Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018
ԻԳ օր Մեծ Պահք. Ի՞նչ է «անիրավ մամոնան».
Մամոնան դրամն է, նյութական հարստությունը` իր բոլոր տեսակներով, որոնցով մարդիկ վայելում են այս աշխարհը և ապահովում իրենց ֆիզիկական գոյությունը. արտ, այգի, կալվածք, տուն, ոսկի և ամենը, ինչ կարող ենք հարստություն կոչել, մամոնա է: Ավետարանը դրամի և հարստության հանդեպ ոչ միայն անտարբեր է, այլ նաև արհամարհանք ունի, և բոլոր սրբերն էլ ունեցել են: Դրամն ահավոր բան է, նման է հրացանի, որը կարող ես գործածել ընդդեմ արշավող ավազակների` հայրենիքիդ փրկության համար, կամ ուրիշ ազգերի հարստահարելու: Կարող ես գործածել անիրավված ընկերոջդ և սպառնալիքի ենթարկված անձիդ պաշտպանության կամ ոճրագործություն անելու համար: Դրամն «անիրավ» է կոչվել, քանզի գրեթե անխուսափելիորեն առաջնորդում է անիրավության և, առհասարակ, շահվում է (մանավանդ երբ դիզված է) անիրավությամբ: Երբ ապրանքը գնվում է դրամով, նրա վրա ավելացվում են գործառնության ծախսերն ու օրինավոր մի շահաբաժին` իբրև ծառայության վարձ, և վաճառվում է շահով` օրինավոր ու արդար է: Իսկ երբ այդ շահաբաժինն անցնում է օրինավորության սահմանները, այն ժամանակ մտնում է անիրավության և վաշխառության սահմանները: Բացի այս, դրամն ահավոր է, որովհետև բոլորովին էլ ինչ-որ չեզոք տարր չէ, իր մեջ սադայելական մի մագնիսականություն ունի, օժտված է ձգողական զորությամբ: Բնական օրենք է, որ բոլոր մարմինները ձգվում են երկրի կողմից, ձգողականության օրենքը հաղթահարելու և երկրի վրա «չընկնելու» համար հարկավոր է կիրարկել ուրիշ օրենքներ: Թռչունները և օդանավերն այդ օրենքը գտել և կիրարկում են:
Նույնքան բնական օրենք է, որ գրեթե բոլոր մարդիկ ձգվում են դրամի կողմից: Բարոյական կոչվող օրենքներն են, որ կարող են հաղթահարել դրամի ձգողականությունը, և միայն այդ օրենքները կիրարկողները գերի չեն դառնում դրան. իրենց ցանկացած ժամանակ, այսինքն` անհրաժեշտ պարագային, տեղի են տալիս այդ ձգողականությանը, ինչպես թռչունները` երկիր իջնելու ժամանակ, իսկ պետք եղած ժամանակ իրենց ձերբազատում են նրա ուժից, մի խոսքով` գերի չեն դառնում դրամի մագնիսականությանը:
Դրամը նաև օժտված է մարդու կյանքում և հոգեկան աշխարհում փոփոխություն առաջ բերելու կարողությամբ: Դրամն ինքնին կարողություն ու զորություն է և, բոլոր կարողությունների նման, կարող է վատնվել` չգործածվելով կամ սխալ, հոռի և ստորին նպատակներով գործածվելով, այսինքն` ի վնաս դրանից կախյալի և ընկերության: Կարող է նաև գործածվել բարի, ազնիվ ու օգտակար նպատակների համար: Եվ գործածության այս եղանակները կարող են փոփոխություններ առաջ բերել մարդու հոգեկան աշխարհում: Դրամը վատնելը, մսխելը, անհաշիվ և չարաչար գործածելը մարդուն դարձնում է անառակ, այլասերում, բարի և ուրախ մարդուն վերածում մոլի ու անզգամ մեկի: Դրամ կուտակելը խնայասեր ու աշխատասեր մարդուն դարձնում է կծծի, անբարտավան ու ագահ. երեքն էլ մահացու մեղքեր են, որոնք բարոյապես մեռցնելուց հետո կաթվածի ու մտագարության են առաջնորդում մարդուն: Դրամն ընտանիքի բնական և բանական հանգստավետության համար կիրարկելը և մանավանդ դրանից ընկերային նպատակների, հատկապես դրամ չունեցողներին, մասնավոր ու մշտական բաժին հանելը մարդուն օժտում է մտավոր ու ֆիզիկական առողջությամբ, սրտի ու մտքի խաղաղությամբ, որոնք մարդու ամբողջական երջանկության հիմնական պայմաններն են: Աղքատին տրված յուրաքանչյուր դրամ մի միջոց է բարեկամներ ձեռք բերելու թե՛ երկրում և թե՛ երկնքում: Գանձ դիզել է հավիտենականության բանկերում: Մինչև իսկ եթե բարերարյալները ապերախտ գտնվեն կամ «դժոխք» գնան ու չկարողանան «բարեխոսել» բարիք անողի համար, հավիտենական Տերը պիտի ասի.
«Անոթի էի` հաց տվեցիր, ծարավ էի` ջուր տվեցիր, նեղության մեջ էի` օգնության հասար…»
Ուրեմն, մեկ անգամ ևս ունկնդիր լինենք Հիսուսի խոսքերին, որոնք այս առակին իբրև եզրակացություն են տրվում.
«Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»:
Եթե մեր բարոյական ու հոգեկան բնությանը «օտար» նյութը պետք եղած ձևով չենք կարող արժեցնել, «մերը», այսինքն` մարդուն վերապահված շնորհները, ոչ ոք մեզ չի տա:
«Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան» Շնորհք Արք. Գալուստյան
Հոգևոր քարոզներ 2018 – Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018