Աշխարհը լցված է երդումով, և չնչին բաների համար Աստծո ահեղ ու սոսկալի անունն են արտասանում:
Քրիստոնյաներին հարկավոր չէ սուտ կամ իրավ երդվել: Թեպետ Աստված Մովսեսի օրենքով այն ժամանակվա տխմար ու տգետ մարդկանց սովորեցրեց, թե՝
«Քո Տեր Աստծո անունը սնոտի բաների համար մի՛ արտասանիր»:
Եվ սա միայն այն պատճառով ասաց, որպեսզի նրանց խակ և հիմար միտքը հեռացներ կուռքերից, որպեսզի ճշմարիտ Աստծուն ճանաչեին:
Մինչդեռ մեր հույսը՝ Քրիստոս առհասարակ վերացրեց երդումը և ասաց.
«Մի՛ երդվիր երկնքի վրա, որովհետև Աստծո աթոռն է, ոչ էլ երկրի վրա, որովհետև նրա ոտքի պատվանդանն է ոչ էլ Երուսաղեմի վրա, որովհետև
մեծ Արքայի քաղաքն է, ոչ էլ քո գլխով, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել» (Մատթեոս. 5: 34):
Բայց այժմ տեսնում ենք, որ աշխարհը լցված է երդումով, և ամեն տեսակ չնչին բաների համար Աստծո ահեղ ու սոսկալի անունն են արտասանում:
Երդումը երեք տեսակ է. կա, որ վկայական է կոչվում, երբ ասում են. «Աստված վկա», և այս շատ սոսկալի է:
Կա, որ երկնքի և երկրի Արարչի անունը ունայն բաների համար է վկայակոչվում, և եթե նա թագավորի կամ իշխանի անունը հիշեր՝ մահապարտ կլիներ:
Երկրորդը ուրացական երդումն է, երբ ասում են.
«Աստծուն ուրանամ, թե այսպես չէ», ինչը եթե նույնիսկ ճշմարիտ բաների համար ասվեր՝ մեծ անօրինություն կլիներ, որովհետև իր բերանով ուրանում է Աստծուն:
Որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է.
«Ով մարդկանց առաջ ուրանա ինձ, ես էլ նրան կուրանամ Իմ Հոր առջև, որ երկնքում է» (Մատթեոս.10:33):
Այս մասին սուրբ Բարսեղն իր կանոններում ասում է.
«Եթե մեկը ուրանալով է երդվում, տասնհինգ տարի ունկնդիրների մեջ պետք է մնա, մեկ տարի եկեղեցու դռան մոտ և հետո միայն հաղորդվի» Տիրոջ Մարմնին և Արյանը:
Եվ երրորդը խոստովանողական երդումն է, երբ ասում են.
«Աստծո փառքով եմ երդվում, որ այսպես է» կամ ասում են «Այս Խաչի և Ավետարանի փառքով եմ երդվում»:
Արդ, երբ քրիստոնյային անհրաժեշտ է և երդումը եկեղեցում է լինում ու քահանայի միջնորդությամբ և խոսքն էլ ճիշտ է և հոգու, արյան փրկության համար օգտաշահ՝ այնժամ թույլ են տալիս այս վկայական երդումը, բայց սա լինում է ոչ առանց ապաշխարության:
Սակայն նրանք, որ փողոցներում և հրապարակներում սովորաբար ստությամբ և ճշմարտությամբ են Աստծո զարհուրելի անունը վայրիվերո ձևով հիշում, եթե այդպիսիները չդառնան իրենց չար սովորությունից, մեծ, սաստիկ և դառն պատուհաս են կրելու Աստծո արդար դատաստանին:
Հովհաննես Երզնկացու խրատը բոլոր քրիստոնյաներին երդվելու մասին: