Ո՛վ մեղավոր, քաղցրությամբ կանչում եմ քեզ ապաշխարության, և դու չես լսում ինձ:
Այսպես է ասում երանելի մարգարե Եզեկիելը. «Եթե անօրենը իր գործած անօրենություններից ետ դառնա և արդարություն և ողորմություն անի, ապրելով կապրի և չի մեռնի»:
Իր կատարած բոլոր հանցանքները և գործած անօրենությունները չի հիշեցվի, այլ ողորմությամբ, որ արել է՝ պիտի ապրի: Սրա համար զանց արեք ձեր զբաղվածությունները, փութացեք հասնել ամենակալ Հոր առատաձեռն Որդուն, Որի անունն է՝ Կյանք, Լույս և Փրկիչ: Որին հավատացիք և մկրտվելով՝ լուսավորվեցիք: Ով Հորից առնում և յուրայիններին է հագցնում. «Փառքը, որ տվեց ինձ, տվեցի նրանց»: Որ բռնելով յուրայինների ձեռքից, մտցնում է ամենակալ Հոր մոտ. «Կամենում եմ, որ ուր ես լինեմ, սրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն»: Մատթեոսը, որ երեկ մաքսավոր էր կողոպտիչ և անողորմ, այսօր ելած բազմել է երկնքում, Պետրոսը՝ ուրացողը Հիսուսի, այսօր փառավորվում է փառքի լուսեղեն գահին բազմած: Պողոսը, որ հալածիչ էր և հայհոյիչ եկեղեցու, այսօր անճառելի փառքը մտնելով, հանգչում է Աստծու մոտ: Էլ ինչու ե՞ք դանդաղում, փութալով ելեք դեպի այսպիսի ողորմած Տերը, մի՛ հեղգացեք, և մի՛ հապաղեք: Ավելի արագ և ավելի ջանքով պետք է ընկնել նրա գթության և մարդասիրության առջև, թեկուզ պետք լինի դրա համար անցնել բազում երկրներով և գավառներով:
Ո՛վ մեղավոր, տես իմ սերը քո վրա: Այն ժամանակ, երբ բռնեցին ինձ, աշակերտներս ինձ մենակ թողեցին և փախան: Գառը մենակ էր և գայլերը՝ շատ, գառնուկը մեկ էր և արնախումները՝ շատ, անապատի անմեղս մենակ էր և շնաբարո որսողները բազում, պարարտ եզը մի էր, և մորթողները՝ շատ, արդար աղավնիս մենակ էր, և վայրի թռչունները՝ անթիվ, ողջախոհ տատրակս մեկ էր, և սևամորթ ագռավները՝ բազմերամ: Ասեմ նաև այն, թե ինչ արեցին այն ժամ: Նախ՝ մերկացրին իմ անկար պատմուճանից, ապա հանեցին իմ պարեգոտը, բացին գլուխս, կապեցին ձեռքերս թիկունքիս, պարան գցեցին պարանոցիս և սկսեցին տանել, և թե ինչպես՝ լսիր: Նրանք, որ առաջն էին, ինձ քարշ էին տալիս երեսիս վրա, իսկ որոնք որ ետևն էին, ձաղկում էին թիկունքից, որոնք աջ կողմն էին, ապտակում էին ծնոտիս, իսկ նրանք, որ ձախ կողմն էին՝ թքում էին երեսիս, որոնք հեռու էին՝ հող էին լցնում գլխիս, իսկ ոմանք բարձր ձայնով հայհոյում և անարգում էին: Որոնք մի քիչ մոտ էին ծաղրում էին և նախատում, մի մասն էլ արագ գնաց քահանայի ապարանքը՝ ավետելու: Երբ լսեցին լրաբերներին, իրար ձայն արձակեցին, թե՝ կապել են Հիսուսին և կապած բերում են, եկեք շտապենք Նրան ընդառաջ: Իսկ բազմությունից ո՞վ էր, որ չհարվածեց ինձ, ո՞վ էր որ չձաղկեց ինձ, ո՞վ էր որ չթքեց երեսիս, ո՞վ չխփեց գլխիս, ո՞վ չհարվածեց իմ պարանոցին, ո՞վ բրիչով չհարվածեց թիկունքիս: Ով խոսքով չանարգեց կամ չնախատեց, կամ չարհամարhեց, կամ չծաղրեց, մինչև հասցրին Կայիափայի և Աննայի ապարանքը: Քո սիրո համար այս ամենը կրեցի, և դու ատում ես ինձ և մեղքն ես սիրում: Իսկ որ ասեմ, թե ինչ արին ինձ հետ, երբ տարան Աննայի և Կայիափայի ապարանքը, կզարհուրես լսելուց: Ասացին, որ անօրինաբար չենք դատում մենք Հիսուսին, այլ օրենքով և դատաստանով, և տվին ատյան: Ու նստեցին քահանայապետները՝ ծերերով հանդերձ և սուտ վկաներ բերեցին, թե Աստծո հակառակ է, թե օրենքի խափանիչ է, թե շաբաթի լուծիչ է, թե տաճար քանդող է, թե Աստծո հայհոյիչ է, թե ծերերի ավանդը արհամարհող է, և այլն, և այլն: Եվ սրանից հետո սկսեցին աղաղակ բարձրացնել, թե
մահապարտ է, ոմանք, թե արժան է խաչ հանելու, ուրիշները հանդերձներն էին պատռում, ասելով, թե՝ Աստված հայհոյեց, ոմանք՝ թե չարագործ է, և Ես տարա այս ամենը՝ համբերելով մեղավորիդ համար: Եվ այնտեղից տարան Աննայի մոտ, այնտեղից՝ Պիղատոսի ապարանքը, այնտեղից՝ Հերովդեսի իջևանը, այնտեղից դարձյալ Պիղատոսի ապարանքը, և գիշերը չտվին հանգիստ աչքերիս, այլ պտտեցնում էին ապարանքից ապարանք: Էլ չեմ պատմում, թե որչափ անտանելի
անարգանք և չարչարանք անցավ իմ գլխով այն գիշեր:
Այնպես, ինչպես Ես քեզ սիրեցի, կա՞ ավելի մեծ սեր, քանզի նույնիսկ մորս՝ Մարիամին չողորմեցի: Այն ժամ, որ տեսնում էր մայրս իր Միածին Որդուն, երկրի և երկնքի Արարչին՝ խաչի վրա մերկացած և մարմինը արյունով շաղախված, կողը՝ ծակված, երեսը՝ այլանդակված, գլուխը խոնարհած, հոգին՝ ավանդած:
Արդ, կարո՞ղ է մեկը մարդկանցից կամ հրեշտակներից իմանալ, թե ինչքա՞ն էր սգում նա, ինչպե՞ս էր կսկծում, սրտով այրվում, մորմոքում, հեծեծում, ինչպե՞ս էր հառաչում, որչափ տխրում, խռովվում և տագնապում, որքան հոգոց էր հանում: Ինչպե՞ս էր ողբում, որքա՞ն արտասուք էր թափում, ի՞նչ երգ էր երգում,
ի՞նչ ձայն էր արձակում, ինչպիսի՞ բառեր էր բարբառում: Ինչպե՞ս էր խաչը գրկում, ինչպե՞ս էր բազուկները ինձ ձգում և չէր հասնում, ինչպե՞ս գետին էր ընկնում, հողը գլխով էր տալիս, ինչպես լաց լինում, ինչպես թախանձում, ինչպե՞ս խանդաղատում մահացող Միածնի դեմ, ինչպես էր երկնային զորքերը խոնարհեցնում իր ողբով, ինչպես էր մարմնավորների արցունքը բերում, ինչպե՞ս յուղաբեր կանայք իր հետ գետին էին ընկնում: Այդ ժամին մայրն իմ, որ այսպիսի կսկիծ ուներ, մեռա՞ծ էր, թե՞ կենդանի, արթո՞ւն էր, թե՞ երազում, սթափ էր, թե՞ թմրության մեջ, այսքան աղետի մեջ չողորմեցի մորս հանուն քեզ, և դու երես ես շրջում ինձանից, և թշնամուս կողմն ես դառնում:
Ո՛վ մեղավոր, իմացիր, որ այժմ քաղցրությամբ կանչում եմ քեզ ապաշխարության, և դու չես լսում ինձ: Զգուշացիր, թերևս մեռնես առանց զղջալու: Մի՛ այդքան երկնչիր քո մեղքերի շատությունից, որքան իմ երախտիքներից և չարչարանքներից: Քանզի, որպես քո մեղքերի հատուցում հազարապատիկ ավելի եմ տանջելու քեզ հնոցի կրակներում, որ արհամարհեցիր իմ չարչարանքները և ունայնացրիր իմ մարդեղությունը և իզուր համարեցիր երկնքից երկիր իջնելս քեզ համար:
Չարչարանքը, որ կրեցի մեղավորների համար, պարտք է նրանց վրա և եթե ապաշխարությամբ չվճարեն իմ չարչարանքների պարտքը և թողություն չստանան, իմ դատաստանի ժամանակ մեղքերի հատուցումն այնքան եմ տալու, որքան որ գործել են, իսկ իմ չարչարանքների պարտքը՝ հարյուրապատիկ, որովհետև արհամարհեցին ինձ:
Ով մեղավոր, ասա՛ ինձ, ի՞նչ վնասակար բան ես տեսել քո Արարչից՝ Քրիստոսից, որ այսքան ատում ես ինձ, կամ ի՞նչ բարություն ես տեսել սատանայից, որ այդքան սիրում և նրա կամքն ես կատարում, զազիր գործերովդ, եթե ինձ ականջ դնես, հիմա Ես քեզ ցույց կտամ սատանայի բարությունը, որ քեզ արել է: Սատանան չէ՞ր, որ քո մորը խաբեց օձի միջոցով, և նրանով էլ քո հորը՝ Ադամին: Սատանան չէ՞ր, որ տվեց պտուղը քո հորն ուտելու: Սատանան չէ՞ր,
որ նրանց մերկացարեց լուսեղեն պատմուճանից: Սատանան չէ՞ր, որ նրանց փախցրեց Աստծո երեսից և թաքցրեց թզենու տակ: Սատանան չէ՞ր, որ անեծքի մատնեց քո հորը և մորը: Սատանան չէ՞ր, որ արտաքսել տվեց աստվածավայել անմահության դրախտից և մատնեց մահվան: Սատանան չէ՞ր, որ ինն հարյուր տարի կսկծեցրեց անմահական դրախտի մոտ սաստիկ արտասուքով: Սատանան չէ՞ր, որ քո հոր լուսեղեն պատմուճանի պայծառությունը փոխարինեց մաշկեղեն հանդերձներով: Սատանան չէ՞ր, որ դրախտի անաշխատ պտղի վայելումը դարձրեց երեսի քրտինքի ջանքով ուտելու: Սատանան չէ՞ր, որ զրկեց հրեշտակային
աճից՝ և դարձրեց անասնական աճի, և այն էլ՝ ցավով և տրտմությամբ: Սատանան չէ՞ր, որ քո հոր հոգին իր ծնունդներով արգելված պահեց դժոխքում հինգ հազար տարի, մինչ Ես գթալով՝ ողորմեցի և գալով, խաչովս նրանց ազատեցի: Արդ, եթե քո նախահորը՝ Ադամին, այս արեց, ապա քեզ ի՞նչ կկամենա անել, որ այդքան սիրում ես սատանային, դու ինքդ մտածիր այդ մասին:
Սուրբ Հայր Եփրեմ Խուրի Ասորու
Ապաշխարության հորդորակը