Տեսե՛ք, թե ինչպե՞ս պետք է դաստիարակել երեխային մկրտությունից հետո:
«Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում»։ Հռոմ. 8:9
Առաքյալն ասում է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա Նրանը չէ: Պարզ, կտրական վճիռ է այս. առավել ևս մի հիմնական օրենք, որ առանց Քրիստոսի, չի կարելի քրիստոնյա լինել, ինչպես զուր ճգնում են համոզել մեր ժամանակում ոմանք, որոնք ֆիզիկական աշխարհի սակավ ինչ գիտությամբ հպարտացած ըմբոստացած են. փոխանակ հեզ ու խոնարհ հոգով կրելու Քրիստոսի քաղցր և թեթև լուծը: Նրանք, և ոչ ոք, բացարձակապես չեն կարող, և այդ արդեն անհնարին է ուրանալ, որ մարդկության բարգավաճման մղիչ ուժը քրիստոնեական սկզբունքներն են, որ քրիստոնեությանն է պարտական եվրոպական քաղաքակրթությունը և որ մարդկության ապագա բարօրության համար հոգացող առաջնորդները իրենց գաղափարները ձեռք են բերել քրիստոնեական դաստիարակության ազդեցության և նրա սկզբունքներից: Այդ քրիստոնեական դաստիարակության ազդեցության թուլանալուց էր, որ մենք այժմ տուժում ենք ժամանակիս խստասրտությունից և անարդարությունից, թեև դեռ շատ շատ են ռազմիկ քաջամարտիկ գնդերը, որոնք ապրում են քրիստոնեական վարդապետության բարձր իդեալների համաձայն: Դրա համար պարտք կա յուրաքանչյուր հավատացյալի վրա, ոչ միայն գոհ լինել նրանով, որ ինքը հաստատ և ճշմարտապես Քրիստոսինն է, այլև անտարբեր չլինել այն մարդկանց նկատմամբ իր շրջապատում, որոնք մոլորված`հին հեթանոսների նման և փարիսեցիաբար ասում են, մենք խղճի օրենքով և գիտության ցուցմունքով ենք ապրում: Պարտք է ամենքի համար` այդպիսիներին մոտեցնել դեպի Սուրբ ավետարանը, դեպի Քրիստոս Աստծու հավատը, մանավանդ այդ մասով ուշադրություն դարձնել մատաղ սերնդի վրա:
Պարզ է, որ Քրիստոսի հոգին պիտի գոյավորություն ստանա մեր մեջ, ոչ թե լոկ անվանապես, այլ էապես և գործնականապեսերեխային երեք անգամ ընկղմելով ջրի մեջ Սուրբ Երրորդության անունով, ձևական մկրտությունը կատարելով, և մեռոնով դրոշմելով նրան, նա դեռ չստացավ Քրիստոսի հոգին: Ոչ մի դժվարություն չկա հասկանալու համար, որ անխոս, անգիտակից նորածին Հիշյալ արարողությունները միայն մի նշանադրություն էին և մի պայմանավոր պատասխանատու պարտականություն, հանձնառության առհավատչյա քահանայի, ծնողների և կնքահոր համար, որ նրանք Քրիստոսի հոգին տակավ առ տակավ մտցնեին նորածնի մեջ, ամրապնդեին, հաստատեին այնտեղ, որ նա պատկաներ միայն Քրիստոսին, միայն համակվեր Քրիստոսով: Այդ նպատակին չի կարող հասցնել ոչ մի արտաքին ծիսակատարություն և ձևականություն, որովհետև դրանք այս խնդրում առավելը միայն մի նշան թող լինեն, կամ օժանդակիչ միջոց: Բուն քրիստոնեական հոգին ստացվում է միայն դաստիարակությամբ և կրթությամբ, որ սկսվում է օրորոցից մինչև մկրտվածի արբուն հասակի կատարյալ գիտակցության հասնելը և ապա շարունակվում է ինքնուրույնաբար: Երեխայի ծնողները և դաստիարակները իրենց գուրգուրանքով և գթոտ վերաբերմունքով պիտի զարգացնեն նրա մեջ սեր, որ է քրիստոնեության հիմքը, սերը առաջացնում է սեր, սիրով կյանքի ամեն կնճիռները լուծվում են, երեխան պիտի մեծանա սիրո մթնոլորտի մեջ, միջավայրը պիտի շրջապատի նրան ջերմ գուրգուրանքով: Այստեղ, իհարկե, ավելորդ չէ, այլ անհրաժեշտ է հիշել, որ միայն Քրիստոսի հոգին ունեցողը կարող է ներշնչել իր սանիկին և նրա մեջ կրթել նրան, սա է հիմնական սկզբունքը այս խնդրի` Մկրտության խորհրդի մեջ:
Քրիստոնեական կրթությունը և դաստիարակությունը մանուկի հասակի համեմատ պիտի սկսվի ձևավորից, որ կրում է իր մեջ հոգևորի կամ վերացականի սաղմերը ու հետզհետե պիտի անցնի գաղափարականին: Նորածին մանուկի լանջից կախել խաչիկ, նրա օրորոցի վրա խաչակնքել քնեցնելիս, լողացնելիս ջուրն ածելիս ասել Հիսուս Քրիստոս, նրա թաթիկներով նրա երեսին խաչակնքել և այլն, գեղեցիկ սովորություններ են: Երբ նրա լեզուն բացվում է, առաջինը պետք է սովորեցնել նրան <<Հանուն Հոր>> ասելը և երեսը խաչակնքելը: Երբ նրա ոտքերը ամրանան, ու նա քաջաբար քայլի, պիտի տատիկի կամ մայրիկի հետ եկեղեցի գնա: Չորս, հինգ տարեկան նա պիտի հոգևոր խոսքեր լսի, սուրբ խոսքերին և բառերին պետք է վարժվի, Հայր մեր և փոքրիկ աղոթքներ անգիր սովորի, մեր բարեպաշտ նախնիները այդպես էին անում, այդպես էլ պիտի շարունակել, երբ երեխան սկսի դպրոց հաճախել, նրա գրքերի, պայուսակի վրա պետք է խաչի նշան կարել, ինչպես որ մինչև հիմա շատ գյուղերում շատ հոգածու մայրիկներ անում եմ: մյուս կողմից դեռ շատ վաղ, մանուկ հասակից, պետք է երեխային վարժեցնել գործնական կերպով ընդունելու Քրիստոսի հոգին` սեր, գութ, ողորմածություն, հեզություն, և խոնարհություն, դրա համար բազմաթիվ առիթներ կան առօրյա կյանքի մեջ,երբ նրա մատղաշ սրտում կարելի է անջնջելի դրոշմել ամեն տեսակ առաքինությունը: Օրինակ սովորեցնել նրան իր մրգից, կամ մի համեղ պատառից բաժին տալ, կամ բոլորովին նվիրել մի ընկերի, կարոտի, հիվանդի, աղքատի, ներել և շուտ հաշտվել իրեն զարկող կամ որևէ կերպ նեղացնող, վշտացնող վիրավորող ընկերին: Սովորեցնել քաղցր վարվել և կերակրել փիսոյին, շնիկին, թռչնակներին. տանել ողորմություն տալ աղքատին. մեծերի հետ այցի գնալ չքավորների մոտ օգնություն տանելիս և հիվանդների մոտ նույնպես օգնելու կամ սփոփելու և այլն: Պատմել երեխաներին առաքինական, քրիստոնեական փոքրիկ զրույցներ, գնալ ուխտատեղեր, եկեղեցական հանդեսներին, մասնակցել երգչախմբերի խմբերին,և այլն: Այսպես դաստիարակելով, մանուկը երբ հասնի պատանեկական տարիքին, արդեն նա լավ նախապատրաստված պիտի լինի իր հոգևոր քաղցը հագեցնելու բուն քրիստոնեական աղբյուրի հավիտենական ակից, այն է Սուրբ ավետարանից, որ բովանդակ Քրիստոսի հոգին է:
Յուրաքանչյուր գրագետ պիտի իր համար կենսական պահանջ դարձրած լինի մինչև իր վերջին շունչը կարդալ Սուրբ Գիրքը և խոկալ, այլև կարդալ ուրիշների համար, այլև հորդորել ուրիշներին նույնն անել, կարդալ ընտանիքներում, դասարաններում, խմբված մարդկանց մեջ, մեկնել, բացատրել: Աշխատել սուրբ Գիրքը տարածել վաճառելով, նվիրելով, հորդորելով գնել տալ և այլն: Ամեն քրիստոնյա ամեն վիճակում պարտավոր է քրիստոնեության քարոզիչ լինել իր Օվսաննային, պարտավոր է իր քրիստոնեական հոգին ներշնչել, հաղորդել, հաստատել և ուրիշների մեջ: Ապա որչափ ծանր ու պատասխանատու է քրիստոնեական պաշտոնակատարների պարտքը, այսինքն ուսուցիչների, քահանաների, վարդապետների, առաջնորդների և կաթողիկոսի. չէ որ դրանց կոչումն է Քրիստոսի հոգին ընձեռել հոտին հարատև և կանոնավոր քարոզությամբ, ընդհանրական թղթերով, Սուրբ Գիրքն աշխարհաբար վերածելով և բյուրավոր օրինակներ տպել տարածելով: Սուրբ Գրքի անընդհատ ընթերցանության հակումը, սերը, ունակությունն ուղ և ծուծ, արյուն պիտի դառնա յուրաքանչյուր անհատի համար: Բավական չէ այն ծանոթությունը, որ աշակերտները ստանում են դպրոցում սրբազան պատմության դասերից, այլ անհրաժեշտ է բուն բնագրից` Աստվածաշունչից ամեն օր մի փոքրիկ կտոր կարդալ աշակերտներին կամ նրանցից մեկին կարդալ տալ, մյուսները ունկնդրեն: Սուրբ Գրքի շնորհքը, զորությունը անհուն է, նա իր պետք եղած տպավորությունը կանի, միայն թե նրան լսեն, կարդան: Յուրաքանչյուր տան ընտանիքում պիտի գտնվի Սուրբ Գիրք և անպատճառ ամեն օր նրանից մի գլուխ պիտի կարդացվի ի լուր ամենի: Նույնը պիտի անեն քահանաները, քարոզիչները եկեղեցիներում, ուրիշ է քարոզի ազդեցությունը, ուրիշ է պարզ սուրբ Գրքի ընթերցանության տպավորությունը: Միմիայն այս միջոցներով կարելի Քրիստոսի հոգին հաստատել և ամրացնել հավատացյալի մեջ, անդադար սնուցելով մեր հոգին Սուրբ Գրքով, մենք կլինենք իսկական, ճշմարիտ քրիստոնյա, Քրիստոս, նրա հոգին կբկնակի մեր մեջ, մենք կլինենք Նրանը, Նա կլինի մերը, ամեն ցավ, վիշտ մեզ համար վախճան կստանա և մենք կլինենք երջանիկ:
Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան (Արարատ 1916)