Մեր օրերի համար էլ Ջիվանին գուցե ասեր «Խելքի աշեցեք».
Ի՞նչ է պետք մարդուն ուրախ լինելու համար:
Ի՞նչ է պետք մարդուն խաղաղ լինելու համար:
Ի՞նչ է պետք մարդուն այս երկուսը գտնելու համար:
Որտեղի՞ց պետք է սկսի մարդը, որպեսզի չխճճվի:
Տարիների փորձը և ներկա կյանքը փաստեցին, որ ուրախությունը կապված չէ հարստության հետ, հարուստները ավելի տխուր են (միայն թե չասե՛ք կյանքը նրանցն է, խոսքս մնայուն ուրախության մասին է):
Նույն տարիների փորձը և ներկա կյանքը ցույց տվեցին, որ տխրությունը պայմանավորված չէ աղքատությամբ.(միայն թե չասե՛ք սնունդը և հագնելիքը բավարար չեն, այսօր սոված մարդ չկա, բայց գոհ էլ չկա):
Ուրեմն ո՞ւր է խնդիրը, որ ունեցողը մնայուն ուրախություն չունի, իսկ կարիքավորը մնայուն խաղաղություն չունի, գոհություն հայտնել չունի:
Պա՛րզ է պատասխանը: Այս աշխարհը երբեք էլ չի՛ խոստացել մնայուն բաներ, այլ` ժամանակավոր հարստություն և ժամանակավոր զվարճանք:
Իսկ Նա, Որը մեզ խոստացավ կատարյալ ուրախություն և հավիտենական կյանք, այս աշխարհից չէ՛, այլ ողջ Տիեզերքի Արարիչ Թագավորն ու Տերն է, որին մենք ճանաչում ենք, սիրում ենք, Նրա անունն ենք տալիս պատեհ և անպատեհ, չնայած Նրա անունն ենք կրում, սակայն մեր կարճ կյանքը Նրան չենք վստահում, որպեսզի հաստատի մեզ համար մնայուն ուրախություն, կատարյալ խաղաղություն և հավիտենական կյանք: Մենք տեսնում ենք, որ քրիստոնեությունը ամեն օր մեր մեջ պակասում է, իր տեղը զիջելով ձևապաշտությանը: Մենք զգում ենք, որ ամեն օր «սերը» մանր քայլերը հեռանում է մարդուց, մեղքերի պատճառով: Մեր շուրջը ամենուրեք նույնն է. անկայուն ընտանիք, դավաճանություն, վեճ, կռիվներ, սպանություն, սուտ, կեղծիք, բաժանություններ: Երբևէ մեզ հարց տալի՞ս ենք, մի՞թե մարդը ստեղծվեց, որ տխուր լինի, անհաշտ լինի ինքն իր հետ և շրջապատի հետ: Մի՞թե Աստված այս չքնաղ տիեզերքը ստեղծեց, որ մեջը դժգոհ և տխուր մարդիկ ապրեն: Իհարկե ո՛չ: Ինչո՞ւ ենք մենք ուրախանում այս պահին կեղծիքով ձեռք բերածի համար, ինչո՞ւ ենք մենք արհեստական ուրախություններ ստեղծում, ինչո՞ւ չենք տեսնում բնական ուրախությունը: Սրանք հարցեր են, որոնք մեզ են վերաբերվում, որոնք ամեն րոպե պատասխան են աղերսում, իսկ պատասխանը Աստծու մոտ է:
Աստված ասում է «Դարձեք դեպի ինձ և ես կդառնամ դեպի ձեզ»: Կամ`
«Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։ Կամ`
«Պսակը վայր ընկաւ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք։ Մեր սրտերը զրկուեցին ուրախութիւնից, եւ մեր օրհներգութիւններն ու պարերը փոխուեցին սգի: Ողբ 5:16»:
Իսկ մեր Տերը ասում է. «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:
Փառք Աստծո, որ արժանացանք այս առավոտ էլ վայելել Նրա ողորմության լույսը, որ ծագեցրեց մեզ`տկարներիս համար: Լույս, որ երբեմն ինքներս ալարում ենք վառել մեր սրտում ու հոգում խաղաղ ապրելու համար: Գոհանանք շաբաթվա բոլոր օրերի համար, քանզի նրանցից յուրաքանչյուրը էլ երբեք չի կրկնվի իր տվածով և վերցրածով: Մեզ մնում է վերցնել ամեն օրվա նեկտարը և հոգևոր մեղր պատրաստել: