Մի մարդ սպանել էր ազատատոհմիկի եղբորը և քանի որ չկարողացավ փախչել նրանց ձեռքից, ովքեր կամենում էին արյան վրեժխնդիր լինել, մեծ զղջմամբ խոստովանեց իր մեղքը և իրեն հանձնեց Աստծուն: Խելամտորեն վարվելով` Ավագ Ուրբաթ օրը հոժար կամքով ընդառաջ ելավ սպանվածի եղբորը: Եվ ընկնելով նրա ոտքերը, իր պարանոցից չվան ու գոտի կախած`եղբորն սպանելու համար թողություն էր խնդրում և աղաչում, որ իրեն կյանք շնորհի Աստծո և Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի սիրո համար, Ով այդ օրը մեզ համար չարչարանք էր կրել: Իսկ նա, այսպիսի խոնարհություն տեսնելով, որ նրա մարդասիրությունն էր վեր հանում, գթաց, ինչպես վայել է ազնվական մարդուն, թողություն շնորհեց նրան, Քրիստոսի սիրո համար մահապատժից ազատեց և գրկելով
համբուրեց նրան ու ասաց.
– Եղբա՛յր, գնա՛ խաղաղությամբ. Աստված քեզ թողություն է տվել երկնքում, ես էլ քեզ թողություն եմ տալիս երկրի վրա:
Արդ, լսի՛ր, թե հանուն Քրիստոսի սիրո արված այսպիսի վարմունքի համար Աստծուց ինչքա՜ն մեծ վարձք ընդունեց նորողը:
Նույն գիշեր մեր Տեր Հիսուս Քրիստոս երազի մեջ երևաց նրան և ասաց.
– Որովհետև երեկ քո թշնամուն հանուն Իմ սիրո ներեցիր, իմացի՛ր, որ սպանված եղբորդ հոգին նույն ժամին երկնքի արքայությանն արժանացրի, նաև նրա հետ քո հորն էլ լուսեղեն հարկերը տարա, քեզ ևս հրավիրում եմ, որ ութերորդ օրը թողնելով այս աշխարհի անձկությունը` վայելես հավիտենական փառքը: Այդպես էլ եղավ, քանզի ութերորդ օրն իսպառ պատրաստված՝ խաղաղությամբ ի Քրիստոս հանգչեց: Ահավասիկ, տե՛ս, թե ինչքա՛ն լավ է թշնամիներին ներելը. այստեղից հայտնի է,որ չներելու պարագային Աստծուց հեռանում ենք: