Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Սուրբ Սահակ Պարթև թարգմանիչ հայրապետների պանծալի հիշատակը:
Շնորհավորում եմ Մեսրոպ և Սահակ անուն, ազգանունը կրող բոլոր հայորդիներին իրենց անվանակոչության օրվա առթիվ:
Թող Սուրբերի նախանձախնդիր հոգիները բարեխոս լինեն Աստծու մոտ յուրաքանչյուրիս
համար հավատարմորեն պահելու և պահպանելու այն, ինչ ստեղծել են մեր
Սուրբ Հայրապետներ` ՄեսրոպՄաշտոցն ու Սահակ Պարթևը:
Ամեն անգամ երբ մենք խոսում ենք մեր մայրենի լեզվով, փառք տանք Աստծուն,
որ դարձյալ ժպտաց մեզ Մեսրոպյան ոսկե դարաշրջանում և մենք Աստծու հետ խոսում ենք մեր լեզվով:
Հայ ազգը երեք կարևորագույն փաստ ունի Աստծուն հավերժ գոհություն հայտնելու համար:
Երկու առաքյալների քրիստոնեության քարոզը Հայաստանում, Սուրբ Գրիգոր Լուսավորչի առաքելությունը
Հայաստան աշխարհը քրիստոնյա երկիր դարձնելու և մեր Սուրբ Սահակ Մեսրոպյան ոսկե դարի համար:
Այս մեծ պարգևի համար, որ Աստված շնորհեց մեզ, երախտապարտ լինենք մեր կյանքով և սիրով փոխանցենք մեր սերունդներին…
Գոհություն, աղոթք և խոնարհում, հարգանք և պատիվ, երախտագիտություն և մեծարանք մեր սուրբ հայրերի`
սուրբ թարգմանիչ հայրապետների անմահ և խնկելի հիշատակին: Ձեր շնորհիվ մենք այսօր մեր լեզվով ենք խոսում մեր Աստծու հետ:
Ավանդությունն ասում է…
Այն տան վրա, որտեղ Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ավանդեց հոգին, խաչակերպ
լույս էր շողում, որը տեսնելով՝ շատ անհավատներ դարձի եկան ու մկրտվեցին:
Նույն լուսեղեն խաչը, ի տես ողջ ժողովրդի, ուղեկցում էր նրան իր դագաղի
վրա՝ մինչև երանելուն հանձնեցին հողին:
Հանուն Սուրբ Սահակ և Մեսրոպ թարգմանիչների, հայրերի և նրանց աշակերտների բարեխոսութեամբ ողորմի՛ր մեզ,
Տէ՛ր, քանզի նրանք, Քեզանից շնորհներ ստացան և Քո անուան զորութեամբ ստեղծեցին հայոց գրերը, այժմ ևս
Քո յաղթող զօրութիւնը տուր մեզ Տէ՛ր, որպեսզի անաղարտ պահենք մեր գրերը և մեր լեզվով հավերժ փառավորենք Քո Սուրբ Անունը: