ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն սիրելի հավատացյալներ. Այսօրվա ընթերցվածքից ձեզ համար ընտրել եմ Հովհաննես առաքյալի ընդհանրական թուղթը, որի պատգամը մի շարք ընդհանուր եզրեր ունի մեր կյանքի որակի հետ: Նախ մի քանի խոսք Հովհաննես առաքյալի մասին՝ համառոտ: Հովհաննեսը Հիսուսի 12 աշակերտներից է, և նրա մասին է, որ Ավետարանը հիշատակում է, թե՝ Տիրոջ սիրելի աշակերտն էր: Հովհաննեսը չորս Ավետարաններից մեկի հեղինակն է, բացի այդ նրան է տրվել հայտնությամբ գրելու Աստվածաշնչի վերջին գիրքը՝ Հայտնությունը: Նա ունի նաև ընդհանրական երեք նամակ, որոնք օգտակար ուղեցույցներ են կյանքի ալեկոծությունների մեջ հնարավորինս անսայթաք մնալու: Հովհաննեսը լուռ աշակերտ էր Պետրոսի համեմատ, չնայած, որ երիտասարդ էր և ավելին գիտեր Տիրոջ մասին, և միակն է, որ խոսեց Քրիստոսի Նախասկիզբ լինելու մասին՝ «Սկզբից էր Բանը» և Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին՝ հայտնությամբ:
Հովհաննես առաքյալը իր այս նամակի սկզբում մտահոգիչ մի արտահայտություն է անում, որի վրա մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում: Ասում է թե՝ «Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ»: Եթե մեկը մեզ ասի դու Աստծուց չես, հավանաբար վիրավորած կլինի մեզ, որովհետև մենք անմիջապես կասենք, որ մենք մեղք չենք գործում, որովհետև գիտենք, որ մեղքը հաճելի չէ Աստծուն: Բայց Հիսուսի սիրելի աշակերտ՝ Հովհաննեսը ասում է, եթե արդարություն չես գործում, ուրեմն Աստծուց չես: Նշանակում է չմեղանչելը դեռ բավական չէ, կարևոր է որ մենք բարի և արդար գործեր ունենանք: Մեկը կարող է ապրել զգուշությամբ, Աստծու երկյուղն ունենալով, մեղքից զերծ մնալով, կարծելով թե Աստծուն հաճելի կյանք է վարում: Սակայն Առաքյալը այլ բան է ասում: Այսպիսի մարդը նման է ծառի, որը պտղատու չէ: Եթե մենք մեր ապրած կյանքը համեմատենք Հովհաննես առաքյալի նշած չափանիշների հետ, կհամոզվենք, որ մենք ամենևին էլ քրիստոնյա անվանը արժանի կյանքով չենք ապրում: Երկրորդ չափանիշը, որին մենք չենք համապատասխանում, եղբորը չսիրելն է: Արդարության գործեր չունենք և մեր եղբորը չենք սիրում: Բայց պնդում ենք, որ մենք քրիստոնյա ենք և Աստծուն են պատկանում: Երբեմն մենք ակամայից կարող ենք հեռանալ Աստծուց՝ Սուրբ Գիրքը չկարդալով, կամ ուշադիր չկարդալով: Առաքյալը համեմատական է տանում Կայենի հետ, որի արած և զոհը արդարությամբ չէր և եղբորը սպանեց չսիրելու պատճառով: Սպանել բառը մենք ուղիղ իմաստով չհասկանանք մեր գործերի մեջ, որովհետև երբեմն եղբայրը եղբորը այնպիսի վիրավորանք է հասցնում, որ հավասարազոր է սպանության: Կամ մեկը փորձում է մյուսի հեղինակության վրա սև բիծ թողնել: Սա ևս սպանության տեսակ է: Քիչ չեն լեզվի թողած վերքերը և սպանությունները: Հետևաբար քրիստոնյային վայել կյանք ապրելու համար նախ պետք է մեր աչքի առջև մշտապես ունենանք Կատարյալի օրինակը, Նրա թողած պատգամները, առաքյալների թղթերը, եկեղեցու հայրերի մեկնողական գրքերը, որպեսզի պատկերացում կազմենք, թե ինչպես կարելի է կյանքը տալ բարեկամի համար, սիրել եղբորը, բարիք արարել և արդարության գործեր անել: Եթե դու կարող ես սուտ չխոսել, բայց խոսում ես, կարող ես բարություն անել բայց չես անում, ուրեմն դու արդարության գործեր չունես: Որքան էլ որ մենք ջանանք բարեպաշտ երևալ մարդկանց աչքին, ցուցադրենք մեր առաքինությունները միմյանցից փառք առնելու համար, միևնույն է Աստված նայում է սրտերին: Մեր ձախողումների հիմնական պատճառն այն է, որ մենք չենք հիշում Իմաստության գրքի ճշմարտությունը, թե Քրիստոս մեր ներքին մտածումների վկան է, մեր սրտի ճշմարիտ վերակացուն է, և մեր լեզվի մշտական ունկնդիրն է: Թող ողորմի մեզ Տերը, որ այսքան համբերատար է մեր հանդեպ:
Աղոթենք միասին:
Նայեա՛ց, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ Քով յերկրպագուս եւ ի փառաբանիչս անուանդ Քում սրբոյ: Տէ՛ր զօրութեանց, խաղաղացո՛ զանձինս մեր յամենայն սատանայական խռովութեանց եւ յաշխարհական զբօսանաց: Զհրեշտակ խաղաղութեան Քո առաքեա՛ առ մեզ, որ եկեալ պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի, յարթնութեան եւ ի հանգստեան մերում: Որպէս զի բարեպաշտութեամբ եւ արժանաւորապէս Քեզ Տեառնդ ծառայելով ի կեանս յայսոսիկ՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես առաքյալի Ա թուղթը 3.10-20
Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս՝ նա, ով չի սիրում իր եղբօրը: 11 Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. 12 ոչ՝ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը: Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի: 13 Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ: 14 Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ: 15 Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի: 16 Սէրը նրանով ճանաչեցինք, որ Յիսուս իր կեանքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը: 17 Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծոյ սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ: 18 Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ: 19 Եւ հէնց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ նրա առաջ կանգնելու վստահութիւն կունենան մեր սրտերը: 20 Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան: