Եկեղեցու սրբերից մեկը հրաշալի նկարագրում է ժամանակակից մարդու վերաբերմունքը մեղքի նկատմամբ, ասելով` «Մենք ուտում ենք պահոց կերակուրներ, սակայն պահք չենք պահում:
Մենք կարդում ենք հոգևոր գրքեր, սակայն չունենք հոգևոր փորձառություն: Մենք բարձրաձայնում ենք մեր մեղքերը խոստովանության ժամանակ, սակայն չենք զղջում մեր կատարած մեղքի համար:
Մենք անգիր գիտենք բազում աղոթքները, սակայն չենք աղոթում»:
Իրապես, երբեմն մեզ թվում է, թե գիտենք ամեն ինչ, սակայն պարզվում է, որ բավարար չէ մեր իմացածը դրանով ապրելու համար, առավել ևս` փրկվելու:
Մեր ունեցածը գիտելիք է, որի արդյունքը տեսանելի չէ:
Ո՞վ կարող է ստույգ իմանալ մարդու զղջման չափը, ո՞վ կարող է ստուգել աղոթքի անկեղծությունը մեկ բառից կամ 100 բառից կազմված: Ո՞վ կարող է ստուգել մարդկանց երկրպագության իրական նպատակը: Միայն Աստծուն է հայտնի մեր սրտի նպատակը, հետևաբար միայն Նա կարող է գնահատական տալ մեր արարքին:
Մենք շատ հաճախ ենք ինքնախաբեության մեջ հայտնվում, կարծելով, թե արդեն ունենք ամեն առաքինություն հոգևոր կյանքում: Դրա համար Ավետարանական այս կամ այն դրվագը փայլուն օրինակ է մեզ համար մեր ունեցած պաշարը ստուգելու համար: Օրինակ` Հուդան մեր Տիրոջը մատնելուց հետո զգաց իր սխալը, վերադարձրեց վերցրած գումարը, և բոլորի մոտ բարձրաձայն խոստովանեց իր մեղավոր լինելը: Փաստորեն զղջալը, խոստովանելը և նույնիսկ դրամը վերադարձնելը բավարար չեղան, այլ բան էր պետք Հուդային` փրկության համար: Պետք էր սպասել իր զղջման արդյունքին: Եթե Հուդան իրեն չկախեր մինչև կիրակի օրը, ապա կտեսներ Տիրոջ Հրաշափառ Հարությունը: Նույն վիճակում մենք ենք, ապրելու ուժ չունենք, շուտ հիասթափվում ենք, որոշները նույնիսկ իրենց խնդիրներից ազատվելու համար ինքնասպանության են դիմում, որոշները բաժանվում են, միմյանցից հեռանալով: Մենք ունենք նաև Պետրոս առաքյալի օրինակը: Բայց Պետրոսի պարագան այլ էր: Նա ուրացավ, որը պակաս ծանր մեղք չէր, քան Հուդայինը, բայց Պետրոսը ուժ գտավ իր մեջ, զղջալուց հետո տրտմորեն ապրել: Պետրոսի համար առավել ծանր էր այն հանգամանքը, որ իր ուրացումից հետո Հիսուսին խաչը հանեցին և Նա մահացավ խաչի վրա, ու Պետրոսը չկարողացավ գոնե զրուցել, արդարանալ, կամ բացատրել: Պետրոսի արարքից մենք հասկանում ենք, որ նա չէր հիշում Տիրոջ ասած խոսքերը խաչի չարչարանքների մասին, այդ պահին մտքում չկար այդ խոսքերը, որովհետև Սուրբ Հոգին դեռ չէր ուղարկել նրանց: Հիմա վերադառնանք մեզ` երբ մենք մի մեղք ենք գործում և չենք հիշում Տիրոջ ոչ մի խոսք, Ավետարանից ոչ մի պատգամ, ու շարունակում ենք մնալ նույն և տարբեր մեղքերի մեջ, ուրեմն վստահ կարելի է ասել, որ մեր վարքի պատճառով մեր աղոթքը լսելի չի լինի Աստծուն: Հրեշտակը չի տանի մեր աղոթքը և չի ներկայացնի Աստծու առջև, քանի դեռ մենք շարունակում ենք մնալ մեղքի մեջ: Որովհետև մեզ էլ նախապես զգուշացված է ամեն մեղքից զերծ մնալու գաղտնիքների մասին:
Սա ևս լուրջ խորհելու թեմա է, որի մեջ ենք գրեթե բոլորս: