ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելիներ, Քրիստոսի խաչելությունը և Հարությունը աշխարհի պատմության ուշագրավ և գլխավոր իրադարձությունն է, որի վրա է հիմնված մարդկության հավատը:
Հռոմեական իշխանության մեջ խաչելությունը անարգ մահ էր համարվում ենթակայի համար: Քրիստոսին խաչեցին այդ անարգ մահվանը արժանացնելով, բավական չէր, դեռ ծաղրելու համար տախտակի վրա գրեցին «Սա է Յիսուսը՝ հրեաների Թագաւորը», չիմանալով, որ ոչ միայն հրեաների, այլ նաև տիեզերքի Թագավորին էին խաչը հանել: Քրիստոս նույնիսկ խաչի վրա լինելով մարդկությանը սովորեցնում էր իր աշխարհ գալու միակ նպատակը, ինչ ամբողջությամբ չհասկացվեց ոչ Իր ժամանակաշրջանում, ոչ էլ մեր՝ քրիստոնյաներիս ապրած ժամանակներում:
Ինչպես այն ժամանակ էին մարդիկ Նրանից հրաշքներ սպասում նույնիսկ խաչի վրա, այնպես էլ մենք ենք հրաշքների վրա կառուցում մեր հավատքը: Հրաշքը հնանում է, հավատքը վերանում... Քահանայապետները ծաղրում էին Նրան, ասելով, թող խաչից իջնի, և մենք նրան կհավատանք: Մարդկային անբարտավանությունը չափ ու սահման չի ճանաչում, երբ հիմնված չէ Աստծո երկյուղի վրա: Քրիստոս Հարություն առավ և հրեաները դարձյալ չհավատացին: Ուրեմն հրաշքը չէ հավատքի գլխավոր աղբյուրը:
Մենք նույնպես, ամեն օր հազարավոր հրաշքներ տեսնում ինչպես մեր անձի, այնպես էլ մեր շուրջ գտնվող երևույթներին նայելով: Ամեն առավոտ մեր աչքերը բացվում են, մեր միտքը գործում է, մեր սիրտը աշխատում է, մեր լեզուն խոսում է: Մի՞թե սրանք հրաշքներ չեն, որոնք ձրիաբար տրվել են մեզ՝ մեր կարիքները հոգալու համար: Մենք չենք կարող նրանցից որևէ մեկի աշխատանքի խափանման դեպքում դեմն առնել, որովհետև եթե սիրտը կանգնեց աշխատելուց, ամեն ինչ ավարտված է: Կամ մի՞թե մենք կարող ենք սրանցից որևէ մեկը ստեղծել մեր ուժերով:
Հավատքը շնորհ է Աստծուց, որ տրվում է մաքուր սրտերին, ոչ թե հրաշք փնտրողներին:
Հիսուս Քրրիստոսի խաչելությամբ բացահայտվեց ևս մեկ իրականություն, իր երկու կողմերում խաչված ավազակների միջոցով: Աշխարհում ամեն բա երկու երես ունի:
Ազատ և ստրուկ: Հավատացյալ և անհավատ: Մեղավոր և անմեղ: Ճշմարտություն և կեղծիք:
Աշխարհի մարդկությունն էլ բաժանված է երկու մասի՝ աջակողմյան՝ զղջացող, և ձախակողմյան՝ մեղքի գիտակցություն չունեցող և միայն մեղադրող:
Ավա՛ղ, քահանայապետներն ու օրենսգետները, որոնք ամեն շաբաթ օր ժողավարանում կարդում էին գրքերը՝ Հիսուսի մասին, չճանաչեցին Նրան՝ նույնիսկ խաչի վրա և ոմանք ասում էին.
«Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կգա՞յ, որ նրան փրկի»:
Կգա Տէրը Իր Փառքով, կգա Արդարադատ Դատավորը Իր արդարությամբ, կգա Տիեզերքի Արարիչը և մարդկանց Փրկիչը, բայց վայ կլինի նրանց համար, որոնք չեն հասցնի ճանաչել Նրան:
Եվ կցնծան նրանք, որոնք մինչև վերջ համբերեցին:
Այն ժամանակ բոլորը կհիշեն Տիրոջ՝ Ավետարանի խոսքը, թե՝. «Դատաստանի համար եկայ այս աշխարհ, որպէսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»:
Աղոթենք միասին:
Յիշեա՛, Տէ՛ր, զպաշտօնեայս Քո, զծնողսն մեր, զվարդապետս, զեղբարս, զընկերս, զկերակրողս, զուխտաւորս,
զճանապարհորդս, զհանգուցիչս, զվաստակաւորս, զխոստովանողս, զապաշխարողս, զգերիս, զհիւանդս,
զնեղեալս, զիշխանս, զչարարարս, զբարերարս, զթշնամիս, զատելիս եւ որք պատուիրեցին մեզ հաւատով:
Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 27.36-50
36 Ու նստած նրան պահպանում էին: 37 Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ «Սա է Յիսուսը՝ հրեաների Թագաւորը»: 38 Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակների՝ մէկը՝ նրա աջից եւ միւսը՝ ձախից: 39 Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում. 40 «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծոյ Որդի ես, իջի՛ր այդ խաչից»: 41 Նոյնպէս եւ քահանայապետները՝ օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. 42 «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի Թագաւորն է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ նրան կհաւատանք: 43 Եթէ նա յոյսը դրել էր Աստծոյ վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է այդ. քանի որ ասաց, թէ՝ “Աստծոյ Որդի եմ”»: 44 Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան: 45 Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը: 46 Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»: 47 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Նա Եղիային է կանչում»: 48 Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի: 49 Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կգա՞յ, որ նրան փրկի»: 50 Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց:
Post Views: 893