Լույսը բացվեց առավոտյան, մենք տեսանք միայն այդքանը և ոչ ավելին,
իսկ թե ինչպես կվերջանա, լուր չունենք: Ուրախություն կբերի մեզ, թե տխրություն, դա ծածկված է մեզնից: Ուրեմն օրը սկսենք Աստծո հետ, որպեսզի մեզ հետ պատահելիք բաները` լավ թե վատ Աստծո հետ դիմավորենք: Մենք նույնիսկ չգիտենք օրվա ընթացքում ում հետ որ հանդիպում, կամ բարևում կամ չենք բարևում ու անցնում ենք, ինչ նպատակ ուներ: Չէ որ կյանքում ոչ մի գործողություն առանց նպատակ չի լինում, միշտ հետո ենք հասկանում, թե որը ինչից հետո է, և որը ինչ համար եղավ: Այդ պարզ պատճառով էլ կարիք կա ամեն օրվա ավարտին գոհություն հայտնել Աստծուն, որ մի օր էլ ապրեցինք: Իսկ թե ինչպես կատարեցինք մեր օրվա առաջադրանքը` յուրաքանչյուրիս է հայտնի, իսկ մեզնից առաջ հայտնի է Աստծուն:
Մենք սիրում ենք, որ հոգևորականը ունենա հոգևոր նկարագիր, ժուժկալ կենցաղավարություն, բարոյական վարք, հզոր քարոզ,անկեղծ շփում ժողովրդի հետ: Շիտակ է մեր պահանջը, որը հաստատում է նաև Աստվածաշունչը բազում համարներով: Սակայն Աստվածաշունչը ունի նաև բազում համարներ և գլուխներ, որտեղ մեր Տերը հավանություն է տալիս, գովում է, և երբեմն էլ զարմանում է պարզ մարդու ունեցած առաքինությունների վրա: Օրինակ` մեր Տերը զարմացավ Նաթանայելի աննենգ սրտի վրա, գովաբանեց անիրավ տնտեսի հմտությունը, Իմաստուն կույսերի լավագույն օրինակը տվեց, գովեց բարի սամարացուն, պարարտ հողի մասին առակով խոսեց սերմնացանի առակում, փրկություն համարեց հարուստի դրամների բաժանումը, մեծահարուստ
երիտասարդի օրինապահության վրա ուրախացավ, անառակ որդուն գովեց, որը դարձի եկավ և այլն…
Սակայն Թովմասին ահա ասաց, անհավատ մի եղիր, Պետրոսին ջրի վրա ասաց
ինչո՞ւ երկմտեցիր, անմիտ մեծահարուստին է ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ Անպտուղ թզենի անվանեց չապաշխարողներին ու չզղջացողներին, և նեղ դուռը
մեզ ցույց տվեց մեր Տերը: Ամենակարևորը չմոռանանք, որ ավազակն արժանացավ դրախտին իր շիտակ զղջման և արժանի պատիժ կրելու իր վճռական համոզումի համար: Այնպես որ մեր Տերը միայն չուսուցանեց ու անտարբեր մնաց, այլ ակնկալեց, որ ուսուցանածը պտուղ տա մեկին երեսուն, վաթսուն և հարյուր… և ասաց ով ականջ ունի լսելու թող լսի… Տասը բորոտներից իննին էր ման գալիս, որոնք չվերադարձան մաքրվելուց հետո: Մեծ է մեր անելիքը մեր և մեր զավակների հոգևոր դաստիարակության հարցում: Որպես երկրի քաղաքացի մենք ունենք աշխարհիկ պարտականություններ, սակայն բոլորիս բաղձանքն է երկնքի քաղաքացիությունը, հետևաբար ունենք նաև հոգևոր պարտականություններ: Աստված մեզ ուժ կարողություն տան հասնելու ավազակի գիտակցությանը, պարարտ հողի վիճակին:
Մեր բոլոր խանդավառությունները թող չնմանվեն ժայռի վրա ընկած սերմին, որ արմատ չունենալու պատճառով չորանան… Խաղաղ կիրակի բոլորիս: