ԺԵ օր Մեծ Պահք. Video

hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016

ԺԵ օր Մեծ Պահք.
Մեր սուրբ հայր Հովհան Ոսկեբերանի իններորդ զրույցը ապաշխարության մասին: www.fatherarmen.com

Ինչպես որ սերմնացանները ոչ մի օգուտ չեն ստանում այն բանից, որ սերմը գցում են ճանապարհի վրա, այնպես էլ մենք ոչ մի օգուտ չենք ստանա այն բանից, որ կոչվում ենք քրիստոնյա և չենք արդարացնում այդ կոչումը համապատասխան գործերով: Եթե ցանկանում եք, կարող եմ ձեզ ներկայացնել վկայի՝ Տիրոջ եղբայր Հակոբոսի վկայությունը, որն ասում է. «Հավատքը առանց գործի
մեռած է» (Հակ.2:20): Եվ այսպես պետք է անձը ամեն օր վարժեցնել բարի գործերի մեջ, առանց որի միայն քրիստոնյայի անունը ոչ մի օգուտ մեզ չի տա: Եվ մի զարմացեք: Ասացեք
խնդրեմ, ի՞նչ օգուտ զինվորին այն բանից, որ նա՝ գտնվելով զինվորական ծառայության մեջ, իր վարքով չի համապատասխանում իր կոչմանը և բանակում ապրելով թագավորի հաշվին, չի մարտնչում հանուն թագավորի: Միգուցե ծանր է իմ խոսքը, բայց լավ կլիներ, եթե այդպիսինը ընդհանրապես չմտներ զինվորական ծառայության մեջ, քան թե մտնելով՝ անհոգ գտնվեր թագավորական պատվի հանդեպ: Ինչպես կարող է խուսափել պատժից նա, ով ապրելով թագավորի հաշվին, չի ուզում պատերազմել նրա համար: Դե, ի՞նչ եմ ասում ձեզ՝ հանուն թագավորի գոնե մեր սեփական հոգիների համար հոգ տանենք: Եվ հիմա կհարցնես, թե ապրելով աշխարհում, բազում հոգսերի մեջ, կարո՞ղ եմ արդյոք պատերազմել, հոգ տանել և փրկվել: Ի՞նչ ես ասում, ո՜վ մարդ, ուզո՞ւմ ես քեզ համառոտ ցույց տամ, որ ոչ թե տեղն է փրկում, այլ ապրելակերպը և հոժարակամությունը: Ադամը դրախտում այնպես էր, ինչպես նավը խաղաղ նավահանգստում, բայց նավաբեկության ենթարկվեց, իսկ Ղովտը՝ ապրելով սոդոմացիների մեջ, ինչպես որ ալեկոծ ծովում, փրկվեց: Հոբը արժանացավ արդարացման, լինելով հալածանքների մեջ, իսկ Սավուղը՝ կենալով պալատներում, զրկվեց թե՛ այս և թե գալիք թագավորությունից: Խոսքերով արդարանալ չի լինի, ասելով թե. «չեմ կարող ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ և փրկվել»:
Իսկ գիտե՞ք, թե որտեղից է առաջանում նման ինքնաարդարացումը. սա նրանից է, որ դուք հաճախակի չեք գալիս, մի մասդ՝ աղոթքի, մյուսներդ՝ աստվածային Սուրբ Պատարագին:
Մի՞թե չեք տեսնում, թե ինչպես են ջանում նրանք, որոնք երկրավոր թագավորից ուզում են արժանանալ մեծարանքի և ինչպես են փնտրում թագավորի մոտ իրենց համար բարեխոսներ, որպեսզի չզրկվեն այն բանից, որին համառորեն ձգտում են: Սա ասվում է նրանց համար, ովքեր սրբազան հավաքներն անտեսելով, խորհրդավոր ընթրիքի ահավոր պահին տրվում են զրույցների և դատարկախոսության:
Ի՞նչ ես անում դու, ով մարդ, չլսեցի՞ր սուրբ բեմից եկող ձայնը, թե. «Դռները, դռները ծածկեցեք ամենայն իմաստնությամբ և զգուշությամբ: Ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք աստվածային երկյուղով»: Իսկ դու բոլորի հետ միասին չասեցիր, թե. «Մեր ամբողջ միտքն ու հոգին քեզ հետ են, ով ամենակալ Աստված»: Դու վախ չես զգում, չես ամաչում հանկարծ ստախոս դուրս գալ ամենաահավոր պահին: Զարմանալի է երբ պատրաստված է խորհրդավոր ընթրիքը, երբ մորթվում է Աստծո Գառը, երբ քեզ համար ջանում է քահանան, երբ հոգևոր կրակը դուրս է ճառագում ամենասուրբ ընթրիքից, ներկայացել են քերովբեները, թռչում են սերովբեները, վեցթևյանները ծածկում են իրենց դեմքերը, բոլոր անմարմին զորությունները խնդրում են քեզ համար Պատարագիչ քահանայի հետ
միասին, հոգևոր հուրը իջնում է երկնքից, ամենասուրբ կողից լցվում է սկիհի մեջ արյունը քո քավության համար, և դու չե՞ս վախենում ու չե՞ս ամաչում այս ահավոր պահին որպես ստախոս երևալ (քանի որ խոստումը ոչ թե լեզվով, այլ գործով է ապացուցվում):

Շաբաթվա հարյուր վաթսունութ ժամից ընդամենը երկու ժամ է Աստված առանձնացրել Իր համար, մի՞թե այդ ժամն էլ դու պիտի վատնես կենցաղային հարցերի, ծիծաղի և շատախոսության վրա:
Եվ ինչ համարձակությամբ այս ամենից հետո պիտի մոտենաս Սուրբ Հաղորդությանը նման ապականված խղճմտանքով: Մի՞թե դու կարկատած հնոտիներով կհամարձակվեիր մոտենալ և կպչել երկրավոր թագավորի հանդերձի եզրին, իհարկե ոչ, ոչ մի դեպքում: (Իսկ որքան առավել պետք է երկյուղել այս պարագային): Եվ մի կարծիր, թե սա սովորական հաց է և մի մտածիր, թե ուղղակի գինի է, իմացիր որ նրանք մնացած այլ կերակուրների նման մարդուց դուրս չեն ելնում:
Մի խորհիր այդպես: Այլ այն բանի նմանությամբ, ինչպես որ մոմը, որ մերձենալով կրակին իրենից ոչինչ չի լցնում, և ոչինչ չի կպցնում, և ոչինչ չի վերցնում, հենց այսպես էլ մտածիր և այս պարագայում, որ խորհուրդները անմնացորդ լուծվում են մարմնի էության հետ: Եվ մոտենալով, մի մտածիր, թե Սուրբ Հաղորդությունը վերցնում ենք մարդու ձեռքից, այլ պատկերացրեք, որ դուք ընդունում եք աստվածային մարմինը, ինչպես այն կրակը, որ գտնվում էր սերովբեների ձեռքում եղած աքցանում, որ տեսավ Եսային (Եսայի 4): Իսկ Փրկչական արյունը նույնպես ընդունենք, կարծես
թե շուրթերով հպվում եք Փրկչական սրբասուն և աստվածային կողին: Եվ այս պատճառով էլ, եղբայրներ, չթողենք սուրբ հավաքները, և այնտեղ էլ չտրվենք դատարկաբանության, այլ կանգնենք երկյուղով և սրտի թրթիռով, հայացքի խոնարհումով, իսկ հոգում ունենանք վիշտ և սրտի խորքից ելնող հոգոցներով բացականչենք, այլ ոչ թե ձայնեղությամբ:

Այս բաները թող քեզ համար որպես օրինակ ծառայեն, ով մարդ: Խնդրում եմ նմանապես, և դու կանգնիր Տիրոջ առջև, գոնե այնպես, ինչպես որ կկանգնեիր երկրավոր թագավորի առջև, չէ՞ որ Երկնավոր թագավորի առջև պետք է կանգնել էլ ավելի մեծ երկյուղով: Չեմ դադարի կրկնելուց այն, ինչը որ հաճախ և առաջ էլ ասում էի, մինչև որ ձեզ չտեսնեմ ուղղված: Եվ այսպես, գալով եկեղեցի մտնենք այնպես, ինչպես որ պատշաճ է կանգնել Աստծո առջև, չսնելով մեր հոգիները չարությամբ, որպեսզի աղոթքի ժամանակ այնպես չստացվի, որ աղոթենք ինքներս մեր անձերի դեմ՝
ասելով. «Թող մեր մեղքերը, ինչպես և մենք ենք թողնում մեզ պարտք եղողներին»: Սարսափելի է այս խոսքը, և ով արտաբերում է այն, կարծես թե կոչ է անում Աստծուն՝ ասելով. «Ես թողեցի, ով Տեր, և Դու էլ թող: Թողեցի ես, թող և Դու, ներեցի, ներիր և Դու, ես չներեցի, մի ներիր և Դու, եթե ես չեմ թողել մերձավորիս, Դու էլ մի թողնիր իմ մեղսագործությունները: Ինչ չափով չափեցի ես, թող նույն չափով և չափվի ինձ»: Իմանալով այս ամենը և խորհելով այն ահավոր օրվա մասին և պատկերացնելով այն դաժան կրակը ու սարսափելի պատիժը՝ ետ դառնանք այն ճանապարհից, որում թափառում էինք: Կհասնի ժամը, և կդադարի այս աշխարհի հանդիսախաղը, և էլ չի լինի ժամանակ՝ հոգևոր սխրանքներ գործելու համար: Հնարավոր չէ կյանքի վերջում զբաղվել հոգևոր գործերով, անհնար է այս հանդիսախաղի ավարտին ձեռք բերել լուսապսակներ: Այս ներկա ժամանակը ժամանակ է ապաշխարության, իսկ գալիքը՝ դատի, հիմա է ժամը հոգևոր սխրագործությունների, իսկ գալիքը՝ լուսապսակների, այժմ պահն է աշխատանքի, իսկ այնժամ՝ հանգստի և ուրախության, հիմա է ժամը հոգնատանջ լինելու, իսկ այն ժամ՝ վարձատրության:

Արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք և լսեք ջանասիրությամբ այն, ինչ որ ասվում է ձեզ: Մենք ապրում էինք մարմնավորապես, հիմա արդեն սկսենք ապրել հոգևորապես, ապրում էինք մենք մարմնավոր հաճույքների մեջ, այժմ ապրենք առաքինությամբ, ապրում էինք մեղքերի հանդեպ անհոգությամբ, հիմա ապրենք ապաշխարությամբ:
Ախր «Ի՞նչ ունես հպարտանալու, ով հող ու մոխիր» (Սիրաք): Ինչո՞ւ ես գոռոզանում, ով մարդ: Ինչո՞ւ ես այդպես անհագորեն գովաբանություն փնտրում: Աշխարհային ո՞ր մի փառքի և հարստության վրա ես հույսդ դրել: Խնդրեմ, գնանք գերեզմանները և տեսնենք այնտեղ կատարվող ահասարսուռ և խորհրդավոր իրավիճակը, տեսնենք քայքայվող էությունը, ցեցոտած ոսկորները, նեխած մարմինը: Եթե դու իմաստուն ես՝ խորհիր, և եթե խելացի ես՝ ասա ինձ, ո՞վ է այստեղ թագավոր, իսկ ով՝ ռամիկը, ով ազնվական է և ով՝ ստրուկը, ով է իմաստուն և ով՝ անմիտը: Որտե՞ղ է այստեղ գեղեցկությունը երիտասարդության, ո՞ւր է հմայիչ հայացքը, ո՞ւր է գեղեցիկ քիթը, ո՞ւր է վարդագույն շուրթերը, ո՞ւր է գույնը այտերի, ո՞ւր է փայլը ճակատի: Մի՞թե ամեն բան հող ու մոխիր չէ, մի՞թե ամեն բան որդ և գարշահոտություն չէ: Եվ ահա ամեն ինչ փտում է: Պահելով այս ամենը մտքում և խորհելով մեր վերջին օրվա մասին, դարձի գանք, եղբայր, մեր խոտոր ճանապարհներից, քանի դեռ մենք ժամանակ ունենք: Սուրբ արյամբ ենք մենք գնված ( Ա Պետրոս 1:19) և այդ նպատակով իսկ, Աստված երկրի վրա հայտնվեց՝ քեզ գնելու համար, ով մարդ, Աստված երկրի
վրա հայտնվեց՝ չունենալով անգամ գլուխ դնելու տեղ (Ղուկաս 9:58): Օ՜ հրաշք, Դատավորը դատապարտյալների փոխարեն ներկայանում է դատի, Կյանքը ճաշակում է մահ, Արարիչը կրում է ապտակներ արարածներից: Սերովբեների համար աներևույթը, թուք է ընդունում ստրուկներից, քացախ ու լեղի է ճաշակում, գեղարդով խոցվում և դրվում է գերեզման: Եվ այսպես, ջանա ապաշխարությամբ և ուղղվելով պատրաստվել հոգեվարքիդ ահավոր պահին, երբ մոտենա մահը, որովհետև միայն այստեղ երկրի վրա է, որ ապաշխարությունը ուժ ունի, իսկ դժոխքում այն արդեն ուժը կորցնում է: Աղաղակենք առ Աստված, քանի դեռ ժամանակ ունենք: Բարիք անենք, որպեսզի ազատվենք գալիք անվախճան գեհենից և արժանանանք Երկնքի Արքայությանը շնորհով և մարդասիրությամբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, որին փառք, իշխանություն, հավիտյանս հավիտենից. Ամեն: