Իրոք, հարցը մեծ է, եղբայրներ, և դրան մոտեցեք զգուշությամբ: Ձեզնից յուրաքանչյուրը պիտի ներկայանա Աստծու առաջ, հրեշտակների բյուրավոր զորքի առաջ: Սուրբ Հոգին պետք է կնքի ձեր հոգիները: Դուք պիտի զինվորագրվեք մեծ թագավորին: Ուրեմն, պատրաստվեք, ձեզ կարգի բերեք` ոչ թե լուսապայծառ զգեստներ հագնելով, այլ հոգու գիտակցված երկյուղածությամբ: Մկրտությունը մի՛ համարիր պարզ լոգանք, այլ ջրի հետ քեզ մատուցվող հոգևոր Շնորհ: Ուրեմն, քանի որ մարդը երկակի է, այսինքն` բաղկացած է մարմնից և հոգուց, պետք է այդ երկուսն էլ մաքրվեն: Անմարմինը` անմարմնով և մարմնավորը` մարմնավորով: Ջուրը մաքրում է մարմինը, իսկ Սուրբ Հոգին կնքում է հոգին: Որպեսզի Սուրբ Հոգով ցողված սրտով և մաքուր ջրով լվացված մարմնով մոտենանք Աստծուն: Իսկ այժմ,երբ դու պիտի սուզվես մկրտության ջրի մեջ, այդ ջուրը մի համարիր սովորական, այլ Սուրբ Հոգու ներգործությամբ ընդունիր քո փրկությունը: Քանզի առանց այս երկուսի, անկարելի է, որ դու կատարյալ լինես: Այս ասողը ես չեմ, այլ Տեր Հիսուս Քրիստոսը, Ով իշխանություն ունի Մկրտության հարցում: Նա ասում է. «Եթե մարդ չծնվի ջրից և Սուրբ Հոգուց, չի կարող մտնել Աստծու արքայություն» (Հովհ. 3: 5):
Մկրտվելով Հիսուս սրբացրեց Մկրտությունը: Եթե Աստվածորդին մկրտվեց, ապա ո՞վ իրեն կհամարի բարեպաշտ, եթե արհամարհում է Մկրտությունը: Նա մկրտվեց ոչ թե Իր մեղքերին թողություն ստանալու համար – քանզի նա անմեղսունակ էր – այլ, անմեղ լինելով, մկրտվեց, որպեսզի մկրտվողներին պարգևի աստվածային շնորհք և աստվածային արժեք: Որովհետև այն, ինչ կատարվեց Տիրոջ մարդեղությամբ, կատարվեց նաև մկրտությամբ: Այսինքն, ինչպես որ Նա ընդունեց մարդկային բնությունը, քանի որ մենք, իբրև մարդ, քայքայվող մսից ենք, Նա ևս, հաղորդվելով մեր մարդկային բնությանը, մեզ հնարավորություն տվեց մասնակից դառնալու Իր Աստվածային Շնորհին, այդ պատճառով էլ Հիսուս մկրտվեց:
Կյուրեղ Երուսաղեմացի <<Կոչումն ընծայության>>