Կույսերի հիշատակը Հայ Եկեղեցին նշում է Ս. Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:
Շնորհավորում եմ Նունե և Մանե անունը կրող հայուհիներին, իրենց անվանակոչության օրվա առթիվ:
Թող նրանք ապրեն ու գործեն սրբերի բարեխոսությամբ, նրանց սերն ու նախանձախնդրությունը ունենալով իրենց
կյանքից ներս, Քրիստոսի աղախիններ կոչվելու արժանավորությամբ: Մեզնից չի պահանջվում ճգնել, կամ մի ողջ արքունիք դարձի բերել, այլ հետևել սեփական անձի հոգևոր կրթությանը և դաստիարակությանը, որպեսզի մեր օրինակով մեր զավակները ամուր հավատքի և արդարության վրա կառուցեն իրենց կյանքը:
Սրբուհի Նունեն Հռիփսիմյան կույսերից էր: Հայաստան հասնելով՝ Վարագա լեռան մոտ Սուրբ Հոգու ազդմամբ նա առանձնանում է խմբից և մեկնում Վիրք, որտեղ Մծխեթա քաղաքի մոտ ճգնավորական կյանք է վարում: Շուտով նրա սրբության և հրաշագործությունների համբավը հասնում է վրաց արքունիք, և նրան հրավիրում են բժշկելու Միհրան արքայի հիվանդ զավակներին: Բժշկության և դրան հաջորդող այլ հրաշքների շնորհիվ վրաց արքունիքը դարձի է գալիս, և թագավորի հրամանով Քրիստոսը ամբողջ Վիրքում ճանաչվում է իբրև բարձրյալ Աստծո Որդի: Թագավորի աջակցությամբ Նունեն հաջողությամբ պայքարում է հեթանոսության դեմ, քանդել է տալիս Արամազդի արձանը և փոխարենը կանգնեցնում Քրիստոսի խաչի նշանը, որի վրա, ի տես ողջ ժողովրդի, պայծառ խաչաձև լույս է իջնում: Արդյունքում բոլորը դարձի են գալիս, և շուտով Հայաստանից առաքված հոգևորականների միջոցով Կուր գետում համաժողովրդական մկրտություն է կատարվում: Վրաց մյուս գավառներում քարոզելուց հետո ս. Նունեն վախճանվում է փառքի և խաղաղության մեջ, և նրա գերեզմանը ուխտավայր է դառնում:
Հռիփսիմյան կույսերի թվում մարտիրոսությունից խուսափած մյուս սրբուհին է Մանեն: Նա էլ, Նունեի պես, չի հասնում Վաղարշապատ, այլ ճանապարհին բաժանվելով խմբից՝ Սուրբ Հոգու ներշնչմամբ առանձնանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռան մի քարայրում: Երկար տարիներ այստեղ ճգնելուց հետո վերին նախասահմանությամբ նա արժանանում է իր հոգին ավանդելու ս. Գրիգոր Լուսավորչի հարևանությամբ և թաղվելու նրա իսկ ձեռքով: Ավանդության համաձայն՝ երբ ս. Գրիգորը Մեծ Հայքում իր առաքելությունը կատարելուց հետո գալիս է այս կողմերը՝ ճգնելու, ձայնում է Մանեին, իսկ վերջինս քարայրից պատասխանում է, որ նա 3 օր սպասի: 3 օր անց ս. Գրիգորը գտնում է կույսին վախճանված և աղոթքով ու օրհնությամբ նրան հողին է հանձնում: Մանեի քարայրը, կամ ինչպես ընդունված է անվանել՝ Մանյա այրը, ս. Գրիգոր Լուսավորչի վերջին ճգնավայրն է դառնում:
Աղբյուրը`դարձյալ Սրբազան Ավանդություն կայք
http://