Ոչ հանձնառելիները կատարեցի, ոչ էլ հրաժարելիներից հեռացա.
Մեր մտածումները անստույգ են, քայլերը` անհաստատ:
Ճշմարտությանը ճանաչում ենք, սակայն մեր բարեկամը և ամենօրյա հյուրը` կեղծիքն է.. Մենք գիտենք այդ մասին: Մեր իմանալը ոչինչ է, Աստված գիտե այդ մասին:
Սա փաստերից մեկն է, որն ապացուցում է Աստծու մեծ ողորմությունը և համբերատարությունը մեր անձի ազատության հանդեպ:
Հարցեր կան, որոնք առաջանում են մեր մտքում, բայց պատասխան չեն գտնում, որովհետև մենք հակված ենք դեպի կեղծիքը, անբնականը, ձևականը, ցուցադրականը, և մեր բոլոր հարցերը մնում են անպատասխան, և չբավարարված: Ահավասիկ նմանատիպ հարցեր.
Ի՞նչ ակնկալիք ուներ Աստված, երբ մեզ ստեղծեց հողից և շնորհեց հողին բնորոշ բոլոր դրական հատկանիշները:
Ի՞նչ նմանություն կա մարդու և հողի միջև:
Ո՞րն էր մեզ ստեղծելու նպատակը և ո՞րն մեր առաքելությունը:
Արդյո՞ք մենք արդարացրինք Աստծո ակնկալիքը մեզնից:
Անշուշտ Աստված օրհնեց հողը և օրհնած հողից ստեղծեց մարդ արարածին: Եթե մենք ուսումնասիրենք մեր բնությունը, կտեսնենք, թե ինչքան նման հատկություններ ունենք հողի հետ: Հողը կմնա անպտուղ, եթե այն չհերկեն, քարերից չազատեն, չցանեն, չջրեն և չմշակեն: Նույնը մարդ արարածն է, եթե չկրթվի, չդաստիարակվի, չաշխատի, չաճի ու չբազմանա, կմնա միայն ինքը առանց պտուղ: Բայց մենք համոզված ենք, որ Աստված մարդուն ստեղծելուց հետո, նրան օժտեց բազում շնորհներով և առաքինություններով: Այդպես ստեղծեց մեզ Աստված և ակնկալեց, որ մենք մշակենք մեր սեփական հողը, որ մեր մարմինն է:
Հերկենք, վարենք, ցանենք, մշակենք և Աստծո օգնությամբ և օրհնությամբ բազում բերքեր տանք, և այդ բերքը օգտակար լինի մեզ և մեզ շրջապատող մարդկանց, որպեսզի մարդիկ օգտվելով մեր առատ բերքից գոհանան և փառավորեն Աստծուն` իրենց ստեղծողին, որ երկնքում է: Հավանաբար այս բարի նպատակն էր հետապնդում Աստծուն, որ ստեղծեց մարդուն:
Այնուհետև ուղարկեց Աստված Իր Որդուն, և Որդու միջոցով մեզ հրավիրեց քրիստոնեության, որպեսզի մեր կյանքը առավել բարեկարգվի, ունենալով մեզ համար Կատարյալի Օրինակը, հետևենք Նրան, անընդհատ մշակենք, վարենք ու ցանենք, մաքրենք մեր հողը ամեն տեսակ մոլախոտերից ու որոմներից: Սակայն մենք ծուլացանք մեր բոլոր պարտականությունների մեջ, ինչպես որ գրված էլ է մեղքերի ընդհանրական խոստովանության մեջ`
«Այլ եւ մեղա՜յ ամենայն պատուիրանացն Աստուծոյ` յանձնառելեացն եւ հրաժարելեացն. զի ոչ զյանձնառականսն կատարեցի եւ ոչ ի հրաժարելեացն հեռացայ, զօրէնս առի եւ յօրինացն հեղգացայ, ի կարգս քրիստոնէութեան հրաւիրեցայ եւ գործովս անարժան գտայ, գիտելով զչարն` կամաւ կորացայ եւ ի բարեաց գործոց ես ինձէն հեռացայ»:
Իսկ ինչ վերաբերում է վերջին հարցին, նայենք մեզ, մեր ընտանիքին, մեր մերձավորներին, մեր հայրենակիցներին, աշխարհին և անաչառ ձևով պատասխանենք. Գո՞հ է մեզնից Աստված արդյոք:
Յուրաքանչյուրս հարց տանք մեզ, արդյո՞ք մենք արդարացրինք Աստծո ակնկալիքը մեզնից: Եթե գոհ չէ, սկսենք հենց հիմա, որ հասցնենք: Կյանքը մեր ձեռքում չէ..
Օգնիր մեզ Տեր, որովհետև Դու գիտես թե ինչպիսին է մեր բնությունը, Դու գիտես, որ մեր հակումները ստորաքարշ են, մեր մտածումները` անստույգ, քայլերը անհաստատ, Ողորմած Տեր: