ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ով մեղավոր, շնորհիր ինձ իմ խնդրանքը,
Ով մեղավոր, ինչո՞ւ ես փախչում ինձանից, որովհետև շատ մեղանչեցիր, եկ ինձ մոտ, իմ ողորմելի որդյակ, չեմ բարկանա, չեմ մեղադրի, քանզի իմ ստեղծածն ես, իմ պատկերն ես, իմ նմանությամբ, իմ անարատ ձեռքով ստեղծված: Եվ դրա համար խնայում եմ, չեմ եղծանում պատկերդ, չեմ անարգում ստեղծվածդ, չեմ ապականում նմանությունս, որովհետև ողորմած և գթած եմ, երկայնամիտ և բազումողորմ, դժվարին բան չեմ խնդրում քեզանից, ինչո՞ւ ես տարակուսում, միայն դարձիր ինձ, և Ես կդառնամ քեզ, միայն փութա ապաշխարության, միայն խոստովանիր մեղքերդ, միայն ասա՝ «մեղա», իմ առաջ ընկնելով, և Ես փառքով կպատվեմ քեզ:
Արդ, արի ինձ մոտ և մի ամաչիր, քանզի չեմ հայտնի մեղքերդ, չեմ անգոսնի գործողիդ, չեմ հանդիմանի մեղավորիդ, խայտառակությունդ երես չեմ հանի, բազում չարիքներդ չեմ հիշի, թշվառացածիդ չեմ մեղադրի, այլ կողորմեմ հանցավորիդ, այլ կգթամ կողոպտյալիդ, այլ կկենդանացնեմ մեռյալիդ: Քո անդարձությամբ մի տրտմեցրու Արարչիդ, մեղքերդ մի պատճառաբանիր, մի արդարացիր, ապաշնորհ մի անիր իմ մարդասիրությունը, մի խանգարիր իմ արարչությունը, ինձ իմ տաճարից դուրս մի պահիր, մի զրկիր ինձ իմ բնակությունից, մի կողոպտիր իմ ստացվածքից, թափուր մի թողնիր ինձ իմ գանձից:
Ոչ թե ուրիշ մի բանով, այլ իմ Արյունը տվեցի որպես գին, և նրանով ճշմարտապես ստացա քեզ: Եվ եթե նայես ինձ, սուգ ունեմ քո կորստյան համար, զղջա քո չարությունը, այնպես ծարավ եմ քո փրկությանը, ինչպես եղջերուն՝ աղբյուրի ջրերին:
Ով մեղավոր, շնորհիր ինձ իմ խնդրանքը,
Տուր ինձ, ինչ որ կամենում եմ՝ ապաշխարություն,
Տուր ինձ, ինչ որ սիրում եմ՝ զղջում,
Տուր ինձ, ինչ որ ցանկանում եմ՝ մի կաթիլ արցունք,
Տուր ինձ, ինչ որ փափագում եմ՝ հոգոց սրտի խորքից,
Տուր ինձ, որից ուրախանում եմ՝ ձեռքերիդ բարձրացումը և մատներիդ տատանումը,
Տուր ինձ, ինչից որ ցնծում եմ՝ բերանով խոստովանելդ, և Ես սերովբեներին և քերովբեներին հավասար կբարձրացնեմ քեզ:
Արդ, ասա ինձ, ի՞նչ վնաս եմ արել քեզ, որ այսքան սուգի և լացի մեջ ես պահում ինձ, քո Արարչին՝ չարիքից քո ետ չդառնալով: Նրա համա՞ր, որ անգոյությունից գոյացրի, որ անկենդաններից քեզ առանձնացրի, անասուններից բաժանեցի, որ մարդ արարեցի, որ իմ նմանությամբ ստեղծեցի, որ ձեռքերովս արարեցի, որ ինձ պատկերակից անվանեցի, որ բանականությամբ պատվեցի, որ իմաստությամբ զարդարեցի, որ բազում խելամտություններով ճոխացրի, որ տարբեր արհեստներով լիացրի, որ իշխանությամբ մեծացրի, որ ամենայնի վրա կարգեցի, որ երկինքը լուսավորներով, օդը թռչուններով, ծովը ձկներով և բույսերով քեզ հնազանդության և վայելչության համար տվեցի, և այժմ այս ամենի հետ էլ խոստանում եմ հավիտենական կյանք և երկնքի արքայությունը:
Արդ, հարցնում եմ քեզ, քաղցրությամբ և ոչ խստությամբ, ով մեղավոր, հիմա ասա ինձ, քեզ վնասակա՞ր եմ, թե՞ երախտավոր: Թե արդարությամբ խոսես, երախտավոր եմ, ոչ թե վնասակար, իսկ եթե երախտավոր եմ, ապա ինչո՞ւ ես միաբանվել իմ թշնամի սատանայի հետ և խոցում ես լյարդս ամեն օր քառասայր սրով:
Սուրբ Հայր Եփրեմ Խուրի Ասորու
Ապաշխարության հորդորակը
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 15.1-7
Եւ բոլոր մաքսաւորներն ու մեղաւորները նրա մօտ էին, որպէսզի լսեն նրան: Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է նա ընդունում մեղաւորներին եւ ուտում նրանց հետ»: Յիսուս նրանց այս առակն ասաց. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի: Եւ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրայ խնդութեամբ եւ կգնայ տուն, կկանչի բարեկամներին ու հարեւաններին եւ նրանց կասի. ուրախացէ՛ք ինձ հետ, որովհետեւ գտայ իմ կորած ոչխարը: Ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կլինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ:
Post Views: 1,317