Թուղթ քահանաների
Թուղթ քահանաների՝ ժողովրդի վրա տեսուչ լինելու մասին Ես լեցուն եմ անթիվ հանցանքներով, ունայն եմ առաքինի վարքից եւ զուրկ բարի գործերից ու արդարությունից, մեղքերիս վրա ամեն ժամ մեղքեր եմ ավելացնում, որն էլ չարաչար սպանում է ինձ։ Եւ ո՞վ է այն մարդը, որ բազում հանցանքներով խավարած եւ անօրեն ու խավար վարք ունենալով՝ կհանդգնի լուսավորել, եւ կամ մեղքերից հիվանդացած լինելով կկարողանա առողջացնել ուրիշներին։ Մեղքերով ծանրացածների համար մեծ հանդգնություն է ուրիշներին թեթեւացնել համարձակվելը, խելքը թռցրածների համար՝ ուրիշներին ուսուցիչ լինել ախորժելը. ինչպե՞ս կարող է անօրենությամբ հիմարացածը ուրիշների առաջնորդ լինել։
Բայց քանի որ աստվածային սերը հնարավոր է դարձնում նաեւ անհնարինը, փրկության համար համարձակվում եւ լսողների շահի ու օգուտի համար ջանում է մտնել նեղ ու նուրբ ծերպերի միջով, նայել աստվածային այն խոսքի զորությանը, որ ասում է` «Գնա դարձի՛ բեր քո եղբորը, որպեսզի քավվեն քո մեղքերը» (Հակ.5:19) որովհետեւ նա, ով ջանում է դարձի բերել մոլորված հոգին, հեռացնում է իր մեղքերի բազմությունը։
Եւ Աստծու բերան պիտի կոչվի Նա, ով պատվականը հեռացնում է անարգից։ Որովհետեւ մեծ շահ եւ օգուտ է, խիստ կարեւոր է ընկերների փրկության համար ջանք թափելն ու խնդրելը։ Եւ արդ, հոտերի հովիվնե՛ր եւ Եկեղեցու առաջնորդնե՛ր, տեսնում եք սատանային բարձրացած, իսկ Քրիստոսին անարգված, Եկեղեցու փարախն արհամարհված եւ գայլերին հետեւող դարձած, եւ այդ հոտի հովիվներդ լռում եք, չեք գործում եւ բոլոր ականջներին անդադար չեք հնչեցնում պատվիրանների հրամանները։
Զորքդ թշնամիների մեջ վտանգվում է, իսկ դու՝ զորավարդ, պառկած ննջում ես. նավդ տարուբերվում է ալեկոծվող ալիքների մեջ, իսկ դու՝ նավապետդ, անհոգ նստած ես. գազանները մտել են այգիդ եւ ապականում են այն, իսկ դու՝ այգեգործդ, հարաժամ տեսնում եւ անտեսում ես այդ: Գողերը, ներս մտած, փորում են պատերի չորս կողմը, իսկ դու՝ պահապանդ, քնած խռմփացնում ես, ժողովուրդդ ծանր վիրավորված է, իսկ դու՝ բժիշկդ, նրա մեջ չես. ոչխարներդ, գայլերից հոշոտվելով, ցրվում են խորխորատների մեջ եւ ցած են գլորվում զառիթափերից, գայլերն ու գազաններն անխնա կոտորում, գիշատիչ թռչունները պատառոտում են նրանց, եւ նրանք ցրված են մնում, իսկ դուք՝ հովիվներդ, չեք երեւում։
Չե՞ք զարհուրում ահեղ Հովվապետից, ով ասում է. «Պիտի դատեմ ոչխար առ ոչխար, խոյ առ խոյ» (Եզեկ. 34:17), ով մարգարեների միջոցով ամբաստանում է քահանաներին՝ ասելով. «Քահանաներն անարգեցին իմ օրենքներն ու պղծեցին իմ սրբությունները, որովհետեւ չտարբերեցին սուրբը պիղծից եւ չջոկեցին արատավորներին անարատներից» (Եզեկ.22: 26) այլ` «Կաթն ուտում են, բուրդը հագնում, բայց իմ հոտերին չեն արածեցնում, տկարացածին չեն զորացնում, հիվանդացածին չեն բժշկում» (Եզեկ.34:3) «Հովիվ եք եւ ձեր անձերն եք պարարտացնում եւ ո՛չ ոչխարներին» եւ՝ «Պիտի շաղ տամ, ասում է, ձեր տոների աղտեղությունը ձեր երեսին» (Մաղ.2: 3): «Եւ արդ, կվերցնեմ ձեզ նրանց միջից և անեծքներ կուղարկեմ ձեզ վրա, կանիծեմ ձեր օրհնությունները, կնզովեմ ձեզ այն բանի փոխարեն, որ ձեր սրտում չդրեցիք` երկնչել ինձնից, և իմ երեսից չվախեցաք (Մաղ. 2:2):
Արդ, տե՛ս, որ Աստծու այսպիսի անեծքներն ու սպառնալիքներն են կախված ծուլացող քահանաների վրա։ Վախեցի՛ր Աստծու սպառնալիքներից եւ մի՛ ծուլանա տեսուչ լինել հոգեւոր հոտիդ, այլ գիշեր եւ ցերեկ անդադար չարչարվի՛ր նրա փրկության եւ քո սրբության համար։
Հիշի՛ր՝ ինչպես էին ջանում Մովսեսը, Ահարոնը, Սամուելը, քանզի նրանք նույնպես նույն հոտի առաջնորդներ էին։ Հիշի՛ր Պետրոսի ու Պողոսի ճիգերը. նաեւ նրանք էին նույն հոտի առաջնորդներ։ Հիշի՛ր նրանց հետեւող սուրբերի ջանքերը, քանզի նրանք նույնպես նույն հոտի առաջնորդներ էին. նրանք հրով, սրով եւ զանազան չարչարանքներով չարչարվեցին [իրենց] հոտի վերակացության համար եւ Աստծո սիրո եւ իրենց հոտի ջերմագութ տեսչության համար ծեծվելով, բանտարկվելով եւ բազում կտտանքների ենթարկվելով՝ ելան այս աշխարհից։
Եւ դուք՝ բոլոր քահանաներդ եւ վարդապետներդ, հարկ է, որ նրանց նմանությամբ նույն գործը կատարեք, մանավանդ նրանք, ովքեր ինքնակամ ստացան վերակացու լինելու պատիվը որ գովելի է, եթե որպես իրենց ապրելու միջոց չիմացավ այն եւ զորացել են Սուրբ Հոգով՝ շատերի փրկության համար մտնելու մշակության գործի մեջ։ Քանզի գովելի է, երբ Աստծու առավել սիրո համար արժանավորներն ու պատվիրանապահներն են հոգեպես տեսչություն ցանկանում։ Ինչպես որ խեր Տերը Պետրոսին ասաց, թե՝ «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանց, արածեցրո՛ւ իմ ոչխարներին» (Հովհ.21:15),
իսկ Պողոսն ասում է. «Ով եպիսկոպոսության է ձգտում, ձգտում է բարի գործի, այլ ոչ թե չար» (Ա. Տիմ.3:1) եւ՝ «Մերոնք էլ թող սովորեն հետամուտ լինել բարի գործերի, կարեւոր պետքերի մեջ, որպեսզի անպտուղ չլինեն» (Տիտ.3:14) քանի որ այդ է բարի եւ մարդկանց պիտանի։ Քանզի ճառագայթներով լուսավորող արեգակից առավել մեծ է մեղքերի մոլորությունները հեռացնելը։ Ա՛յս է կարեւոր Աստծու համար եւ ավելին է, քան բոլոր առաքինությունները, սրա մասին է ասում, թե՝ «Երեցները թող արժանի լինեն կրկնակի պատվի, մանավանդ նրանք, ովքեր տքնում են՝ քարոզելով եւ ուսուցանելով» (Ա Տիմ. 5:17)
Արդարեւ, մեծ է քահանայության գործը եւ դադար չունի, եւ օգտակար է ուսուցման գործը. քահանան հոգիների բժիշկ է, Աստծու գործերի գործակից։ Աստված մարդուն ստեղծեց չարը կամ բարին Ընտրելու ազատ կամքով, իսկ քահանան, դեպի բարին ուղղելով մարդու կամքը՝ զարդարում է առաքինության գործերով։ Աստված ստեղծեց բնությունը, իսկ քահանան, Աստծուն ճանաչեցնելով, լուսավորում է մարդուն եւ հեռացնում սատանայական բոլոր խաբեություններից, հեռացնում, ցրում է մոլորության մեգն ու անգիտության խավարը եւ ծանոթացնում արարածների Արարչի, ամենայն բարիք Պարգեւողի, ծովն ու ցամաքը Լցնողի հետ, լուսավորում է ճշմարիտ հավատով, առաքինի եւ ուղիղ վարքով եւ դեպի առաքինություններն ու ուրախությունները առաջնորդում աստվածասերներին։ Այդ պատճառով էլ պատվվում են մեծ պատվով եւ պայծառանում լուսավոր պսակներով։