ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ. Աստծու արքայության մասին Հիսուս Քրիստոս բավական շատ օրինակներ է տվել Ավետարաններում՝ համեմատելով այն «արտի մեջ թաքցված գանձի, թանկարժեք մարգարիտի, ծով նետված ուռկանի, մանանեխի հատիկի, թթխմորի, և այլն»: Գուցե Ավետարաններում կան նաև ուրիշ համեմատություններ, բայց կարևորն այն է, որ մենք հասկանանք, եկնքի արքայություն արտահայտության իմաստը՝ ընդհանուր ասելիքի մեջ: Երկնքի Արքայությունը Հիսուս Քրիստոսն է Իր շճմարիտ վարդապետությամբ՝ Աստվածաշնչ Սուրբ Գրքերում:
Սակայն մահկանացու և մեղավոր մարդը չի կարող ամբողջությամբ ընկալել Երկնքի Արքայության մասին վարդապետությունը, քանի դեռ ինքը իր կյանքում չի ունեցել դեմ առ դեմ հանդիպում Հիսուս Քրիստոսի հետ: Այդ հանդիպումը կարող է պատահել Սուրբ Մկրտության խորհրդի ժամանակ, Պսակի Խորհրդի, կամ հարազատ անձի մահվան առիթով, զանազան հիվանդությունների և վիրահատական միջամտությունների ժամանակ, մի խոսքով ամեն տեղ, որովհետև Աստված ամենուր է: Աստվածաշունչ չկարդացող քրիստոնյան ինչպես կարող է հասկանալ Աստծո Արքայության մասին և ընդունել իր սրտում, երբ մկրտվում է տուրք տալու համար, պսակվում է առանց խորհրդին կարևորություն տալով, մեռնում է առանց զղջման և ապաշխարության:
Հեշտ է հարցնել, թե ե՞րբ կգա Երկնքի արքայությունը, հատկապես, որ մենք Հայր մեր աղոթքի մեջ խնդրում ենք, որ Իր թագավորությունը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Միայն խնդրելով և հարցնելով չէ, արդյո՞ք մեր սիրտը պատրաստ է ընդունելու Աստծո Արքայությունը:
Աստծո Արքայությունը Հիսուս Քրիստոսն է, իր ճշմարիտ վարդապետությունն է, որ թաքնված է սուրբ Գրքի մեջ և այն բաց է համայն աշխարհի առջև: Կանչելով չի գալիս երկնքի արքայությունը, պետք է սիրտը մաքրել ամեն տեսակ մեղքերից Աստծու խոսքի զորությամբ, ապրել Նրա խոսքի ճշմարտությամբ:
Այս դեպքում կկատարվի Քրիստոսի այն խոսքը որ ասաց նրանց, որ հարցրին Իրեն, թե ե՞րբ պիտի գա Աստծո Արքայությունը:
«Աստծոյ արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թէ ահաւասիկ, այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծոյ արքայութիւնը ներսում՝ ձեր մէջ է»:
Աստծո ճշմարիտ վարդապետությունը ճանաչող հավատացյալին անկարելի է խաբել օտար ուսմունքներով, ինչպես որ մեր Տերը ասում է, ճանաչում են իմ ձայնը և գալիս են իմ հետևից, և ես նրանց անուններով գիտեմ:
Իրադարձությունները մեր ժամանակներում շատ արագ են փոխվում, շատ անհասկանալի մարտահրավերներ են առաջ գալիս և եբեմն նույնիսկ թվում է, թե ճանապարհը գնում է դեպի փակուղի:
Սակայն այս անորոշությունը ճշմարիտ հավատացյալի համար չէ: Քրիստոնյան հավատացյալը տեղյակ է, որ Մարդու Որդու գալուստը համեմատված է շատ ծանր օրերի հետ, ինչպիսին Նոյի օրերն էին, կամ ինչպես Ղովտի օրով եղեվ ամեն ինչ: Իսկ չկարդացող հավատացյալի համար նույնիսկ այս անունները են անծանոթ: Աստծո Որդու գալուստը չպետք է անակնկալի բերի քրիստոնյային, ինչքան էլ որ այն զարհուրելի նկարագրություն ունի, այլ ուրախ սրտով պետք է դիմավորի, չէ որ ամեն ասում ենք արի, Տէր: Իսկ եթե կանչում ենք մեր Փրկչին, ուրեմն պարտավոր ենք հավուր պատճաճի դիմավորել Թագավորին վայել ընդունելությամբ: Որպեսզի չարժանանաք այնպիսիների վիճակին, որոնք ոչ թե վերցվեցին, այլ թողնվեցին դատաստանի համար: Ըստ այն խոսքի, որ ասում է.
«եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»: Իսկ մենք զարմանքի բացականչենք «Որտե՞ղ, Տէ՛ր»:
Կգան օրեր, երբ կամենաք լսել Աստծու խոսքը, այլևս անկարելի կլինի նեղությունների պատճառով.
Աղոթենք միասին.
Գարո՛ւն շնորհիր, Տե՛ր, իմ հոգուն՝ ծաղկեցնելու և պտղաբերելու արդարության պտուղը:
Ողորմի՛ր, Տե՛ր, մեղավորիս, անթիվ բազմությամբ հանցավորիս, և ապաշխարությամբ դարձի՛ բեր վտարանդի գերուս և մտցրո՛ւ ինձ արքունական փառքի մեջ:
Առաջնորդի՛ր ինձ՝ Քեզ մոտ գալ վերին ճանապարհով, քանզի եթե Դու չառաջնորդես ինձ, ես չեմ կարողանա գալ:
Որովհետև Դո՛ւ իսկ հրամայեցիր, թե՝ «Ոչ ոք չի կարող գալ Ինձ մոտ, եթե Հայրս չկանչի նրան»:
Եվ արդ, Տե՛ր իմ գթած, մի՛ հիշիր իմ բազում պիղծ մեղքերը և մի՛ անտեսիր մնալ նույն չարիքի մեջ և դեգերել աշխարհիկ կյանքում, այլ,
ինչպես փախած ծառայի ետևից ընթանալով, այնպես ինձ ե՛տ բեր և թողությո՛ւն տուր իմ հանցանքներին ու հաղո՛րդ դարձրու Քո սուրբ կամարարներին,
և նրանց հետ գոհանալով պիտի փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հա- վիտենից: Ամեն Եփրեմ Ասորի:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 17.20-37
20 Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ երբ պիտի գայ Աստծոյ արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծոյ արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 21 եւ չեն ասի, թէ ահաւասիկ, այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծոյ արքայութիւնը ներսում՝ ձեր մէջ է»: 22 Իսկ իր աշակերտներին ասաց. «Կգան օրեր, երբ դուք կուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել եւ չէք տեսնի: 23 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ “Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ”, մի՛ շտապէք գնալ, 24 որովհետեւ ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կլինի մարդու Որդին իր օրում: 25 Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից: 26 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կլինի եւ մարդու Որդու օրով: 27 Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդի էին գնում՝ մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց: 28 Նոյնպէս՝ ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում: 29 Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ ու ծծումբ տեղաց եւ բոլորին կորստեան մատնեց: 30 Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու: 31 Այն օրը ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ: 32 Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը: 33 Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն: 34 Ասում եմ ձեզ. այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: 35 Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»: 36 Պատասխան տուեցին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»: 37 Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կհաւաքուեն արծիւները»:
Post Views: 2,041