Թեման արժանի է բոլորիս ուշադրությանը.
Եթե շնորհը միշտ արժանավորներին փնտրեր, ապա չէր լինի ո՛չ մկրտություն և ո՛չ էլ Սուրբ Հաղորդություն:
Նկատի ունենալով ժամանակակից հասարակության մեջ գոյություն ունեցող այս տեսակ մտայնությունը, ինչպես նաև անարժան քահանաների նկատմամբ այսպիսի անվստահ վերաբերմունքը և, վերջապես, հաշվի առնելով նրանց կողմից կատարվող խորհուրդների վավերականության հանդեպ առկա անվստահությունը` ձեռնամուխ կլինենք նշյալ խնդրի հնարավորինս ամբողջական և հիմնավոր քննությանն ու ուսումնասիրությանը:
Ի վերջո, Աստվածային շնորհը գործո՞ւմ է արդյոք Եկեղեցու անարժան հովիվների միջոցով:
«Այո՛, գործում է», – պատասխանում ենք մենք հաստատապես, համոզված կերպով, դույզնինչ չկասկածելով և չտատամսելով:
Եվ այդպես ենք մտածում հետևյալ պատճառով:
Նույնիսկ առաքյալները, մարգարեները, արդար այրերը, հին կտակարանյան նախահայրերը, նրանք էլ հեռու չէին մեղքից,
նրանք էլ երկմտեցին, սայթաքեցին, ուրացան Քրիստոսին` ժամանակ առ ժամանակ բռնվելով կրքերով և շատ ուրիշ թուլություններով ու մեղքերով:
Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացավ Քրիստոսին` իր Տիրոջը: Իսկ Սուրբ Պողոսը` շնորհի այդ ամենամաքուր անոթը, իր մասին ասում է.
«Որովհետև ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որ չեմ կամենում» (Հռոմ. 7:19):
Ուրեմն եթե հավատի սյուներն են ժամանակ առ ժամանակ տատամսել, եթե արդար մարդկանց հոգիներն են երբեմն փոթորկվել մեղավոր մտքերով,
կասկածներով, փոքրոգությամբ ու թուլություններով, մի՞թե հնարավոր է, որ թուլություններ և արատներ չլինեն ուղղափառ հովիվների սրտերում:
Չէ՞ որ նրանք հրեշտակներ չեն: Նրանք պարզ, սովորական մարդիկ են` մեղավոր հակումներին ենթակա այնքանով ու այն չափով, որքանով որ ենթակա
է ողջ մարդկությունն ընդհանրապես: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է նրանցից կատարյալ սրբություն և անթերի մաքրություն պահանջել:
Եթե հենց Իր` Քրիստոսի իսկ ընտրած առաքյալներից մեկը բացարձակ անարժան գտնվեց, ինչպես օրինակ` Հուդան, մյուսը` Քրիստոսին ուրացող,
իսկ երրորդը` «մեղքի գերի» (Հռոմ. 7:23), ապա զարմանալու ի՞նչ կա, որ տասնյակ հազարավոր ուղղափառ քահանաների մեջ երբեմն հանդիպում են
անարժան հովիվներ, ովքեր չեն համապատասխանում՛ոչ ավետարանական ուսմունքի ոգուն, ո՛չ էլ առաքելական պատգամների պահանջներին:
Այսպես էր ասում մի պատկառելի հովիվ` ալեհեր, բազմամյա փորձառությամբ իմաստնացած և Աստծո խորիմաստ խոսքով լուսավորված:
Նրա խոսքը սահուն էր, և բոլորը շունչները պահած, ուշադիր լսում էին նրան: Քահանան ասում էր. –
«Մարդն ինքը մենակ, առանց վերին շնորհաբաշխ օգնության, չի կարող առ Աստված բարձրանալ:
Մարդու մեջ դրա համար անհրաժեշտ ուժեր կան, սակայն դրանք բացահայտված չեն և ինքնուրույն բացահայտվել չեն կարող:
Մարդու հոգին ցորենի հատիկ է: Նրա մեջ կենարար ուժ կա, որպեսզի աճի, բայց հնարավոր է, որ այդ ուժը երբեք էլ ի հայտ չգա:
Աճելու համար ցորենին անհրաժեշտ է պարարտ հող, խոնավություն, արևի լույս ու ջերմություն: Եթե ցորենի հատիկն այդ ամենը չգտնի`
պտուղ չի տա, ի հայտ չի բերի թաքնված կենարար ուժը, անշարժ ընկած կմնա և, հնարավոր է, որ փտի:
Բնության բարենպաստ ուժերը գոյություն ունեն, դրանք միշտ պատրաստ են ծառայելու ցորենի հատիկին, բայց քանի դեռ ցորենի հատիկը ենթակա չէ այդ
ուժերի ազդեցության, այն չի կարող ապրել, այն միայն գոյություն ունի որպես մի մեռած, անկենդան մի բան»:
Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, այդ մեծ սխրագործը, սուր մտքի տեր և սուրբ կյանքով ապրած մի մարդ,
իր հակառակորդներին այսպես էր պատասխանում առաջադրված հարցի կապակցությամբ.
«Այսպես դատի՛ր: Դու երկու մատանի ունես, մեկը` ոսկյա, իսկ մյուսը` երկաթյա, և երկուսի վրա էլ փորագրված է միևնույն թագավորական կնիքը,
և երկուսով էլ դու կնքել ես մեղրամոմը: Ինչո՞վ է մեկ կնիքը տարբերվում մյուսից: Ոչնչով: Ճանաչիր կնիքի` մեղրամոմի վրա թողած դրոշմը, և եթե
դու իմաստուն ես մյուսներից, ուրեմն ասա` ո՞ր մատանունն է` ոսկյա՞, թե երկաթյա: Քանզի չնայած որ նյութը տարբեր է, սակայն դրոշմների միջև
տարբերություն չկա: Թող այդպես էլ քեզ մկրտողն ու խոստովանեցնողը լինի ցանկացած քահանա, քանզի չնայած մեկը մյուսին գերազանցում է իր կյանքով,
սակայն մկրտության, (հավասարապես և մյուս խորհուրդների) ուժը միևնույնն է, ուստի քեզ դեպի կատարելություն կարող է առաջնորդել միևնույն հավատքով
դաստիարկված ցանկացած քահանա»:
Մի ուրիշ տեղում էլ Ոսկեբերան հայրապետն ասում է.
«Կայենի հետ Աստված խոսում էր հանուն Աբելի, սատանայի հետ` հանուն Հոբի, Փարավոնի հետ` հանուն Հովսեփի, Նաբուգոդոնոսորի հետ` հանուն
Դանիելի, հայտնություն ստացան նաև մոգերը: Պատահում է, որ իշխանավորները լինում են չար և անզուսպ, իսկ ենթակաները` բարի և զուսպ:
Աշխարհականներն ապրում են առաքինի կյանքով, իսկ հոգևորականները`արատավոր: Եվ եթե շնորհը միշտ արժանավորներին փնտրեր,
ապա չէր լինի ո՛չ մկրտություն և ո՛չ էլ Սուրբ Հաղորդություն: Բայց այժմ Աստված գործում է նաև անարժանների միջոցով, և մկրտության շնորհն ամենևին էլ չի տուժում
քահանայի վատ կյանքից, որը կկանգնի Աստծո Ահեղ դատաստանի առաջ, և Տերն Ինքը կդատի նրան` ըստ նրա գործերի:
Սա ասում եմ, որպեսզի առաջիկայում որևէ մեկը, հետևելով քահանայի կյանքին, չկասկածի նրա կատարած խորհուրդների վավերականությանը:
Մարդն իր կողմից ոչ մի բան չի դնում դրանց մեջ, այլ ամեն ինչ Աստվածային զորության արդյունքն է: Նա մեզ վրա ազդում է Սուրբ Խորհուրդներով:
Սուրբ Հովհան Ոսկեբերանի տվյալ միտքն ավելի ուժգին և ցայտուն է արտահայտված նաև հետևյալ խոսքերի մեջ.
«Քեզ ի՞նչ է վերաբերում, թե քահանան պիղծ է և չար: Իսկ եթե արդարն ու առաքինին է քեզ համար Աստծուն աղոթում, ի՞նչ օգուտ, երբ դու ինքդ չար
ես: Այնպես էլ քեզ անմաքուր քահանան չի վնասի, եթե դու ինքդ հավատարիմ ես Աստծուն և հաճելի ես Նրան, քանզի ամեն շնորհ Աստծուց է:
Քահանան միայն շուրթերն է բացում, իսկ ամեն ինչ ասում է Աստված»:
«Հովվի տկարություններն ու աստվածային շնորհը» գրքից