ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի քույրեր և եղբայրներ, մենք գիտենք, որ Հիսուս Քրիստոս երկրի վրա Իր հանրային ծառայությունը ավարտեց երեք տարում: Երբեմն հարց է առաջանում, մի՞թե երեք տարում հնարավոր էր համայն մարդկությանը կրթել, կամ սովորեցնել, այն դեպքում, երբ մարդը իր ողջ կյանքի ընթացքը տրամադրելով չի հասցնում ամբողջությամբ կրթվել ու դաստիարակվել: Ինչո՞ւ Քրիստոս հանդիմանեց ներկա գտնվող մարդկանց իրենց թերահավատության համար, ասելով, թե՝ «մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ»: Հավանաբար տեսնում էր, որ նրանց հավատքը չէր զորանում այն բազում բժշկություններից և նշանավոր գործերից , որ անում էր մարդկանց մեջ: Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի կույրը տեսնի, կաղը քայլի, խուլը լսի, համրը խոսի, անդամայույծը վեր կենա իր անկողնուց, սակայն ամեն մեկի բժշկելուց հետո ասում էր, - գնա, այլևս մի մեղանչիր: Դրա համար էր ասում, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ: Համայն մարդկությանը ուղղված մե՛կ պատգամն է ընկած բոլոր պատգամների հիմքում՝ «մի մեղանչիր»: Եթե ուզում ես առողջ լինել հոգով և մարմնով, ուրեմն մի՛ մեղանչիր: Մահկանացու մարդը ամեն օր գիտակցաբար, թե անգիտակցաբար մեղանչում է խոսքով, գործով և իր մարմնի բոլոր անդամներով: Ժամանակի ընթացքում դառնում է բազում հիվանդությունների կրիչ, առանց անդրադառնալու և հիշելու իր կատարած բոլոր մեղքերը մանկությունից ի վեր: Միայն այս մեկ պատգամը, թե՝ «մի՛ մեղանչիր», մարդ արարածը իր ողջ կյանքի ընթացքում չի կարողանում պահել այնպես, ինչպես Տէրը պատվիրեց պահել, և ասաց, որ հավատալու դեպքում ամեն ինչ հնարավոր է: Մենք չգիտենք, թե ինչու էր այդ մարդու զավակը դիվահարվել, սակայն մեր օրինակից կարող ենք կռահել պատճառը: Մեր զավակներն էլ հետևում են մեր սխալ օրինակին, և դրանց վրա ավելացնում են իրենց մեղքերը: Հետևաբար հիվանդանում են ո՛չ թե որպես պատիժ, այլ մեղքի հետևանք: Քրիստոնյաներս այս բոլորը մեր աչքի առջև ունենալով, անուշադիր ենք ծոմերի ու պահքերի նկատմամաբ, մեր կյանքի ու կենցաղի նկատմամբ, այնքան ժամանակ, մինչև վրա է հասնում հիվանդությունը, և մենք հիշում ենք Աստծուն՝ ասելով երեխայի հոր նման, - «Հաւատո՛ւմ եմ, Տէր, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: Մինչդեռ Նա աշակերտներին ասաց, որ այսպիսի հիվանդությունները բուժվում են աղոթքով և ծոմապահությամբ: Ամեն ինչ մեր աչքի առջև է, չենք տեսնում: Մեր ականջին մոտ է, չենք լսում: Անհոգ ենք մեր փրկության հանդեպ: Եկա՛վ Տիեզերքի Արարիչը և մարդուն Ստեղծողը, տվե՛ց ճիշտ ապրելու բանաձևը, գալու է երկրորդ անգամ՝ պահանջելու արդյունքը: Աստված կամենա, որ Տիրոջ առջև կարողանանք պատասխան տալ առանց ամաչելու:
Աղոթենք միասին.
Ամենախնամ Տեր, Քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին՝ որ չնայեն պագշոտությամբ, և իմ ականջներին՝ որ չախորժեն լսել չարության խոսքեր, և իմ բերանին՝ որ սուտ չխոսի, և իմ սրտին՝ որ չարը չխորհի, և իմ ձեռքերին՝ որ չգործեն անիրավություն, և իմ ոտքերին՝ որ չգնան անօրեն ճանապարհով: ԱՄԵՆ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 17.14-20
14 Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ: 15 Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»: 16 Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»: 17 Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց: 18 Այն ժամանակ աշակերտները առանձին մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»: 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լեռանը կասէք՝ “Տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ”, եւ կտեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի: 20 Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ՝ աղօթքով ու ծոմապահութեամբ»: