ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, այս օրերին մեր եկեղեցին ըստ սահմանված կարգի հաջորդականությամբ հիշատակում է հայաստան աշխարհում նահատակված սրբերի տոնը: Այսօր Սուրբ Գայանեի և երկու կույսերի հիշատակության օրն է: Շնորհավորում եմ Գայանե անունը կրող բոլոր հայուհիներին իրենց անվանակոչության օրվա առթիվ, հայցում եմ Սուրբ Գայանեի բարեխոսությունը և քրիստոնեական խիզախությունը նրանց խաղաղ կյանքի և Քրիստոսի աղախիններ կոչվելու մեծ պատվի համար: Մեր եկեղեցու Հայրերը օրվա ընթերցվածքները համապատասխանեցրել են օրվա իրադարձությունների հետ, որպեսզի մեզ համար Ավետարանի խոսքը ավելի ընկալելի լինի: Հռիփսիմյանց կույսերը արժանացան այդպիսի նահատակության, ինչպես որ գրված է Ավետարանում, թե՝ Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: Մեր օրերում էլ Աստծուն չճանաչող մարդը պատրաստ է սպանել, կյանքեր խլել հանուն իր ձեռբերումների:
Շնորհակալ ենք Աստծուն այս շաբաթվա համար, որ հագեցած է մեր սրբերի հիշատակության տոներով և մենք հնարավորություն ունենք բաժնեկից լինելու Պատարագի համընդհանուր աղոթքին և վայելելու Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց օրհնյալ մասունքների զորությունը: Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել նրանց, որոնք իրենց սուրբ արյունով շաղախեցին մեր հայրենի հողը հանուն Քրիստոսի, հանուն հավատքի: Առավել գնահատենք այն փաստը, որ մեր Տերը` Հիսուս Քրիստոս Իր առաքյալներին ուղարկեց Հայաստան աշխարհ, իսկ Մայրը` Մարիամ Աստվածածինը տեսիլքով երևաց Սուրբ Կույսերին և դարձյալ Հայաստան ուղարկեց, որպես մեծ մխիթարություն հայ ազգի համար: Կույսերի նահատակությունից հետո ս.Գրիգոր Լուսավորիչը հողին հանձնեց 9 օր անթաղ մնացած նրանց սուրբ նշխարները, որոնք անուշահոտություն էին բուրում, և նրանց նահատակության վայրերում կառուցեց վկայարաններ: Ս. Հռիփսիմեի և 32 կույսերի վկայարանի տեղում հետագայում կառուցվել է Ս. Հռիփսիմե եկեղեցին, ս. Մարիանեի վկայարանի տեղում՝ Ս. Շողակաթը, իսկ ս. Գայանեի և 2 կույսերի վկայարանի տեղում՝ Ս. Գայանե եկեղեցին: Մենք հավատում ենք, որ նրանք դարձան Քրիստոսի իրական վկաներ և իրենց արյունը խառնեցին իրենցից առաջ նահատակված սրբերի արյանը` հանուն Քրիստոսի: Սա մեծ դաս է մերօրյա Հռիփսիմյանց և Գայանյանց և բոլոր կանանց համար:
Թող Աստված անսասան պահի մեր Առաքելական Եկեղեցին, խաղաղություն հաստատի մեր երկրում և անվտանգ պահի մեր բանակը հանուն իր սրբերի, որոնք նահատակվեցին և թաղվեցին մեր հողում: Խնդրենք Աստծուն, որ օգնի մեզ փոփոխություն կատարել մեր սրտերում, հասկանալու համար թե ինչ է մեզնից պահանջում քրիստոնեությունը և որն է մեր ապրելու նպատակը և պարտականությունը: Փառք Աստծուն այս ամենին մեզ բաժնեկից դարձնելու համար: Մենք բոլոր նախադրյալները ունենք լինելու առաջին քրիստոնյա, ոչ թե անունով, այլ կյանքուվ: Բարի օր բոլորիս` Սուրբ Գայանյանց սրբերի բարեխոսությամբ և մեր Տեր Հիսուս Քրիստոսի անսահման գթությամբ մենք էլ մաքուր պահենք Քրիստոսի Արդարության Պատմուճանը, որ վստահված է բոլորիս: Քրիստոսի առաջին գալստյամբ թափվեց Արդարի արյունը, և Նրան հավատացողների արյունը, իսկ երկրորդ Գալստյամբ արդեն կթափվի մեղավորի արյունը, քանի որ Հայտնության Գիրքն ասում է, որ այդպիսիները պետք է խմեն Աստծո ցասման բաժակից, և վերջ կդրվի Աստծո դեմ ըմբոսությանը:
Աղոթենք միասին
Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնին եւ Յովհաննու Մկրտչին, սրբոյն Ստեփանոսի Նախավկային եւ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, յիշատակաւ եւ աղօթիւք սրբոց կուսանացն Գայիանեանց, որոց այսօր է յիշատակ, եւ վասն խաչի Քո պատուականի, Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս մեր եւ կեցո՛ զմեզ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.1-4
1 «Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: 2 Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: 3 Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: 4 Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի: