ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ: Սուրբ Հռիփսիմյան կույսերի հիշատակության օրն է այսօր: Շնորհավորում եմ բոլոր Հռիփսիմե անունը կրող հայունիներին՝ իրենց անվանակոչության օրվա առթիվ, հայցելով Իմաստուն Կույսերի բարեխոսությունը նախ`Հռիփսիմեների, ապա` նաև բոլոր հայունիների համար: Հոգևոր ցնծության ևս մեկ ավետիս է այս կուսական տոնի առթիվ, որը դարձյալ Հիսուս Քրիստոսի Սուրբ անվան փառքի համար է: Նայեցէ՛ք հին ազգերին ,- ասում է Սիրաքը,- եւ տեսէք՝ ո՞վ հաւատաց Տիրոջը եւ ամօթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկիւղի մէջ՝ եւ յուսահատուեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, եւ նա անտես արեց նրան։ Սիրաք 2:10 Եթե դու, սիրելի հավատացյալ, այսօր կարող ես գնալ եկեղեցի առանց վախի և բանտարկության կամ մահվան սպառնալիքի, ապա դու ավելի երջանիկ ես, քան նրանք, որ նահատակվեցին քրիստոնեության համար: Այս խաղաղ պայմաններում, մենք երբեք չէինք պատկերացնի, որ եկեղեցու դռները կփակվեն մեր առջև: Փակվելուց հետո սկսեցինք գնահատել եկեղեցին:
Այսօր մեր եկեղեցին տոնում է Հռիփսիմյան կույսերի հիշատակը: Վաղ առավոտից մենք հնարավորություն ունենք մեր օրը կառուցելու տոնի տրամաբանությամբ: Վերհիշենք կույսերի նահատակության պատճառը, և տեսնենք նրանց մեռնելու պատրաստակամությունը Քրիստոսի սիրո համար: Մովսես Խորենացին Հռիփսիմյանց կույսերին անվանում է «առաքելական ըմբշամարտիկներ», քանի որ Սուրբ Հռիփսիմեն ուսին դրած խաչով ելավ արքայի դեմ և գետնեց վայրագ ախոյանին հանուն Հիսուս Քրիստոս սիրուն: Հռիփսիմյան կույսերի նահատակության հիշատակին է նվիրված Կոմիտաս I կաթողիկոսի (615-628) կողմից ստեղծված «Անձինք նուիրեալք» հանրահայտ շարականը:
Մեր օրերում փառք Աստծո, ոչ մի վտանգ և հալածանք չի սպառնում քրիստոնյա լինելու համար, սակայն մենք չունենք ոչ թե մեռնելու պատրաստակամություն, այլ նույնիսկ կանոնավոր եկեղեցի գնալու ցանկություն, կամ ապրելու քրիստոնյայի կյանքով: Մենք այնքան կամք չունենք, որ ազատվենք նույնիսկ մեր դժգոհելու ամենավատ սովորությունից: Մեր ձեռքերը գործածենք ի սեր Աստծո, մեր սիրտը` մեր հոգու փրկության համար, իսկ մեր կյանքը` որպես օրինակ այլոց դարձի համար, որպեսզի խաղաղ ապրենք Աստծո հետ... Եթե ողջ մարդկությունն ամբողջությամբ ընկալեր Հիսուս Քրիստոսի կամավոր խաչելությունը արված մարդկության փրկության համար, ապա վաղուց աշխարհը կգնար դեպի ծաղկում ու բարգավաճում: Մինչդեռ պատկերը այլ է, մեր մոլորակը ապրում է սոսկալի փորձությունների ժամանակաշրջան: Եթե անհատը ընկալեր Քրիստոսի կամավոր խաչելությունը իր փրկության համար, ապա պատրաստ կլիներ զոհվել Նրա սիրո համար, ու երբեք չէր տրտնջա իր կրած դժվարությունից: Մինչդեռ պատկերը նույնն է ինչպես աշխարհինը: Հանուն Սուրբ Հռիփսիմեանց եւ Գայիանեանց, Տէր Աստուա՛ծ, ողորմի՛ր մեզ մեղավորներիս, ոչ չունենք հալածանք, չունենք մահվան սպառնալիք, չունենք Քեզ փառաբանելու համար` վտանգ, սակայն ժամանակակից աշխարհի հարմարավետությունը մեզ ծույլ ու անտարբեր է դարձրել և դա ավելանում է ամեն օր:
Բարի շաբաթվա սկիզբ բոլորիս, որը սկսվում է Սրբերի տոներով և բարեխոսություններով: Ապրենք այս օրերի ցնծությունը` մեր սրտում և հոգում պահպանելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր անունը, ինչպես որ պահեցին Հռիփսիմյան կույսերը: Նրանք հավատարիմ մնացին Ավետարանի Տիրոջ այն խոսքի, որ ասում է,- Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: Խոստովանեցին Տիրոջ անունը և նահատակվեցին պատվով:
Աղոթենք միասին
ԶՔէն գոհանամք, Տէր Աստուա՛ծ մեր, որ շնորհեցեր մեզ հանգիստ քնոյ խաղաղութեամբ: Եւ զարթուցեալ ժամանեցուցեր զմեզ կանխել յերկրպագութիւն ահաւոր եւ փառաւորեալ անուանդ Քում սրբոյ: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զմնացուած գիշերիս խաղաղութեամբ անցուցանել. եւ զամենայն ժամանակս կենաց պանդխտութեան մերոյ երկիւղիւդ Քո ամրացո՛ եւ պահեա՛: Որպէս զի զգուշութեամբ եւ անարատ վարուք կրօնաւորեալք յայսմ աշխարհիս՝ ժամանեսցուք յանքոյթ եւ ի խաղաղ նաւահանգիստ յաւիտենական ի կեանսդ՝ շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Ընդ Որում Քեզ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.26-33
26 Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է: