Փրկչի Հարությանը նվիրված մեծ տոնն է և նշանակում է թե Քրիստոս զատվեց մեռելներից և հարություն առավ: Զատկի հատկանշական ուտելիքն է կարմիր ձուն՝ իբրև խորհրդանշան խաչի վրա Փրկչի թափած արյան և Նրա Հարության։ Զատկից մինչև Համբարձում 40 օր է։
Այս ժամանակահատվածն էլ կոչվում է Քառասունք Հարության, ինչպես որ Մեծ պահքը կոչվում է Քառասունք ապաշխարության։
Դարձյալ, Զատկից մինչև Հոգեգալուստ կամ Պենտեկոստե հիսուն օրերի ժամանակահատվածը կոչվում է Հինունք, ինչպես որ Ծնունդը կանխող 50 օրերն ասվում են Հիսնակք։Ժողովուրդը Փրկչի Հարության տոնին ասում է Մեծ զատիկ, իսկ Ծննդեան տոնին՝ Փոքր զատիկ։ Հինանց կիրակիներն էլ զատ-զատ անուններ ունեն։ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, որովհետև Փրկչի Հարությունից հետո ամեն բան նորոգվում է, և քրիստոնեության համար մի Նոր կիրակի է, ինչպես նաև՝ Կրկին զատիկ, այսինքն՝ Նոր կիրակի և Զատկի կիրակի։ Հաջորդը Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի և ապա Կարմիր կիրակի։ Զատկի հինգերորդ կիրակի օրը տոնվում է Խաչի երևում՝ պարզապես երևման խաչ բացատրությամբ։ Երուսաղեմի Կյուրեղ պատրիարքի ժամանակ Սիոն լեռան վրա տեղի է ունենում խաչանման լուսահրաշ մի երևույթ, որը Կյուրեղը նամակով նկարագրում է Կոստանդին Բ կայսրին 337 թ.։ Այս դեպքն է հիշատակվում Զատկի Ե կիրակի օրը, և այդ առթիվ կարդացվում է Կյուրեղ եպիսկոպոսի՝ Կոստանդինոսին ուղղած նամակը Անդաստանի ընթերցվածների սկզբում։
Համբարձում. Զատկից քառասուն օր անց, Հինանց վեցերորդ յոթնյակին, հինգշաբթի օրը, տոնվում է Փրկչի վեր բարձրանալը կամ համբարձումը Ձիթենյաց լեռան վրայից։ Այս տոնը տասնօրյա է, նրան հաջորդում է Հոգեգալուստը։ Հայ ժողովրդի մեջ Համբարձումն ասվում է Վիճակի օր, որովհետև Հուդայի փոխարեն վիճակով ընտրվեց Մատաթիան [Գործ. Ա 26], և այդ օրն է, որ հայ մայրերն ու աղջիկները հատուկ արարողություններով վիճակի խրախճանք էին անում՝ վիճակահանության մեջ քրիստոնեական ոգի դնելով։ Զատկի յոթերորդ կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ, որովհետև ինչպես որ Բուն բարեկենդանից մինչև Ծաղկազարդ քառասունք է, այդպես էլ Զատկից մինչև Հինանց յոթերորդ կիրակին քառասունք է:
Հոգեգալուստ կամ Պենտեկոստէ. Սուրբ Հոգու իջմանը նվիրված առաջին կիրակին է Զատկի կամ Հինանց կիրակիներից հետո։ Հիսուներորդ նշանակում է Պենտեկոստե։ Ծագումով հրեական տոն է՝ Եգիպտոսում նրանց տոնած վերջին Պասեքի(Զատկի) հիշատակին, որ տոնում էին Զատկի հիսներորդ օրը։ Հրեաների Պենտեկոստեն նաև, տոնն է Հնձոց և երախայրյաց, այսինքն՝ գոհության տոն, ինչպես նաև, ըստ ավանդության, Սինա լեռան վրա աստվածային օրինադրության տարեդարձն է։ Հոգեգալուստ նշանակում է Սուրբ Հոգու գալը կամ էջքը, որ տեղի ունեցավ Պենտեկոստեի օրը Վերնատանը [տե՛ս
Գործ. Բ], և քրիստոնեական Եկեղեցին, պահելով հանդերձ Պենտեկոստե անունը, նվիրագործեց այդ կիրակին Հոգեգալստյան կիրակի անունով։ Հոգեգալուստը յոթօրյա տոն եղավ Շնորհալու կարգադրությամբ՝ յոթնյակն էլ «անլուծանելի» պահք հռչակելով (այս տոնը հոգեգալստական աղանդի հետ չի առնչվում)։
Այս շաբաթապահքը կոչվում է նաև Եղիական պահք այն պարզ պատճառով, որ Հոգեգալստին հաջորդող առաջին կիրակի օրը Ճաշու ժամին կարդացվում է Եղիա մարգարեի պատմությունը.Դ Թագ.Ա-Ե։
Տոն Կաթողիկե Եկեղեցվո Սրբո Էջմիածնի. սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով Վաղարշապատի Մայր եկեղեցու հիմնադրումը պատմական կարևոր իրադարձություն է մեր Եկեղեցու պատմության մեջ։ Լուսավորչի տեսիլքի համաձայն՝ Միածինն իջավ և ոսկյա մուրճով նշանակեց Հայաստանի Մայր եկեղեցու հիմքերի տեղը, որոնց վրա բարձրացավ այդ եկեղեցին։ Հետո Էջմիածինը հատուկ անուն դարձավ՝ խորհրդանշելով լուսավորչահիմն Մայր Եկեղեցին և միաժամանակ Մայր Աթոռը։ Եկեղեցին կոչվեց նաև Կաթողիկե Եկեղեցի Սրբո Էջմիածնի. Կաթողիկե, այսինքն՝ բոլոր հայերի Ընդհանրական Եկեղեցի։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչն Էջմիածնի հիմքերը դրեց Խոր Վիրապից ելնելուց հետո։ Այս պատճառով Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոնն էլ կատարվում է այս կիրակիին նախորդող շաբաթ օրը։ Աստվածածնի Վերափոխման շաբաթ օրը տոնվում է Շողակաթը, որ Էջմիածնի հիմնադրման տոնն է, կարելի է ասել՝ նաև Միածնի իջման տոնը՝ ըստ սուրբ Լուսավորչի տեսիլքի։ Եվ որովհետև Էջմիածնի եկեղեցին նվիրված է սուրբ Աստվածածնին, այդ պատճառով Շողակաթի տոնը դրված է Աստվածածնի շաբաթ օրը։
Գյուտ նշխարաց սրբույն Գրիգորի Լուսավորչի. Հոգեգալստյան երրորդ կիրակին Բարեկենդան է, և շաբաթ օրը տոնվում է Լուսավորչի նշխարների գյուտը։ Հայաստանյայց Եկեղեցու ազգային գլխավոր տոներից է այս տոնը։ Մեր Եկեղեցում տոնախմբվում են Լուսավորչի կյանքից երեք դրվագներ՝ Վիրապ մտնելը, Վիրապից ելնելը և նշխարների գյուտը։ Այս վերջինն ամենակարևորն է, նվիրված է մեր Լուսավորչի պանծալի կյանքին և երջանիկ ելքին այս աշխարհից։ Պատմվում է, որ Լուսավորիչն իր ծերության օրերին, հայրապետական պաշտոնն ու գործն իր Արիստակես որդուն հանձնելուց հետո, քաշվեց Երզնկայի Սեպուհ լեռը, այնտեղ ապրեց իբրև միայնակյաց, ճգնեց և, ըստ համշենցիների ավանդության, վախճանվեց գիհի ծառի փչակի մեջ։ Մի հովիվ պատահաբար գտավ նրա անշնչացած մարմինը կամ նշխարքը։ Սա է Գյուտ նշխարաց ասվածը։ Հետագայում Սեպուհ լեռան վրա մի փառավոր եկեղեցի շինվեց սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։
Հովհաննես Երզնկացի վարդապետը 1250-1326 «Լերի՛նք ամենայն, այսօր ցնծացե՛ք» շարականով փառավորեց Լուսավորչի այս տոնը։
Վարդավառ. Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է։ Վարդավառը հայոց հեթանոսական կրոնից մնացած Աստղիկի տոնի անունն է, որ պահպանվել է։ Վարդավառի առթիվ աղավնի թռցնելու և իրար վրա ջուր լցնելու սովորությունն էլ Աստղիկի տոնից մնացած սովորություն է մեզանում։
Վերափոխումն Սուրբ Աստվածածնի կամ պարզապես Աստվածածին. տոնվում է օգոստոսի 12-17-ը հանդիպող կիրակի օրը։ Տիրամոր Վախճանի կամ Վերափոխման տոնն է, որ, ըստ Շնորհալու կարգադրության, յոթնօրյա է։ Աստվածածինը մի քանի տոներ ունի. ապրիլի 7-ին՝ Ավետում, դեկտեմբերի 9-ին՝ Հղություն Աննայի, սեպտեմբերի 8-ին՝ Ծնունդ, նոյեմբերի 21-ին՝ Ընծայումն ի Տաճարն, ինչպես նաև՝ հետամուտ Գյուտ տփո, Գյուտ գոտվո տոները։ Ամենամեծը` Վերափոխման տոնն է։
Խաչվերաց նշանակում է խաչի հանդիսավոր վերացումը կամ բարձրացումը, որ մեծ հանդիսությամբ տոնվում է սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի օրը և յոթօրյա տոն է։ Խաչը մեր Եկեղեցում մի քանի տոներ ունի՝ Երևման խաչ, Վարագա խաչ, Գյուտ խաչի, Խաչվերաց. սրանցից զատ, Եկեղեցու տոների շարքում երեք օր նվիրված է Խաչին, ինչպես կտեսնենք հետևյալ հատվածում։
Տոն Եկեղեցվո. Խաչը և Եկեղեցին եկեղեցագիտորեն հոմանիշ են։ Եկեղեցին խաչյալ Փրկչի մահվան պտուղն է։ Քրիստոսի մահվամբ հաստատվեց Եկեղեցին, որովհետև «մահով ընդոտնեց մահը և Իր Հարությամբ կյանք պարգևեց մեզ»։
Վարագա խաչ. Վարագը Վանի մոտ գտնվող մի լեռ է, որի բլուրներից մեկը կոչվում է Գալիլիա։ Պատմվում է, որ սուրբ Հռիփսիմեն, երբ հալածվեց Հռոմից, իր պարանոցին Կենաց Փայտից մի խաչ էր կախել։ Երբ իր ընկերուհիների հետ հասավ Վարագ լեռը, այդ թանկագին սրբությունը պահեց ժայռերի մեջ, որպեսզի այն չընկնի իր հալածիչների ձեռքը։ Այս ավանդության համաձայն՝ Հովել անունով մի ճգնավոր շատ չարչարվեց՝ այս խաչը գտնելու համար։ Վերջապես տեսիլիքի մեջ հայտնվեց նրան, թե որտեղ է պահված Հռիփսիմեի խաչը։ Այն գտնում և դնում են Վարագի եկեղեցում։ Այստեղից է Վարագա խաչ անունը։ Ներսես Շինող կաթողիկոսը 640-661 փառավոր հանդեսով պանծացրեց Վարագա խաչի գյուտը և կարգադրեց տոնել այդ դեպքը։
Գյուտ խաչ. նշանակում է խաչի գտնվելը, որ, ըստ ավանդության, տեղի ունեցավ մեծն Կոստանդիանոսի 306- 337թթ մոր՝ Հեղինե թագուհու ձեռքով։ Հեղինեն Երուսաղեմ է գնում Քրիստոսի խաչը գտնելու բուռն տենչանքով, և խաչելության վայրում, ըստ ավանդության, պեղելուց հետո գտնվում է երեք խաչ՝ Հիսուս Քրիստոսի խաչը և երկու ավազակներինը։ Այս երեքից Հիսուսի խաչը զատվում է մի հրաշքով. երեքն էլ հերթով դնում են մի ննջեցյալի վրա, և Քրիստոսի խաչի տակ ննջեցյալը հարություն է առնում։ Այս դեպքն է, որ տոնվում է Խաչվերացից հետո յոթերորդ կիրակի օրը։
Ավագ տոներ. ավագ նշանակում է մեծ։ Ծնունդի շաբաթապահքը կանխող չորս տոները կոչվում են Ավագ տոներ, որոնց երեքը զույգ-զույգ են։ Մեկ Ավագ շաբաթ նախորդում է Զատկին, Ավագ տոներն էլ նախորդում են Ծնունդին։
Ավագ տոների կարգը. ա) սուրբ Դավիթ մարգարեի և Հակոբ առաքյալի,
բ) սուրբ Ստեփանոս Նախավկայի,
գ) սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի,
դ) սուրբ Որոտման Որդիների՝ Հակոբ առաքյալի և Հովհաննես ավետարանչի։
Սրանք քրիստոնեական Եկեղեցու մեծ տոներից են և Հայաստանյայց Եկեղեցում կատարվում են մեծ հանդիսությամբ։ Այս բոլոր տոներից հինգը՝ Ծնունդ, Զատիկ, Վարդավառ, Աստվածածնի Վերափոխում և Խաչվերաց, ավագագույն տոներ են, որ կոչվում են հինգ տաղավարներ։ Այս տոների հաջորդ օրերը նվիրված են մեռելոց հիշատակին։ Մեռելոց օրերին սուրբ Պատարագ է մատուցվում, որից
հետո եկեղեցում տեղի է ունենում ընդհանուր հոգեհանգստյան պաշտոն, գերեզմանոցներում կատարվում է գերեզմանօրհնեք։
Դիտելիքներ բոլորի համար.
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան.