բերել Տիրոջ դաշտում, և կարևորը՝ չհպարտանալ, որովհետև Ատսծո Դատաստանի առջև կանգնելիս բոլորս հավասար ենք և ձեռնունայն: Ոչ ոք թող իրեն բարձր չդասի մյուսից, քանի որ բոլորը Աստծու պատկերն ունեն: Եթե դու գրագռտ ես, մյուսը խոնարհ է, մյուսը աշխատասեր է, մեկը հոգատար է, մյուսը ողորմած է և այլն: Աստված ինչպես որ տարբեր անուններով է ստեղծել մարդուն, այնպես էլ տարբեր առաքինություններով է օժտել, որպեսզի մեկը մյուսին պետք գա: Սա է կյանքը: Կարևոր է, որ մենք գտնենք մեր ծառայության դաշտը և մշակենք մեր հողը՝ առատ պտուղը կապահովի մեր Տէրը:
Մնացեք սիրով և համբերությամբ, իսկ Տիրոջ ծառայության դաշտում՝ պտղաբեր:
Աղօթենք միասին
Սաղմոս. 24.
Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։ Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։ Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ։ Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ։ Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստուածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում։ Յիշի՛ր, Տէ՛ր, քո գթութիւններն ու ողորմութիւնները, որոնք յաւիտենական են։ Իմ մանկութեան եւ տհասութեան մեղքերը մի՛ յիշիր, այլ յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ՝ ըստ քո բարութեան, քանզի դու քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր։ Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։ Տիրոջ բոլոր ուղիները ողորմութիւն ու ճշմարտութիւն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայութիւնը։ Յանուն քո անուան, Տէ՛ր, քաւութի՛ւն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք։ Ամեն.