ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 2.23-3.5
23 Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով: Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: 24 Եւ փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ինչ են անում, մի բան, որ օրինաւոր չէ»: 25 Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին. 26 թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծոյ տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»: 27 Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդու համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար. 28 ապա ուրեմն, մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»:
3 1 Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր: 2 Եւ ուշադրութեամբ դիտում էին նրան՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կբժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան: 3 Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: 4 Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին: 5 Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ: Ուրախ եմ առավոտյան կրկին տեսնել իմ մշտական ունկնդիրներին, որոնք սպասում են մեր ուղիղ եթերին: Այսօր էլ քայլենք մեր Տիրոջ ոտնահետքերով և տեսնենք, թե մեզ ուր է տանում: Իսկ Տէր Հիսուսի հետևից կարելի է գնալ վստահությամբ և փակ աչքերով, ինչպես գնացին Իր աշակերտները:
Մի կարևոր ճշմարտություն կա, որ կուզեմ որ դուք մտապահեք, և դրա վրա կառուցեք հավատքը: Ամբողջ Տիեզերքը մարդու համար է ստեղծված, իսկ մարդը՝ Աստծու համար: Որովհետև երկինք ու երկիր ստեղծված է Աստծո խոսքով, իսկ մարդը՝ Աստծո ձեռքով: Մարդը տաճար է Սուրբ Հոգու: Ուր որ լինի Սուրբ Հոգին, այնտեղ էլ կլինի Հայր Աստված և Որդի Աստված: Վայ այն մարդկանց, որ պղծում են իրենց մարմնի տաճարները: Սիրելիներ, Հիսուս Քրիստոս մտավ Երուսաղեմի տաճար, այնտեղ տեսավ անվայել սեղաններ. աթոռներ, թռչուններ և անասունները, այլևս չկարողացավ համբերել և սաստիկ բարկությամբ ծեծելով տաճարից դուրս հանեց առնող և ծախող մարդկանց, ասելով՝ գրված է, Իմ տունը աղոթքի տուն պետք է լինի, իսկ դուք ավազակների որջ եք սարքել: Եթե կործանման ենթակա տաճարի հանդեպ այդքան նախանձախնդիր էր , ապա որքա՞ն առավել նախանձախնդիր կլինի մեր մարմնի տաճարների սրբության և մաքրության համար: Ինչպե՞ս եք կարծում, եթե Փրկիչը մտնի մեր մարմնի տաճարի մեջ, մի՞թե այնտեղ չի գտնի Աստծո ներկայությանը անվայել խորհուրդներ և մտածումներ. հպարտություն, չար նախանձ, անտեղի բարկություն, ծուլություն, որկրամոլություն, շնություն և այլ մեղքեր: Մի՞թե չի ասի իմ տունը աղոթքի տուն է, իսկ դուք այն դարձրել եք կրքերի ու մեղքերի պահարան: Պողոս առաքյալը շատ խիստ է ասել այս մասին, թե՝ եթե մեկը ապականի Աստծո տաճարը, Աստված էլ կապականի նրան:
Փարիսեցիները ոչ թե իրենց մարմնի տաճարն էին մաքուր պահում իրենց բծախնդրությամբ, այլ կեղծավորություն էին անում, ցույց տալու համար, իբրև իրենք չափազանց օրինապաշտ են: Հիսուս նախ Դավթի օրինակը բերեց, որ երբ փախչում էր Սաւուղից, մի քանի ընկերներով եկավ քահանայապետից հաց խնդրեց: Ուրիշ հաց չկար և նրանք ստիպված կերան առաջավորության հացերը, որ միայն քահանաները պիտի ուտեին` շաբաթ օրը, սուրբ տեղում: Սուրբ Գիրքն այս հարցում չի մեղադրում քահանայապետին: Շաբաթի օրենքն այստեղ էլ մեղադրանքի առիթ եղավ, աշակերտների քաղցը հագեցնելու պատճառով: Բացի դրանից, քահանաները շաբաթ օրը տաճարում աշխատանքներ էին կատարում, հանգստի օրենքը խախտում, բայց չեն դիտվում հանցավոր (օրինակ` անասուն մորթել, մաշկել, կրակ վառել, ողջակիզել): Դրա դէմ փարիսեցիները կարող էին ասել, որ Աստուած զոհ ու պատարագ է պահանջում, այդ պատճառով քահանաները ստիպված են խախտել Շաբաթը: Հիսուս նրանց բացատրության դեմ մեջբերում է Օսէէ մարգարեի բերանով ասված Աստուծոյ խօսքը. «Ողորմութիւն եմ կամենում եւ ոչ` զոհ»: Այստեղից հետևում է, որ եթե զոհերի համար Շաբաթը լուծվում է, ապա առավել ևս կարող է լուծվել գթության և սիրո գործերի համար, քանի որ Աստված սերը, կարեկցանքը, գթությունը, ողորմությունը գերադասում է զոհից ու պատարագից: Հիսուս նույն վկայությամբ բացատրել էր նաև մեղավորների հետ սեղան նստելը՝ ասելով, որ բժիշկները ոչ թե առողջների, այլ հիվանդների մօտ են գնում: Մաքսավորներն ու մեղավորները հոգով հիվանդներ են, իսկ Հիսուս հոգիների բժիշկն է, նրանց հոգիները բժշկելու համար է աշխարհ եկել:
«Ողորմութիւն եմ կամենում, եւ ոչ`զոհ» նշանակում է, թէ Աստված ավելի է գնահատում գութն ու սերը, քան օրինական զգուշավորությունները: Մեղավորներից խորշելը, նրանց հետ սեղան չնստելը, շաբաթ օրը բոլոր տեսակի գործերից հեռու մնալն օրինական զգուշավորություն է, իսկ նրանց մոտենալը, նրանց հետ երկնքի թագավորության մասին զրուցելը, նրանց ապաշխարության հրաւիրելը, շաբաթ օրով՝ բարի գործ է, մի ծառայություն կատարելը` սիրո և գթասրտության դրսևորում է: Հիսուս փարիսեցիներին փաստորեն ասում է, որ Աստծուն պետք չեն նրանց զոհերը, ծոմերը` օրենքով և ավանդույթներով հաստատված, այլ պետք է սեր մերձավորի հանդեպ, ողորմածություն՝ մարդկանց նկատմամբ և բարի գործեր. այդ դեպքում նրանք չէին դատի Իր աշակերտներին շաբաթ օրով հասկեր պոկելու և ուտելու համար: Նրանք նույնիսկ չէին հասկանում, որ ոչ թէ մարդն է ստեղծված շաբաթը պահելու համար, այլ շաբաթն է տրված մարդու համար, ընդ որում՝ տրված է բարձր բարոյական նպատակների համար, գործերից հանգստանալու համար, հոգսերից և կենցաղային մտահոգություններից կտրվելու համար, շաբաթվա գոնե մեկ օրը աշխարհից վերանալու, իր գործած-չգործած արարքներին անդրադառնալու, վատ արարքների համար և բարի գործերի բացակայության համար ինքն իրեն դատելու, զղջալու և աղոթելու, և գործնականում մերձավորի նկատմամբ սեր դրսեւորելու համար` բարիք գործելով: Մարդը վեր է շաբաթից, և մարդու կոչումն ու նպատակը պէտք չէ զոհաբերել օրենքի տառին:
Հիսուս պահում էր օրենքները, սակայն սովորեցնում էր, որ օրենքը պիտի օգնի մարդուն, և ո´չ հակառակը՝ վնասի: Հիսուս կարծես դիմում էր մարդուն՝ ասելով,- Ով մարդ, դու ավելին ես քան հողագործը, արհեստավորը, կամ հովիվը: Դու մարդ ես… Դու ապրում ես ոչ միայն նրա համար, որ լվաս, կարես, հաց թխես, հող մշակես, պատ շարես, գիրք գրես, տուն մաքրես և այլն: Գոնե մեկ օր շաբաթվա մեջ դու պիտի բարձրանաս առօրյայից: Քեզ ժամանակ է տրվում մտածելու կյանքի իմաստի և նպատակի մասին, Աստծու մասին, քո և քո մերձավորների մասին, հանդերձյալ կյանքի մասին: Փարիսեցիները սա չէին հասկանում: Աստծո նախնական ծրագրի մեջ ոչ թե շաբաթ օրը մարդը ոչ մի գործ չպիտի աներ, այլ չպիտի չարիք գործեր: Մարդը օրենքի ու կանոնների ստրուկը չէ: Այդ օրենքները պիտի նպաստեն մարդու հոգևոր, մտավոր, և ֆիզիկական կյանքի բարելավմանը:
Հանգստյսն օրը կորած օր չպիտի լինի, այլ՝ հակառակը: Մեզ՝ քրիստոնյաներիս համար հանգստյան օրը կիրակին է, այսինքն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Հարության օրն է: Ոմանք այն անցկացնում են ծուլությամբ՝ ոչինչ չանելով, ոմանք՝ զվարճություններով՝ խրախճանքներ, մեղսալից գործեր, ոմանք՝ ճաշկերույթներով և ոչ օգտակար զրույցներով, բամբասանքներով, այս ցանկը շատ շատ է: Շատ քչերը այդ օրն իսկապես նվիրում են աղոթքի, հոգևոր ընթերցանության, Աստծո ներկայության մեջ մի պահ աշխարհից կտրվելու, նաև հիվանդներին ու կարիքի մեջ եղողների այցելելու և իրենց հնարավորության սահմաններում նրանց մխիթարելու և բարիք գործելու: Սիրելիներ, կրոնը օրենքների և կանոնների հավաքածու չէ, սա արա´, այս մեկը մի´ արա… Մի խոսքով կարելի է այսպես ձևակերպել. Արա ա՛յն, ինչ աստվածահաճո է:
Եթե կարծում եք, որ մեր օրերում, կամ մեր եկեղեցիներում, կամ հավատացյալների շրջանում փարիսեցիություն չկա, սխալվում եք: Բայց բոլորիս նպատակն է թերությունը վերացնել, շտկել, փոխել մի պայմանով, որ դա արվի սիրով՝ մարդուն շահելու համար, ոչ թե խայտառակելու: Հուսամ, որ հասկանալի եղավ առաջնայինը երկրորդականից տարբերելու իմ այս մտածումները: Մնացեք սիրով, և ձեր սրտի լավագույն մասը նվիրեք Աստծուն ու Աստվածաշնչին, որպեսզի առողջ սիրտը միշտ բաբախի Հիսուս Քրիստոսի համար:
Աղօթենք միասին
Սաղմոս. 22
Տէրն իմ հովիւն է, եւ ինձ ոչինչ չի պակասի։ Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց եւ հանդարտ ջրերի մօտ ինձ սնուցեց։ Նա կենդանացրեց ինձ, յանուն իր անուան առաջնորդեց ինձ արդարութեան ճանապարհներով։ Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն։ Իմ առջեւ սեղան պատրաստեցիր հալածիչներիս աչքերի դիմաց։ Գլուխս իւղով օծեցիր, եւ քո բաժակն ինձ արբեցրեց անխառն գինու պէս։ Ողորմութիւնը քո, Տէ՛ր, պիտի հետեւի ինձ կեանքիս բոլոր օրերին, երկար օրեր ես Տիրոջ տանը պիտի բնակուեմ։ Ամեն.