ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
1 մայիսի 2020թ.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 4.1-11
Սիրելիներ, Պետրոս առաքյալը, որ պարզ ձկնորս էր և անուս մարդ էր, Քրիստոսին աշակերտելով էր, որ ամրացավ իր հավատքի մեջ և նույնիսկ Վեմ կոչվեց, որի հավատքի վրա Տերը խոստացավ կարուցել Իր եկեղեցին: Հիսուս Քրիստոսի հետ երեք տարի շրջելով, սովորելով, ընկնելով ու վեր կենալով էր, որ Պետրոս առաքյալը քարոզեց և քարոզելու համար հալածվեց: Հալածվեց ու շարունակեց քարոզել Քրիստոսի վարդապետությամբ: Նրան բանտ նետեցին, բայց նա չհրաժարվեց իր Տիրոջ խոսքը քարոզել: Մարմնով չարչարվեց և այդ կյանքը առավել համարեց մարդկային ցանկություններից: Քրիստոսի բոլոր աշակերտները մեկական փայլուն օրինակ են մեզ համար, որպեսզի մենք նայենք մեր հին կյանքին և դառնանք դեպի Քրիստոս, և ինչպես Սիմոնին Պետրոս կոչեց Տէրը, մենք էլ մկրտությամբ քրիստոնյա կոչվեցինք, որպեսզի հավատարիմ լինենք Նրան, ում անունն ենք կրում: Նրա տված շնորհները գործածենք Նրա փառքի համար՝ ծառայելով ու սիրելով միմյանց: Պարտադիր չէ Քրիստոսի անմիջական աշարկերտը լինել, հավատարիմ լինելու համար: Դու հավատարիմ եղիր քո ընտանիքին, քո աշխատավայրում, նույնիսկ փողոցում քայլիր այնպես, կարծես Հիսուսն է քայլում քո կողքից: Ինչպես առաքյալն է ասում, Ամէն ինչի վախճանը մօտեցել է: Արթուն լինենք աղոթքի և մեր գործերի մեջ: ՄԱՂԹԱՆՔ Քրիստոս Աստուա՛ծ մեր, Քո սուրբ հրաշափառ յարութեանդ շնորհիւ եւ բարեխօսութեամբ օրհնաբանեալ անարատ ծնողիդ՝ սրբուհւոյ Աստուածածնին եւ միշտ Կուսին, լուսաւորեալ պայծառացո՛ զհոգիս համօրէն հաւատացելոց, յուսով ի Քեզ ննջեցելոց, եւ այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս են հանգուցեալ:
Օրվա ընթերցվածք.
Քանի որ Քրիստոս մեզի համար չարչարուեցաւ մարմնով, դուք ալ նո՛յն մտքով զինուեցէք. վասն զի ան որ մարմնով չարչարուեցաւ՝ մեղանչելէ դադարեցաւ. 2 Որպէս զի ալ ո՛չ թէ մարդոց ցանկութիւններուն պէս՝ հապա Աստուծոյ կամքին պէս ապրիք մարմնի մէջ մնացած ատեն։ 3 Վասն զի հերի՛ք է մեզի կեանքի անցեալ ժամանակը, որուն մէջ հեթանոսներուն կամքը կատարեցինք ու գիջութիւններով, ցանկութիւններով, գինեմոլութիւններով, անառակութիւններով եւ արբեցութիւններով ու անօրէն կռապաշտութիւններով վարուեցանք։ 4 Ու կը զարմանան՝ որ դուք նոյն անառակութեան մէջ անոնց հետ չէք վազեր ու հայհոյութիւն կ’ընեն, 5 Որոնք պատասխան պիտի տան անոր՝ որ պատրաստ է դատել կենդանիներն ու մեռելները։ 6 Քանզի ասոր համար մեռելներուն ալ աւետարանը քարոզուեցաւ, որպէս զի դատուին մարդոց կողմանէ մարմնով ու հոգիով կենդանի ըլլան Աստուծոյ կողմանէ։
ԱՍՏՈՒԾՈՅ ՇՆՈՐՀՆԵՐՈՒՆ ԲԱՐԻ ՏՆՏԵՍՆԵՐԸ
7 Սակայն ամէն բանի վախճանը մօտեցեր է. ուստի զգաստ եղէ՛ք ու աղօթքի մէջ արթուն կեցէ՛ք։ 8 Եւ ամէն բանէ առաջ իրարու հանդէպ սրտանց սէր ունեցէք. վասն զի սէրը մեղքերու բազմութիւնը կը ծածկէ։ 9 Իրարու հիւրասիրութիւն ցուցուցէ՛ք առանց տրտունջ ընելու։ 10 Ամէն մէկը ինչ շնորհք որ առաւ, զանիկա իրարու մատակարարեցէ՛ք Աստուծոյ զանազան շնորհներէն բարի տնտեսներու պէս։ 11 Եթէ մէկը խօսի, Աստուծոյ պատգամներուն պէս թող խօսի. եթէ մէկը մատակարարութիւն ընէ, որպէս թէ Աստուծոյ շնորհներու զօրութենէն թող ընէ, որպէս զի ամէն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսին ձեռքով. որուն փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։