Խաչը քրիստոնյայի համար պսակ է, որ բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը, այն՝ որ Հիսուս ի սեր մարդկության եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց և իր խաչելությամբ նոր իմաստ ու խորհուրդ տվեց խաչին: Մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում:
Քրիստոսի խաչելությամբ խաչը մահվան նկատմամբ հաղթանակի և կյանքի խորհուրդ դարձավ: Պողոս առաքյալը գրում է. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղատ 6 : 14):
Ըստ Դավիթ Անհաղթի, քրիստոնեական եկեղեցին պաշտում է խաչը, քանի որ խաչը Քրիստոսի ձևն ունի և Քրիստոս ամեն պահի խաչի վրա է, էանում է նրա հետ և երբեք չի հեռանում խաչից:
Ըստ Ագաթանգեղոսի՝ խաչը վահան է չար ուժերից պաշտպանվելու համար:
Աստծու Որդին Իր խաչելությամբ մարդկության համար հավիտենական կյանքի ճանապարհ բացեց, որը մարդուն դեպի Աստված է տանում: Հոգևոր իմաստով մերկանում է այն մարդը, ով հեռանում է խաչից և ինքն իրեն զրկում խաչի կենսատու զորությունից: Նախանձը, դառնությունը, ներքին կռիվները, հոգու տառապանքը և բոլոր տեսակի չարությունները անհավատության մատնված և խաչից հեռացած մարդու հատկանիշներ են: Լսենք, թե ինչ է ասում Խաչի խորհրդի մասին մեր եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթևացին.
«Երբ պատսպարվում ենք խաչով, այսինքն՝ թիկունքով ամրապնդվում նրանով, ինչպես պարսպով, և հենվում՝ այսինքն սրտով հաստատվում նրա վրա, երեք տեսակ բարիք ենք ստանում՝ իմաստություն, զորություն և անմահություն: Ուստի, երբ իմացությամբ և հավատով պատսպարվում ենք այս եռակի բարությամբ, իմաստնանում ենք ու հասկանում, որ նրա վրա Խաչվածը Աստված է և անմեղ, սակայն մեռնում է մեր փրկության համար, որպեսզի վճարի մեր պարտքերը և ազատի մահից: Եվ հույսով ու սրտով հենվում ենք խաչի վրա, որպեսզի զորացնի մեզ՝ հաղթահարելու սատանայի զորությունը: Այսպես իմաստնանում ենք մտքով, զորանում՝ մարմնով և անմահանում՝ հոգով, քանզի պատսպարվում ենք խաչով:
Խաչը առաքյալների քարոզությունն է և երկրի հաստատությունը:
Խաչը անմեղների խրատն է և մեղավորների քավիչը:
Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը:
Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը:
Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր:
Խաչը դժոխքի ավերողն է և գերյալների ազատողը:
Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը:
Խաչը կենաց ծառն է և անմահության պտուղը:
Խաչը դրախտի դռները բացողն է և արքայությունը որպես ժառանգություն տվողը:
Խաչը անհավատների կուրությունն է և հավատացյալների զորությունը:
Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը:
Հայ ժողովուրդը միշտ էլ հավատով ու պարծանքով է նայել Քրիստոսի խաչին, դիտելով այն որպես զորության աղբյուր: Մեր հայրերը խաչի մեջ տեսել են իրենց գոյության իմաստն ու կյանքի աղբյուրը: Մեր հայրերը դարերի մեջ երբեք չդավաճանեցին Խաչին ու չուրացան Խաչյալին: Խաչը ոչ միայն կյանքի, այլև ներշնչանքի աղբյուր դարձավ հավատացյալ հայի համար: Այսպես կերտվեցին զմայլելի
խաչքարեր, որոնք այսօր հայ ժողովրդի հոգևոր հարստությունն են և անմահության գրավականը: Ոչ մի ազգ այնպես չնվիրվեց Խաչին, ինչպես հայ ազգը: Ոչ մի ժողովուրդ այնքան հավատարիմ չեղավ Խաչին, որքան հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը առաջինն ընդունեց Խաչը և հավատարիմ մնաց իր առաքելությանը: Դարերի ընթացքում եղան Խաչը ուրացողներ, եղան Խաչի թշնամիներ, և այսօր էլ կան, սակայն իր ամբողջության մեջ մեր ժողովուրդն այն միակ ազգը եղավ, որ Խաչը երբեք չհեռացրեց իր կյանքից, իսկ Խաչի խորհուրդը՝ իր սրտից: Ու Խաչով հաղթեց մահին, քանզի երբեք չի մեռնի
այն ժողովուրդը, որը պարծենում է Քրիստոսի խաչով: Մենք այսօր էլ կոչված ենք Խաչի խորհրդով զորանալու և նորոգված կյանք ապրելու:
Գիտելիքներ քրիստոնյաների համար.
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան