ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ամփոփե՞նք Նոր Տարվա առաջին շաբաթը
Ավարտվեց Սուրբ Ծննդի պահքը և պահեցողը թեթևացած հոգով և մարմնով դիմավորեց Սուրբ Ծնունդը և՛ հոգով, և՛ մարմնով: Ավարտվեց նաև տարեմուտի խառնաշփոթը, թեթևացան նաև սեղանները իրենց ցուցադրական ծանրությունից` հոգոց հանելով: Ծանրացած մնաց միայն մարդու որովայնը, որը այս օրերին կորցրել էր իր հանգիստը բազմազան կերակուրների և խմիչքների պատճառով և տառապում էր առավոտից երեկո: Այնպես, որ էլ ուժ չուներ Սուրբ Ծննդյան բարի Ավետիսը առնել ու փոխանցել, նախորդ օրերին գերհագեցած կենցաղ ունենալու պատճառով: Նույնիսկ ժամանակ չունեցավ կարդալու Սուրբ Գրիգոր Տաթևացու այս մի քանի տողը, թե` Աստծո տաճարը որովայնի խոհարար մի սարքեք, և աղոթքն ու խունկի ծուխը մի փոխեք կերակրի և նրա գոլորշու հետ:
Այս Լուսավոր Տոնի առիթը Ինքը` Տեր Հիսուս Քրիստոսն է: Հետևաբար որպես վայելուչ նվեր Հոբելյարին` տոնական սեղանը բացեցի՞նք արդյոք աղոթքով և կամ կարդացի՞նք Ավետարանից համապատասխան մի համար` տոնին և Հոբելյարին վերաբերող, և հետո շարունակեցինք ճաշակել համադամ ուտեստները:
Չէ՞ որ մահկանացու մարդու ծննդյան տոնը նշելիս բոլոր կենացները և փաղաքշական խոսքերը միայն նրան են նվիրվում, պատմվում են դրվագներ նրա կյանքից` ուրախ կամ տխուր:
Ամենքը կամենում են հաճոյանալ միայն հոբելյարին: Հավանաբար չարեցի՛նք: Այս տարի դարձյալ սխալվեցինք: Ամաչեցի՞նք հյուրերից, ու նրանց կարծիքից, թե ի՞նչ կմտածեն մեր մասին, եթե առատ սեղանի շուրջ խոսենք Տիրոջ մասին:
Ինչի՞ համար ուրախացանք, ի՞նչ նշեցիք, ի՞նչ հիշեցինք, ոչին չմնաց մեր հիշողության մեջ, որովհետև չենք կարդացել Ծնվողի այս տողերը, թե`
«Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է։ Եւ ով ինձ կ՚ուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կ՚ուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է»։ Մատթ. 10:32
Չամաչենք, թե ինչ կմտածեն մեր հյուրերը: Գլխավոր տոները նշելիս, Գլխավոր տեղում թող լինի Գլխավորը` Տեր Հիսուս Քրիստոս: Մենք հաշվետու ենք միայն մեր Տիրոջը, ոչ թե հյուրերին:
Մենք հաճոյանանք միայն մեր Փրկչին և ուրիշ ոչ ոքի:
Իսկ մենք միմյանց մաղթում ենք անկարելին, ցանկանում ենք անհավանականը, շնորհավորում ենք սովորության ուժով և այդ բարձրացրած աղմուկի մեջ չի լսվում մեզ` նյութապաշտներիս ուղղված հարցը ավա՜ղ, թե` «Իսկ դո՛ւք ի՞նչ եք ասում Իմ մասին, ո՞վ եմ ես»:
Մինչդեռ Հիսուս Քրիստոս կամենում է, որ մենք մեր սրտերում ունենանք այս հարցերի պատասխանը և մեր ուրախությունը կատարյալ լինի, ոչ թե շինծու` միայն դեմքի վրա, միայն մաղթանքներում,
այլ սրտերում և հավերժ: Արթնանանք և արթուն մտնենք նոր տարվա մուտքը` այս անգամ փարախի դռնով: Իրականում մենք ավելի շատ սթափվելու կարիք ունենք, քան ուրախանալու առիթ:
Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմիր մեզ` մեղավորներիս: Ե՛վ չենք հետևում Քո խոսքին, և՛ դժգոհում ենք իրավիճակից:
Եկեք այս Նոր տարին սկսելիս` որպես նոր ապրելակերպի ուղեցույց կյանքի կոչենք Ավետարանական այս մտքերը, և ապրենք այս Լույսի ներքո:
Եկեք մենք էլ Անդրեասի նման ասենք. «Գտանք Մեսիային».
Պետրոսի նման ասենք.«Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։
Բորոտի նման, թե` «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել» և լսենք Նրա երանելի ձայնը` թե. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։
Աշակերտների նման ասենք`«Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ ահա կորչում ենք»։ Եվ լսենք ահեղ ձայնը, թե` «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»։
Հիվանդ կնոջ նման ասենք`«Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կփրկուեմ»։ Եվ լսենք քաջալերող ձայնը` «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւա՛տը քեզ փրկեց»։
Կույրերի նման աղաղակենք`ասելով. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»։ Եվ նա մեզ ասի`«Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»։
Բայց չլինի հանկարծ, թե մեր մասին այս կարծիքն ունենա մեր Տերը...
«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»։
Եվ կամ չլինի թե հիմար կույսերի պես ասենք թե` «Տէ՛ր, Տէ՛ր, բա՛ց արա»։
Ու լսենք սարսափազդու պատասխանը` թե. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։
Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։
Սթափության տարի հռչակենք մեզ համար 2019 թվականը.
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 4.1-7
Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտ եւ ամէն ինչի տէր է: Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը: Նոյնպէս եւ՝ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում: Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք: Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր: Ուստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծոյ:
Post Views: 933