Թերահավատությունը մոլորեցնում և տխրեցնում է մարդուն.

Թերահավատությունը
մոլորեցնում  է մարդուն.

Յուրաքանչյուրի կյանքում կա մի դժվարություն, որը երբեմն
բեռ է լինում ողջ կյանքի ընթացքում: Մեկի համար դա աղքատությունն է,
մյուսի համար իր զավակների ամբարտավանությունը, երրորդի համար տնանկությունը,
աշխատանք չունենալը, անզավակությունը, հիվանդությունը
և այլն: Այս մարդիկ սովորաբար ապրում են մեր կողքին և մենք շատ հաճախ
ենք շփում նրանց հետ, լսում ենք նրանց տրտունջներն ու անհուսությունը:
Նրանք համարում են, որ այդ դժվարությույունները միայն իրենց է բաժին ընկել,
և որ ուրիշերը ապրում են անհոգ ու երջանիկ, իսկ իրենք դատապարտված են
մինչ մահ տանել իրենց «ճակատագրված» բեռը:

Ուրախությունը ստեղծում են դրամով

Երբեմն շփում ենք նաև ուրիշ խմբի մարդկանց հետ, որոնք նյութական խնդիրներ չունեն առհասարակ, ընդհակառակը ավելցուկ է ամեն ինչում: Բայց արի ու տես,
որ սրանք էլ ուրախ չեն սրտով: Իրենց արհեստական ուրախությունը ստեղծում են դրամով` խնջույքներ, տարեդարձներ, հանգստյան տներ, շքեղություններ և այլն: Այս ուրախությունը կարճ է տևում, քանի որ ինքնաբուխ չէ, այլ արհեստական: Առաջին խմբի մարդիկ հակված են մտածելու, որ, եթե իրենք նյութապես ապահովված լինեին, ապա ուրիշ հոգս չէին ունենա, և կապրեին ուրախ ու բախտավոր: Փաստորեն ունեցողն էլ ուրախ չէ, չունեցողն էլ ուրախ չէ, ուրեմն ուրախությունը ունենալու և չունենալու մեջ չէ, նյութականի բարելավման և աղքատության մեջ չէ, աշխատանք ունենալու և անգործության մեջ չէ: Ապա ո՞ւր է ուրախությունը, որ մարդիկ չեն գտնում:

Այս երկու խմբի մարդկանց խոսքերում էլ հաճախ է լսվում Աստծո անունը:
Բայց հստակ է, որ նրանց սրտում չի ապրում ուրախություն պարգևող,
խաղաղություն շռայլող, հուսահատություն վերացնող` Տեր Հիսուս Քրիստոս,
Որը ասում է. «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ,
եւ ես ձեզ կը հանգստացնեմ»։ Փաստորեն, մարդիկ կամ անտեղյակ են Աստծո խոսքից. միայն անունն են տալիս, կամ էլ տեղյակ են խոսքին, բայց չեն վստահում, չեն հավատում, չնայած որ հաճույքով լսում են: Հիմա հասկանում եմ, որ կյանքում ամենածանր բեռը, որ մարդուն կարող է խորտակել, ոչ թե իր ունենալն ու չունենալն է, այլ իր անհավատություը, թերահավատությունը, անվստահությունը Աստծու խոսքի բացարձակ ճշմարտության հանդեպ:

Ուզո՞ւմ ես երջանիկ լինել

Ուզո՞ւմ ես երջանիկ լինել, անշո՛ւշտ ուզում ես: Ուրեմն հրաժարվիր քեզնից: Դո՛ւ ես քո տխրության պատճառը: Մի՛ քիչ հպարտություն, մի՛ քիչ նախանձ, մի քիչ բարկություն, մի քիչ սուտ, մի քիչ կեղծիք, մի քիչ բամբասանք, քեզ դարձնում են դյուրագրգիռ, մեծամիտ, անհավատ, հուսահատ, և ամենավտանգավորը`թվացյալ անմեղ: Իսկ քեզնից կարող ես ազատվել
միայն քեզ հանձնելով Նրա՛ն, Որը սիրով կվերցնի քո դժվարությունները և
քո անձը կդարձնի դեպի քեզ, ու դու կտեսնես, որ քո բոլոր նեղությունների
պատճառը քո ներսո՛ւմ է: Քեզ կտա Իր լուծը, որը թեթև է և քաղցր.
և ցույց կտա դրա կրելու հեշտ ճանապարհներն ու միջոցները:
Քեզ պետք է ներքուստ փոխել, ներքուստ մաքրվել, որպեսզի այնտեղ Աստված
ապրի և կատարվի այն խոսքը, որ ասում է. «Երկնքի արքայությունը ներսում
ձեր մեջ է»: Ուրախ, երջանիկ, և խաղաղ է նա, որի սրտո՛ւմ է Հիսուս Քրիստոս և ո՛չ լեզվի վրա: Ահա ողջ ճշմարտությունը, որին չե՛նք հավատում,
դրա համար էլ ուրախ չենք: Իսկ ճշմարիտ քրիստոնյան նույն հոգեվիճակում է. լինի աղքատ, թե հարուստ, գործատու թե ծառայող, հիվանդ, թե առողջ, որովհետև գիտակից քրիստոնյան հավատում է, որ դեմ առ դեմ կանգնելու է Քրիստոսի առջև այս կարճ կյանքից անմիջապես հետո…

Armenian orthodox churchArmeense Apostolische kerk

Armeens-Apostolische kerk / Hay araqelqan