Ո՛վ մեղավոր, իմ դատաստանը տամ քո ձեռքը, և դու դատիր ինձ.
Ո՛վ դաս մեղավորների, ասացեք ինձ, ի՞նչ չար բան արեցի Ես մարդկանց, որ այսպես երես եք շրջել ինձանից՝ ձեր քաղցրաբարո Արարչից, ինչպես թշնամուց:
Արդյո՞ք մարդը չէր, որ ոտնահարեց հրամանը Արարչի և ցանկացավ աստվածանալ, իսկ Ես նրա փոխարեն մարդ եղա և աստվածացրի մարդուն:
Մարդը չէր արդյո՞ք, որ մերձեցավ ծառին, և Ես փայտե խաչին ինձ բարձրացրի:
Մարդը չէր արդյո՞ք, ոտքով ընթացավ, և Ես ոտքերիս մեխեր ընդունեցի:
Մարդը չէր արդյո՞ք, ձեռքը երկարեց ծառին, և Ես ձեռքերս խաչին տարածեցի:
Մարդը չէ՞ր, որ քաղցրացավ պտղից, և Ես քացախ և լեղի խմեցի:
Մարդը չէ՞ր արդյոք, որ իր կողակցին հավատաց և կերավ պտուղը, և Ես կողս նրա համար խաչի վրա խոցեցի:
Մարդը չէ՞ր, որ անեծքի գործ կատարեց, և Ես նրա համար անեծք կոչվեցի:
Մարդը չէ՞ր, որ մեղա չասաց, և Ես խաչի վրա «էլի, էլի»՝ Հորս գոչեցի:
Մարդը չէ՞ր, որ մահվան դատապարտվեց, և Ես խաչի մահը հանձն առա: Եվ դուք, մեղավորներ, այսքան բարերար ձեր Արարչից երես եք դարձնում, որ քաղցրությամբ աղաչում եմ գալ ձեզ զղջման և ապաշխարության, որպեսզի թողություն ստանաք:
Ո՛վ մեղավոր, իմ դատաստանը տամ քո ձեռքը, և դու դատիր ինձ, եթե ես քեզ չեմ սիրում, դու էլ ինձ իրավունք ունես չսիրելու, իսկ եթե սիրում եմ, ինչո՞ւ ես փախչում ինձանից: Իսկ եթե մտքումդ ասես, թե կատարյալ չես սիրում ինձ, իմացիր, կարծիքդ ճիշտ չէ, որովհետև ամբողջ աշխարհը քեզ համար ստեղծեցի, դրախտը քո համար հորինեցի, երկնքի արքայությունը քո համար պատրաստեցի, ընկած հրեշտակների տեղը քո ժառանգության համար թողեցի, միայն դու դարձիր մեղքերիցդ, և ես կարժանացնեմ քեզ, որ տեսնես և վայելես այդ ամենը իմ հրեշտակների հետ:
Տես, քեզ համար երկնքից երկիր խոնարհվեցի, Աստվածս մարդ եղա և Տերս՝ ծառա, քեզ համար ատյանում կանգնեցի իբրև չարագործ, հրեաներից դատապարտվեցի, Պիղատոսի կողմից գանահարվեցի, Հերովդեսից ծաղրվելով՝ արհամարհվեցի: Քեզ համար զինվորներից ձաղկվեցի, ծառաներից ապտակվեցի, քահանաներից երեսիս թուք ընդունեցի, ժողովրդից նախատվեցի: Քեզ համար խաչը ուսիս բարձած հանեցի Գողգոթա, քո սիրո համար հայհոյվեցի թշնամիներից և խաչվեցի: Քեզ համար մեխվեցի և տեգով խոցվեցի, փշե պսակ դրեցի, քացախ և լեղի խմեցի, նախատինքների հագուստ հագա, աստվածային գլուխս խոնարհեցրի, հոգիս Հոր ձեռքը ավանդեցի: Քեզ համար մարդկանցից պատանքվեցի, մարմնով գերեզման իջա, հոգով դժոխք գնացի և բանտարկված հոգիները ազատեցի, երրորդ օրը հարություն առա և քեզ մեղքերի մահվանից հարություն տվեցի:
Ով մեղավոր, տես, թե ինչպիսի սիրով սիրեցի քեզ, որովհետև, այնժամ որ քեզ համար մահը կրեցի խաչի վրա, Հայրս սրտնեղում էր, և Սուրբ Հոգին տրտմում էր մարդ ստեղծվածի համար: Ի՞նչ կասեք հրեշտակների դասին, գիտե՞ք, թե ինչպիսի անտանելի սուգ եղավ նրանց մեջ, քանզի կիզվում էր երկինքը երկնավորներով, երբ տեսնում էին իրենց Ստեղծիչին խաչի վրա մահացած: Եվ թե ինչպես արարածները սուգ էին անում, ողբում էին անմխիթար, երբ տեսան իրենց Արարչին՝ մերկացած խաչի վրա, և մահը հանձն առած: Արեգակը, լուսինը աստղերով հանդերձ, իրենց լույսից մերկացան և խավար հագան, և երկիրը հիմքից սասանվեց և դողաց, քարերը բացվեցին, և տաճարի վարագույրը պատռվեց երկու մասի, և մեռյալները գերեզմանում հանգիստ չկարողացան մնալ, այլ հարուցյալ, ողբում էին արարածների հետ և վկայում էին իմ հարության համար:
Գիտե՞ս արդյոք, թե գիշերը, որ բռնվեցի, որքան սուգ ու լաց կար իմ սիրեցյալ աշակերտների մեջ, և տես սուրբ առաքյալների սաստիկ տրտմությունը, քանզի մինչդեռ զինվորները չէին բռնել իրենց վարդապետին, նրանք չէին կարողանում արթուն մնալ, այլ խիստ տխրությունից ընկան խոր քնի մեջ, ինչպես թմրածներ: Իսկ Ես հեռացա նրանցից և Հորն էի աղոթում:
Իհարկե, մարդ, երբ մահվան երկյուղ է կրում, քրտինքը որպես ջուր է հոսում, իսկ ես քո սիրո համար թույլ տվեցի մեծ երկյուղի մեջ ընկնել իմ Աստվածային մարմնին, և քրտինքն իմ արյունախառն
վտակ-վտակ իջնում էր իմ ճակատով, և մարմինս սասանվում էր ահավոր երկյուղից և դողում էր ոտքից գլուխ: Ես երեսնիվայր գետին ընկած բարձր ձայնով գոչում էի առ Հայր և աղոթում՝ ասելով, եթե հնարավոր է՝ հեռացրու այդ բաժակը ինձանից:
Սուրբ Հայր Եփրեմ Խուրի Ասորու