Քրիստոնյա՞ ենք մենք, թե՞ քրիստոնեությունը կրակն է ընկել մեր ձեռքը…
Քրիստոնյա կոչվելու մասին խոսելը դեռ վաղ է, հարկավոր է գիտակցաբար,
երկյուղով, զղջումով, խոստովանությամբ ընդունել այն խորհուրդը, որը մեզ իրավունք է տալիս կրել
քրիստոնյա պատվավոր անունը, և այդ անվանը արժանի ենք այնքանով, որքանով որ հոգ տարանք Հիսուս Քրիստոսի խոսքի սերմը`
Մկրտության ժամանակ որպես շնորհ ընդունելուց հետո աճեցնել և պտուղները բաժանել նրանց, որոնք անտեղյակ էին:
Հավատացյալ կոչվելու մասին խոսելը դեռ վաղ է, հարկավոր է սովորել եկեղեցու կարգ ու կանոնին ենթարկվել,
պատշաճ կերպով կատարել հավատացյալին վերաբերող պարտականությունները եկեղեցու ներսում, դրսում, տանը և ամենուր:
Իսկ դրանք բազմաթիվ են, որոնցից մենք տեղյակ չենք:
Պատարագին ներկա լինելու մասին խոսելը դեռ վաղ է, հարկավոր է Պատարագին մասնակից լինել ու
կարողանալ այդ երկու ժամը համակ ուշադրությամբ հետևել Պատարագին` առանց ավելորդ շարժ ու ձևի, և տեղաշարժման:
Սուրբ Խորհրդի ժամանակ մոռանալ մոմովառության, խոսակցության, ողջագուրվելու և երեխաներին անուշադրության մատնելու,
նրանց վազվզոցը անտեսելու, և մի շարք այլ վատ սովորությունների մասին, որոնց պատճառով երբեմն խանգարվում է աղոթողի աղոթքը:
Աղոթելու մասին խոսելը դեռ վաղ է, հարկավոր է մտածել աղոթել սովորելու մասին:
Մեղքը հաղթահարելու մասին խոսել դեռ վաղ է, հարկավոր է մտածել մեղքի առաջացման պատճառների դեմ պայքարելու մասին:
Աստվածաշունչ կարդալու մասին խոսելը դեռ վաղ է, հարկավոր է կարդացածը ընկալել ըստ նրանում թաքնված ճշմարտության,
և ըստ եկեղեցու հայրերի մեկնության և բազում այլ բացատրությունների:
«Աստծուն ճանաչում ենք» ասել դեռ վաղ է, նախ ինքներս մեզ պետք է ճանաչենք:
Շատ գործ ունենք անելու մինչև քրիստոնյա անունով պարծենալը…
Մարդը վախենում է մահից, սակայն չի ուզում սովորել մահից չվախենալու գաղտնիքը:
Մարդը ուզում է երկար ապրել, սակայն չի փնտրում հավերժ կյանք պարգևողին:
Մարդը երազում է դրախտի մասին, սակայն չի ցանկանում բացել այնտեղ մշտական բնակություն ունենալու իրավունքի գաղտնիքը:
Մարդը սարսափում է դժոխքից, սակայն չի ընդունում դժոխքից խուսափելու դեղատոմսը:
Մարդը ուզում է օգտվել աշխարհի բարիքներից, սակայն չի ուզում հաշվետու լինել բարիքները պարգևողին:
Մարդը անվերջ կանչում է Աստծուն, սակայն չի լսում Աստծու արձագանքը իր կանչին:
Մարդը ծնվում և մահանում է տառապելով, որովհետև չի ճանաչում այդ տառապանքը վերցնողին,
ով Իր Սուրբ Արյունը չխնայեց, որ մարդը ապրի և առավել ևս ապրի…
Մարդը գիտե, որ Աստծո շնչով Գիրք կա գրված, սակայն չի կարդում այդ գիրքը,
որովհետև կարդում է սատանայի զվարճալի, ժամանակավոր ուրախություն և
հաճույք պատճառող գրքերը:
Փառք Աստծո, որ Աստված գործում է մարդու կյանքում նույնիսկ այն ժամանակ,
երբ նա նույնիսկ չի գիտակցում Աստծո մասին: