Հարստությունը անշնորհակալ փախստական է, անհաշտ մարդասպան, ժայռ՝ ամեն կողմից զառիթափ, ստորջրյա քար, անընդմեջ ալեկոծվող ծով, մշտապես հողմակոծվող անթիվ քամիներով, բռնապետ կառավարող՝ ծանրությամբ և խստությամբ, տիրակալ դաժան՝ամեն տեսակի բարբարոսից, անհաշտ թշնամի, հակառակորդ անխիղճ՝ երբեք չդադարեցնող իր թշնամությունը նրանց հանդեպ, ովքեր տիրում են իրեն: Սակայն այսպիսին չէ աղքատությունը, այլ հակառակն է ասվածի: Նա անվտանգ կայան է, խաղաղ նավահանգիստ, մշտապես հանգստություն, ուրախություն զերծ վտանգներից, մաքուր հաճույք, անխռով և անվրդով կյանք, բարենպաստություն անընկճելի, մայր խոհեմության, բազում սխալ արարքների սանձահարող, տանջանքների դիմակայություն, խոնարհամտության արմատ: Ինչի՞ համար, ասացեք խնդրեմ, ես փախչեմ նման աղքատությունից, դուք վազում եք այն բանի հետևից, որը թշնամական է, մահացու է և կատաղի ամեն մի գազանից: Այսպիսին է արծաթսիրությունը, այսպիսին է մոլեգին կիրքը փողի հանդեպ: Ինչի՞ համար ես մշտապես քեզ մոտ պահում քո մշտական թշնամուն: Ինչու՞ ես զայրացնում գազանին, որին պետք է սանձահարել և հնազանդեցնել:
Իսկ ինչպե՞ս այն կարող է դառնալ ձեռնասուն: Ինչպե՞ս այս գազանը կարող է դադարել գազան լինելուց: Ես կարող եմ փոխել նրան, եթե դուք ցանկանաք, քանզի այսպիսին է խոսքի ուժը: Ինչպե՞ս նա կփոխի իր գազանությունը, սրա համար պետք է իմանալ, թե ինչպես է նա դառնում կատաղի: Ինչպես առյուծը, վագրը և արջը լինելով փակի տակ և բանտարկված, և լինելով մթության մեջ, դառնում են կատաղի և հույժ չարանում, այսպես էլ հարստությունը, եթե նրան փակում են և թաղում, սա դառնում է առյուծից առավել վայրագ և ամեն օր վախ է առաջացնում, և եթե դու նրան դուրս ես հանում խավարից և ցանում աղքատների մեջ, այս գազանը դառնում է ոչխար, դավաճանը՝ պաշտպան, ստորջրյա քարը՝ նավահանգիստ, նավաբեկությունը՝ խաղաղություն: Նույնը և կարելի է տեսնել նավերի մեջ, երբ բեռը չափից ավելի ծանր է լինում, այնժամ նավը խորտակվում է, իսկ եթե իր չափով, ապա նա ընթանում է քամուն համընթաց: Նույնը և լինում է մեր տներում, երբ դու հավաքում ես հարստությունը առավել քո կարիքներից, այնժամ քամու մի փոքր ճնշումն էլ, այսինքն՝ իրավիճակների հանկարծահաս հանգամանքներն էլ, կարող են խորտակել մեր նավը: Իսկ եթե դու հավաքես այնքան, որ բավարարում է քո կարիքներին, այնժամ, եթե ուժգին փոթորիկ էլ լինի, դու անխափան կհասնես քո նավահանգիստը:
(Հովհան Ոսկեբերան Հայրապետ):