Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ.

Արդ, ինչո՞ւ ես տրտմում

Ես գիտեմ, որ անօրենները, ամբարիշտները չեն դիմանալու Դատաստանին, Աստված դատապարտելու է նրանց անպայման: Ես դա գիտեմ ոչ թե իմ շնորհիվ, այլ Աստվածաշնչի, որը գերագույն իշխանություն ունի իմ կյանքում, և հանդիսանում է կատարյալ օրինակ շտկվելու համար, նաև քանոն է իմ կյանքի շեղությունը տեսնելու համար: Աստված ինձ պարգևել է գտնել այդ ճշմարտությունը և ապրել խաղաղ` չխանգարելով, չվնասելով, վատ օրինակ չլինելով այլոց համար:

Ես այդ մարտահրավերը Աստծուց ընդունել եմ մեծագույն սիրով ու գիտակցությամբ, երկյուղելով, ոչ թե վախով: Գնահատելով Նրա զոհաբերությունը ինձ համար, ես գիտակցաբար հրաժարվել եմ բազում մեղքերից` առաջարկված սատանայից: Գիտեմ նաև սատանայի նպատակը` ինձ վնասելով` կործանել ինձ, ցավ պատճառելով Աստծուն:
Որովհետև այլ ճանապարհ չունի սատանան Աստծուն ցավ պատճառելու: Սակայն այս ամենը, որ գրեցի, ցավոք բոլորը չեն, որ ընդունել են որպես նպատակ, որոնց հետ ես դատապարտված եմ ապրել, աշխատել, հարևանություն անել, բարեկամություն անել, ինչու չէ նաև գտնվել նրանց իշխանության և ղեկավարության տակ:
Ոչ, ես մենակ չեմ, ինձ նման մտածողները շատ շատ են, բայց կրկնակի շատ են հակառակ մտածողները, որոնք գիտեն Աստծու անհերքելի գոյության մասին, Աստվածաշնչի բացարձակ ճշմարտության մասին, բայց ղեկավարվում են գայլային օրենքներով, ջայլամի քաղաքականությամբ, արջի ծառայությամբ և այլն… նորից եմ կրկնում իմ առաջին միտքը` որ անօրենները, ամբարիշտները չեն դիմանալու Դատաստանին (Առակաց), բայց նրանք այս կյանքում ինձ նմաններին խանգարում են խաղաղ և ներդաշնակ ապրել Աստծու հետ: Մենք անկախ մեր կամքից առնչվում ենք նրանց անտարբերության, ամբարտավանության, ամենաթողության վատ օրինակի և անօրեն վարքի հետ:

Ի՞նչ անենք:

Աղոթել պատրաստ եմ այն մարդու համար, որը ընկել է սատանայի փորձության մեջ և ձգտում է դուրս գալ, թեպետ ինձ վնասում է իր արարքը: Կարևորը իր ձգտումն է ազատվել մեղքից: Ես չեմ համարձակվում աղոթել մեկի համար որը գիտակցաբար դեմ է գնում Աստծուն և թաղված է մահացու մեղքերի մեջ: Ահա այսպիսի բաներից է ընդվզում հոգիս և չի գտնում պատասխան: Սիրով կլսեմ տեսակետներ: Ես չեմ ատում այդ մարդկանց, որովհետև գիտեմ, որ նրանց ագահության և հպարտության ցանկությունը իշխում է իրեն բանականությանը: Նրանք ուղղակի խոչնդոտում են խաղաղ մարդկանց ապրել Աստծո ներկայության մեջ, որովհետև երբեմն խաղաղ մարդն էլ դուրս է գալիս իր խաղաղությունից:

Իսկ Աստծու Օրենսգրքում` Աստվածաշնչում գրված է.
«Եթէ մէկը տեսնի, որ իր եղբայրը գործել է մի մեղք, որ մահացու չէ, թող խնդրի, եւ Աստուած մահացու մեղք չգործողին կեանք կը շնորհի.
մեղք կայ, որ մահացու է. դրա՛ մասին չեմ ասում, որ խնդրես։
Ամենայն անիրաւութիւն մեղք է. բայց մեղք կայ, որ մահացու է»։ Ա. Հովհ.5:16

Բայց գթառա ՜տ է մեր Ողորմած Տերը,
Ու չի անտեսում ստեղծվածի դերը…
Միայն թե մարդը ողբա ՜ ծնկաչոք…
Ու խոստովանի, որ կո ՜ւյր է մտոք…
Ավազակի պես ներում ստանա,
Ու Տիրոջ գրկում լուռ հանգստանա:
——————————————

The Armenian church – armeense kerk
Հայ առաքելական եկեղեցի