ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Դավիթ Սաղմոսերգուն մեզ սովորեցնում է, որ.
եթե Տերը մեր շրթները բացի, մեր բերանը պետք է փառաբանի և երգի Նրա օրհնությունը: Սուրբ Գիրքը նույնպես մեզ սովորեցնում է, որ մենք ունենք նաև մի երկրորդ կարևոր պարտականություն` օգտակար լինել ընկերոջը: Մտածենք այդ մասին այսօր, տնից դուրս գալուց առաջ, կամ տանը նստած, ինչու չէ նաև աշխատանքի վայրում: Եթե մենք ամեն օր չսովորենք, հետ կմնանք ժամանակից, ինչպես դա զգում ենք նոր տեխնոլոգիայի ոլորտում: Եթե ամեն օրվա սովորածը չիրագործենք մեր կենցաղում, այն շուտով կմնա միայն գիտելիք, և ոչ մի օգուտ չի ունենա: Ուրեմն սովորենք, իրագործենք և այդ ճանապարհին պայքարենք մեղքի դեմ` առաքինության համար: Ինչպես Անտոն Անապատականն է ասում,- Ինչ որ անես քո կյանքում, Աստծուն ունեցիր աչքիդ առջև, և ինչ որ խոսես, Սուրբ Գրքից վկայություն ունեցիր այդ մասին;
Պայքարելու գործիքները տարբեր են... իրավիճակները` նույնպես.
Մեղքերի դեմ պայքարելը մինչև աստվածճանաչողություն, կոչվում է ինքնարդարացում. (ես չեմ ասել, ես չեմ արել, ես այդպես չէի ուզում անել, դիտմամբ չեմ արել, ինձ դրդեցին, ես մեղավոր չեմ և այլ):
Իսկ մեղքերի դեմ պայքարելը աստվածճանաչողությունից հետո, կոչվում է դառնապես զղջում. (Մեղա Աստծո, ներիր ինձ Տեր, խնդրում եմ, սխալվեցի, այլևս չի կրկնվի և այլն):
Մարդկային գործիքներով պայքարել տկարությունների դեմ, նշանակում է բուժել հիվանդության հետևանքը`ժամանակավորապես, որի կրկնվելը չի բացառվում:
Իսկ Աստվածային գործիքներով պայքարել տկարությունների դեմ, նշանակում է հիմնովին բուժել հիվանդության պատճառը:
Ինչքան լավ բաներ սովորեցրեց մեզ քրիստոնեությունը հեշտ ապրելու համար: Ամենահզոր ազդակը, որը հեղաշրջում է կատարում մարդու կյանքում` Աստծո շնորհի մեջ է:
Խոսրով Անձևացին ասում է. «Ի՞նչ է խնդրում քեզնից Աստված, ո՜վ մարդ, բացի Իր հանդեպ երկյուղից և փառաբանությունից, այն էլ բխում է քո շահերից»:
Ինչպես մեր գիտելիքը, այնպես էլ մեր ազատությունը` եթե չի օգտագործվում իմաստությամբ, ապա կարող է դառնալ գայթակղության պատճառ: Յուրաքանչյուրս մեր ունեցած շնորհը, որ ստացել ենք Աստծուց, պետք է գործի դնենք ի սեր Աստծու` ծառայելով մարդկանց:
Յուրաքանչյուրը պարտավոր է կատարել իր պարտականությունը և նոր միայն պահանջել մյուսներից: Ինչպես տեսնում ենք մեր օրերում շատերը միայն պահանջում են և չեն սիրում կատարել: Այդպես չի լինում: Աստված մարդկանց միջև տարբերություն չդրեց, Նրա աչքին բոլորը հավասար են, ուղղակի նրանց տարբեր շնորհներ տվեց` ըստ իրենց կարողության: Հողագործը` որ մթերք է ստեղծում, ոչնչով պակաս չէ նախարարից, ով սպառում է այդ մթերքը: Դա վերաբերում է բոլոր մասնագիտություններին, բոլոր ղեկավարներին և ծառայողներին: Նույն հարգանքին և սիրուն են արժանի ինչպես նախարարը, այնպես էլ հավաքարարը:
Մենք էլ մեր աշխատատեղերում փորձենք հավատարիմ լինել ընկերոջը ծառայելու մեր մեծ պատվիրանին: Մասնագիտությունը երկրորդական է դառնում ծառայասիրության նկատմամբ: Վատ սովորություն է վերևից նայել մարդուն, որը անուսության պատճառով պաշտոն չի զբաղեցնում: Այսուհետ փնտրենք ոչ միայն մեր օգուտը, այլ` հասարակաց: Երբեմն սահմանափակենք մեր ազատությունը այնտեղ, որտեղ ներկա է մեր տկար հավատքով մերձավորը, ի սեր նրա և ի սեր Աստծու: Մարմնավոր առաքինությունները միացնենք հոգևոր առաքինությունների հետ, որպեսզի հանկարծ հպարտություն չառաջանա մեր մեջ:Ճիշտ է, որ մարդ արարածը տկար է, բայց անկարող չէ:
Շնորհները երկնքից Աստված հեղում է, մարդը երկրի վրա դրանք խեղում է. Այս մասին խորհենք այսօր:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.37-42
Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
Post Views: 1,052